9 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Բանակից խուսափած անձանց հարցի լուծումը համաներումն է, իսկ նոր նախագծի ընդունմամբ, հնարավոր է, քաղաքացիներին զրկենք հայրենիքի հետ կապից. իրավապաշտպան
Այլ Լուրեր

Բանակից խուսափած անձանց հարցի լուծումը համաներումն է, իսկ նոր նախագծի ընդունմամբ, հնարավոր է, քաղաքացիներին զրկենք հայրենիքի հետ կապից. իրավապաշտպան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Մխիթար Հայրապետյանը և ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրենսդրական նախաձեռնությամբ են հանդես եկել՝ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած և հետախուզման մեջ գտնվող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու համար։

Նախագծով նախատեսվում է զինվորական ծառայությունից խուսափած՝ 27 տարին լրացած անձին հնարավորություն տալ վերադառնալ հայրենիք և քրեական պատասխանատվությունից ազատվելու համար շարքային կազմի պայմանագրային զինվորական ծառայողի երկու տարվա աշխատավարձի և հավելավճարների չափով գումար վճարել: Իսկ եթե ծառայությունից խուսափած քաղաքացին ուզում է՝ իր գումարը հետ վերադարձնեն իրեն, ապա քրեական հետապնդումը դադարելուց հետո պետք է անցնի ծառայության, և այդ ընթացքում նրան հետ կվերադարձվի իր վճարած գումարը: Թեպետ նախագծի հեղինակների խոսքով այն քրեաիրավական հարց է լուծում, այնուամենայնիվ, շատ են այն համոզմունքները, որ այն ոչ թե խնդիր է լուծում, այլ բազմաթիվ խստացումներ է մտցնում:

NewArmenia.am-ի հետ զրույցում այս տեսակետը կիսեց նաև իրավապաշտպան Վարդան Հարությունյանը: Նրա խոսքով՝ եթե այս նախագիծը դառնա օրենք, սա չի լուծելու խնդիրը, որովհետև նախ գումարի թիվը շատ մեծ է, որը պետք է վճարվի քրեական հետապնդումը դադարեցվելու համար և երկրորդ` շատ խստացումներ է մտցնում:

«Մինչ այդ հնչել էին տարբեր հարթակներից առաջարկություններ, ես կարծում էի, որ պետք է հայտարարվի համաներում, կոնկրետ ժամկետ նշվի` ենթադրենք մինչև 2018թ. կամ մինչև 2020թ. օրինակ` բոլոր նրանք , ովքեր չեն ծառայել ՀՀ բանակում, գտնվել են հետախուզման մեջ, և լրացել է նրանց 27 տարին, ու վերադառնում են հայրենիք, նրանք համաներվում են: Եվ եթե այս համաներման օրենքն ընդունվի, նրանք, ովքեր կխուսափեն, կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության»,- մեկնաբանեց իրավապաշտպանը:

Վարդան Հարությունյանը կողմ է միայն համաներման օրենք ընդունելուն, քանի որ նրա տեսանկյունից՝ պետք է հաշվի առնվեն, որ 90-ականներից մինչև այսօր բազմաթիվ երիտասարդներ` ոմանք իրենց կամքից անկախ, ոմանք՝ իրենց կամքով, քաղաքական նկատառումներից ելնելով, աշխատանք չունենալու պատճառով (պետությունը հնարավորություն չի տվել նրանց ապրել այս տարածքում և գոյատևել) և տարբեր  հանգամանքների բերումով հայտնվել են Հայաստանում հետախուզվողի կարգավիճակում. «Հետևաբար պետք է տեղի ունենար մեկ այսպիսի համաներում, և նման առաջարկով հանդես եկավ Ժիրայր Սեֆիլյանը, «Լուսավոր Հայաստանը» կուսակցությունը, ես ինքս եմ այդ կարգի գրառում արել: Իսկ թվեր բարձրացնելը, քրեական պատասխանատվության հարցում տարիքային շեմը բարձրացնելը լուծում չէ և ավելի է բարդացնելու վերադառնալ ցանկացողների խնդիրը»:

Մեր հարցին`կարող է նախագիծը հանգեցնել նրան, որ ֆինանսապես ապահովված անձը գումարով իր հետախուզման հարցը լուծի, իսկ անապահովը ստիպված լինի մնալ հայրենիքից հեռու, իրավապաշտպանն արձագանքեց. «Այդպես էլ լինում է և մինչև այս պահն այդպես է: Նրանք, ովքեր կարողացել են վերադառնալ, վճարել վերջին մի քանի տարիների ընթացքում, չնայած վճարման թիվը շատ ավելի ցածր է եղել, վճարել են և ազատ իրենց համար տեղաշարժվում են Հայաստան և Հայաստանից դուրս: Իսկ նրանք, ովքեր այդ հնարավորությունը չեն ունեցել, չեն վճարել, այդպես էլ շարունակում են մնալ հետախուզվողների ցուցակում: Նպատակը պետք է լինի խնդրի լուծումը, ոչ թե խնդրի բարդացումը»:

Վարդան Հարությունյանը վստահ է, եթե հայտարարվեր համաներում, և 27 տարեկանները վերադառնային Հայաստան, նրանցից շատերը կմնային Հայաստանում, իսկ ում 27 տարին չի լրացել, կգնար ծառայելու. «Եթե մենք չենք հայտարարում համաներում, մենք զրկում ենք մեր քաղաքացիներին հայրենիքի հետ կապից»,- ասաց նա:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Նատա Հարությունյան

Հայկական բանակի հաղթարշավը շարունակվում է. «Մեր ժամանակի հերոսը»-ի հատուկ մրցանակը` զինվորներին

Նատա Հարությունյան

Բանակից խուսափած անձանց մասին ԱԺ ներկայացված օրինագծի նպատակը բյուջեն լցնելը չէ․ հեղինակ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին