9 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107500.8 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » Բաքուն ու Անկարան, ունենալով ազդեցություն Եվրամիության համապատասխան կառույցներում, իրականացնում են հակամիջուկային պրոպագանդա. Վահե Դավթյան
Այլ Լուրեր

Բաքուն ու Անկարան, ունենալով ազդեցություն Եվրամիության համապատասխան կառույցներում, իրականացնում են հակամիջուկային պրոպագանդա. Վահե Դավթյան

Օրերս «Հայաստանի ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ և «Ռոսատոմ սերվիս» ԲԲ ընկերությունները քննարկել են հայկական ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո) և 2021թ. ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը։

Դեռևս հուլիս ամսին «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրեն Մովսես Վարդանյանը NewArmenia.am-ի հետ զրույցում նշել էր, որ ատոմակայանում վերանորոգման աշխատանքները շարունակվում են, և աշխատանքի բերումով ունեն կոլեգաներ և՛ Ռուսաստանից, և՛ Խորվաթիայից, և՛ Չեխիայից ու Ուկրաինայից։

Ի դեմ ատոմակայանի աշխատանքների ժամկետը երկարաձգելու դեռևս երկու տարի առաջ արտահայտվել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրկ Լորենցը: Նա համոզմունք էր հայտնել, որ հայկական ատոմակայանը պետք է հնարավորինս շուտ փակվի, քանի որ հնարավոր չէ այն բարելավել այնպես, որպեսզի ամբողջովին համապատասխանի անվտանգության միջազգային պահանջներին:

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը,  NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով ատոմակայանի երկրորդ բլոկի աշխատանքները երկարաձգելուն և ԵՄ-ի այդ գործընթացին դեմ դիքրորոշմանը, ընդգծեց․ «Հաշվի առնելով հայկական ատոմակայանի անվտանգային տեխնիկական բնութագիրը, ինչպես նաև այն մոդեռնիզացիոն աշխատանքները, որոնք իրականացվել են «Ռոսատոմի» կողմից ատոմակայանի աշխատանքները մինչև 2026թ. երկարացնելու ուղղությամբ `մենք կարող ենք վստահորեն ասել, որ ատոմակայանն ունի ռազմավարական ռեսուրս, որը կարող է այսօր թույլ տալ մեզ խոսել նրա կյանքը նաև 2026թ.-ից հետո երկարացնելու մասին»:

Փորձագետը հավելեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ ատոմային էներգաբլոկների շահագործման ժամկետը որպես կանոն տատանվում է հիսունից- վաթսուն տարվա սահմաններում. «Օրինակ ԱՄՆ Վիրջինիայի նահանգում շահագործվող ատոմակայանը 2015թ. դիմեց լիցենզիա ստանալու համար` շահագործումն անգամ մինչև ութսուն տարի երկարաձգելու վերաբերյալ:  Այսինքն, հաշվի առնելով, որ հայկական ատոմակայանը շահագործման մեջ է գտնվում մոտ քառասուն տարի, իսկ այսօր այնտեղ իրականացվել են մասշտաբային մոդեռնիզացիոն աշխատանքներ, և հաշվի առնելով ատոմակայանի տեխնիկական անվտանգային բնութագիրը` մենք կարող ենք վստահաբար խոսել ատոմակայանի կյանքը 2026թ.-ից հետո առնվազն տասը տարով երկարացնելու մասին»:

Անդրադառնալով Եվրամիության դիրքորոշմանը` Վահե Դավթյանը նշեց, որ  2016թ. ԵՄ-ի հետ կնքված համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրում կա միջուկային էներգետիկային  նվիրված գլուխ, որի համաձայն՝  Եվրամիությունը` հատկապես «Եվրաատոմ» կազմակերպությունը, որը համաձայնագրի կողմ է հանդես գալիս, կոչ է անում Հայաստանին գնալ գործող ատոմակայանի կոնսերվացման ճանապարհով. «Այստեղ պետք է հաշվի առնենք «Եվրաատոմի» լիազորություններն այս հարցում, իսկ այդ կազմակերպության լիազորությունները սահմանափակվում են այն երկրներով, որոնք հանդես են գալիս Եվրամիության լիիրավ անդամ պետություններ: Իսկ այն պետությունները, որոնք ունեն համաձայնագրեր կամ ասոցացման պայմանագրեր ԵՄ-ի հետ, կարող են ընդամենն ընդունել այդ խորհուրդը, կոչը, հաշվի նստել կամ չնստել»:

Փորձագետի խոսքով ԵՄ-ի  կողմից հնչեցրած գնահատականները չունեն իմպերատիվ բնույթ, և նույնը վերաբերում է նաև այն գնահատականներին, որոնք տրվեցին հայկական ատոմային էլեկտրակայանին:

«Ես սա կարող եմ վերագրել թուրք-ադրբեջանական լոբբիստական աշխատանքին, որը տասնամյակներ շարունակ մասնավորապես 94 թվականից ի վեր, երբ վերագործարկվեց ատոմակայանի երկրորդ բլոկը, Բաքուն և Անկարան շարունակաբար իրականացնում են` ջանք ու ռեսուրս չխնայելով տարբեր միջազգային հարթակներից խոսելու ատոմային էլեկտրակայանի էկոլոգիական ռիսկերի մասին»,- մեկնաբանեց Դավթայնն ու մեջբերեց, որ անգամ լուրեր էին շրջանառվում այն մասին , թե հայկական սահմանին գտնվող թուրքական բնակավայրերում առկա է քաղցկեղի տարածման լուրջ դինամիկա, տարբեր անոմալիաներով երեխաներ են ծնվում և այլն: Մինչդեռ ակնհայտ է, որ եթե նմանատիպ խնդիր առկա լիներ, ապա այն իր արտահայտումը կունենար առնվազն Մեծամորում: 

«Ես կարծում եմ, մենք այստեղ գործ ունենք հակամիջուկային լոբբինգի, հակամիջուկային պրոպագանդայի հետ, որը մի կողմից ակտիվորեն իրականացվում է Բաքվի ու Անկարայի կողմից, որոնք որոշակի ազդեցություն ունեն այսօր նաև եվրոպական միության համապատասխան կառույցներում, մյուս կողմից եթե մի կողմ դնենք թուրք-ադրբեջանական գործոնը, պետք է հաշվի առնենք նաև առհասարակ Եվրամիության էներգետիկ քաղաքականության առանձնահատկությունը»,- նկատեց փորձագետը:

Վահե Դավթյանը հիշատակեց նաև Ճապոնիայում Ֆոկուսիմայի դեպքը և ընդգծեց, որ այդ դեպքից հետո որդեգրվեց  միջուկային դիսկրիմինացիայի քաղաքականություն` որոշում էր կայացվում մեկը մյուսի հետևից կոնսերվացնելու կայանները, դրանք փոխարինելու նոր գեներացիոն օբյեկտներով:

«Բայց այդ քաղաքականությունը կարող է ի գիտություն ընդունվել ՀՀ-ի կողմից, բայց ի վերջո կա Հայաստանի Հանրապետության ազգային էներգետիկ շահ, որն առավելապես գոնե հետխորհրդային տարիներին խարսխված է ատոմակայանի կայուն աշխատանքի վրա, և ես կարծում եմ այստեղ այդ շահը պետք է գերակշռի: Ի վերջո միջուկային էներգետիկան, ըստ ՀՀ օրենքի, պետական մենաշնորհ է»,-եզրափակեց նա:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ն գազի տարանցիկ երկիր չի դառնում տեխնիկական, քաղաքական, տնտեսական խնդիրների պատճառով․ փորձագետ

Անի Գրիգորյան

Բաքուն ժամանակ չի կորցնում և դեպի Իրան էլ. էներգիա արտահանելու պայմանագիր է կնքում․ փորձագետ

Նատա Հարությունյան

Ատոմակայանը հրթիռակոծելու հայտարարությունը վկայում է Ադրբեջանի պաշտոնական անձանց ռազմավարական սնանկության մասին․ Վահե Դավթյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին