-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116096 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Բեկումի հրամայականը
Գլխավոր Նորություններ

Բեկումի հրամայականը

Հայաստանյան առկա լարված ու հեղհեղուկ իրադրության պայմաններում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրն այլևս կայացած փաստ է, փաստ, որի հետ պետք է առերեսվել ու ընդունել, անկախ հերթական միֆը դարձող  «քցելու ազգային նկարագրի» մունետիկների ջանքերից:  «Քցելու» արժեհամակարգը պետական մակարդակի քաղաքական ռազմավարություն դարձնելու փոխարեն  կենսական հրատապություն ունի իրավիճակի առավել քան սթափ ու առավել քան կտրուկ գնահատումն ու բեկումը:

Այլևս իրողություն է, որ Հայաստանը կառավարման առկա հայեցակարգերով, մեխանիզմներով և որ ամենակարևորն է՝ տրամաբանությամբ, ի զորու  չէ դուրս գալ շարունակական կիսատությունների ու կյանքի չկոչված հաջողությունների շրջապտույտից: Այս պահին, այս օրերին անմարդկայնորեն դժվար է ինչպես սառնարյուն լռությունը, այնպես էլ նույն չափ սառը և առանց զգացմունքների  տեքստեր արտաբերելը: Սրանից, սակայն, իրերի վիճակը չի փոխվում և չի փոխվելու, քանզի օդում ծանր մառախուղի նման առկախված է ցանկացած շենքի բակում, ընկերական հավաքույթում ու, թերևս, ընտանիքում հնչող բազմանշանակ, հռետորական ու կենցաղային հարցը՝ «բա ի՞նչ է լինելու էս երկրի վիճակը»:          

 Գրեթե բոլորս, չհաշված նրանց, ովքեր ներքուստ որոշում են կայացրել պարզապես արտագաղթել (իսկ այդպիսիք արդեն կան), գիտակցում ենք կամ էլ թե ենթագիտակցորեն զգում ենք, որ հարկավոր է փոխել: Գուցե թե հստակ չէ, թե ինչը պետք է փոխել և կամ ինչպես, սակայն փոփոխության պահանջն օրըստօրե հասունանում և եռաչափ տեսք է ստանում: Անշուշտ, այդ փոփոխությունն այն չէ, ինչի մասին խոսում է  Ազատության հրապարակում հավաքվող խայտաբղետ  բազմությունը, որն այդպես էլ «հրաժարական» բառից այն կողմ ոչինչ չի կարողանում երկնել, և ոչ էլ սոցցանցերում առաջարկվող «ռուսներին կամ թուրքերին «քցելու»» և ինչ-ինչ տարածքներ տալ-չտալու դատարկ ու ճռճռան մտազեղումներն են:

Ցանկացած փոփոխություն մինչ գործողություն դառնալը անհրաժեշտաբար պետք է ձևակերպվի որպես տրամաբանություն, որպես գաղափար և որպես նպատակ: Նպատակն ինքնին ապագային վերաբերող բանաձև է, որի մանրակրկիտ ձևակերպումն ինքնին կանխորոշելու է փոփոխության ընթացքը: Թերևս, փոփոխություն բառն իր ներքին իմաստով կրում է նաև «կայունի» դրական իմաստը, ինչը հաճախ կոտրելու համար մենք կիրառում ենք  «կտրուկ, բեկումնային, արմատական, խորքային ինստիտուցիոնալ» և նմանատիպ այլ ածականների համադրությամբ: Սակայն այս գնահատականի ձգտող մակդիրները չունեն այն փոփոխության տարողունակությունն, ինչի կարիք ունի պետականությունն ու հասարակությունը:

2018 թվականից հետո, չնայած ամսեամիս պարզ էր դառնում, որ նախկին կոռումպացված, քերաօլիգարխիկ տարրերի ու մտածողության հետ սերտորեն առնչվող բյուրոկրատական ապարատում կատարվող փոփոխությունները չէին անցնում անձերից, իսկ որոշ դեպքերում անգամ անձերը վերապրոֆիլավորվում էին ու ռեաբիլիտացվում, այնուամենայնիվ հեղափոխության իներցիայով կար հույս, որ «20 տարվա քանդածը» վերականգնելը հեշտ գործ չէ և առավել քան ժամանակատար:  

Սակայն տարածաշրջանային ու համաշխարհային բեմերում ընթացող վերադասավորումների տեմպն ու բովանդակությունը չէին համընկնում ներհայաստանյան գործընթացների ակորդներին: Պատերազմը ցավալիորեն դարձավ այս ամենի վառ ու ողբերգական ապացույցը: Հայկական պետականությունն այսօր ոչ թե հրատապ, ոչ թե արդիական կամ անհրաժեշտ, այլ կենսունակության ապահովման լրաջագույն խնդիր առաջ է կանգնած առանց չափազանցությունների:

 Այս ելակետից ակնհայտ է, որ Հայաստանում կատարվելու ենթակա կամ սպասվող (անվանեք ինչպես կուզեք) փոփոխությունների նպատակի և տրամաբանության առաջնահերթության առանցքի տեղորոշումը, բովանդակային նույնականացումը կանխորոշելու են մեր պետականության և հասարակության՝ ձախողված կամ հաջողված լինելու միտումը: Մենք կանգնած ենք մի հանգրվանի առաջ, որն այլևս չի կարող համադրվել հարյուրավոր կամ հազարավոր ֆորմուլաների, թղթային կարգավորումների և օրենսդրական ինչ-ինչ փաթեթների հետ: Ցայսօր հայաստանյան իշխանությունները (ավել կամ պակաս) փորձել է գործել մեր իրականության մեջ առկա լավ կամ վատ ինչ-ինչ օրենքներով, իրավունքներով, պայմանականություններում սահմանադրական նորմերով: Անգամ հեղափոխությամբ եկած իշխանությունը զերծ մնաց կտրուկ քայլերի ու ցնցումների գնալու ճանապարհից՝ նախընտրելով կայունությունը, ներկայումս գուցե ավելի ճիշտ է ասել թվացյալ կայունությունը:  

Սակայն սրանց ժամանակն անցել է, այնպես ինչպես անցել է էվոլյուցիոն զարգացման որևէ հեռանկար: Այստեղ, ի դեպ, պետք է առանձնացնենք նաև մի նուրբ խնդիր: Մեր իրականության մեջ և անգամ հասարակական քաղաքական մտքում բավական պարզունակեցվել է նաև «էվոլյուցիոն զարգացում» արտահայտությունը, որը նույնացվել է համակարգերի համակարգերի կոսմետիկ բարեփոխումների, կոռուպցիայի, նեպոտիզմի և այսօրինակ արատավոր երևույթների նվազեցման, պետական բյուջեն չկողոպտելու կամ համեմատաբար քիչ կողոպտելու միտումների հետ: Մինչդեռ չի խոսվել, որ էվոլյուցիոն զարգացում հնարավոր է միայն այն դեպքում, երբ առկա է զարգացման հարթակը: Աշխարհի տասնյակ հաջողված երկրներ տասնյակ ու անգամ հարյուրավոր տարիներ գտնվում են էվոլյուցիոն զարգացման ցիկլում, սակայն գրեթե բոլորի պարագայում մենք կարող ենք գտնել պատմական այն մինիմումը, որտեղից սկիզբ է առել այդ ցիկլը՝ հեղափոխություն, մշակութային հեղափոխություն, արդյունաբերական հեղափոխություն, անգամ քաղաքացիական պատերազմ:

Հայաստանն անշուշտ, չունի այսօր ներհասարակական պառակտումների և առավել ևս ուժային բախման ներուժ, սակայն վստահաբար ունի ներուժ փոխելու ներերկրային գործընթացների բովանդակությունը: Վերջինիս ընթացքում, ինչպես արդեն նշվեց, մենք պետք է կարողանանք դուրս գալ պայմանականություններից, իսկ եթե ավելի առարկայական ասենք, չպետք է խուսափենք այդ պայմանականությունների ու համակարգերի փոփոխություններից՝ սկսած պետական կառավարման ու հանրային կազմակերպման մարմիններից վերջացրած սահմանադրական ու կառավարման մոդելի փոփոխություններով:

Աղասի Մարգարյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին