15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Բենզինի գները, ներկրողների շահույթն ու վերահսկողի դերակատարությունը
Գլխավոր Նորություններ

Բենզինի գները, ներկրողների շահույթն ու վերահսկողի դերակատարությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչու՞ ռեգուլար տեսակի բենզինն այսօր 250 դրամ չի

2020 թվականի մարտի վերջին համաշխարհային շուկայում նավթի գնի աննախադեպ  անկման արդյունքում տեղի ունեցավ նաև նավթամթերքների գնի զգալի նվազում: Միջազգային բորսաներում առաջին եռամսյակում առկա 50-53 ԱՄՆ դոլարը մեկ բարել նավթի համար նվազեց մինչև 20 ԱՄՆ դոլար բարելի համար ապրիլին: Դա իր արտահայտությունը գտավ նավթամթերքների շուկայի գների անկման մեջ՝ ապրիլին բենզինն ու դիզելային վառելիքը նվազեցին միջինը շուրջ 50 տոկոսով (մարտի գների համեմատ):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի շուկայում գործող խոշոր խաղացողները նավթամթերքը ներկրում են համաշխարհային գներին կապված բանաձևով՝ ենթադրվում էր, որ ՀՀ սպառողին առաջարկվող գները կնվազեն համապատասխանաբար:

Ըստ ունեցած վիճակագրության, խոշոր ներկրողների համախառն շահույթն իրենց պատկանող բենզալցակայաններից իրացվող նավթամթերքից միջինը կազմում է մոտ 140 ԱՄՆ դոլար տոննայից, ելնելով 2020 թվականի առաջին եռամսյակում գործող միջին վիճակագրական նավթամթերքի գնման արժեքից (մոտ 653 $/տն.), վճարվող ակցիզային հարկից (մոտ 96 $/տն. ) ու փոխադրման վճարից (մոտ 25 $/տն. ) և բենզալցակայաններում գործող միջին վիճակագրական վաճառքի գնից (մոտ 914 $/տն.):

Նույն կազմակերպությունների՝ ապրիլի ընթացքում ձևավորված համախառն շահույթը կազմում էր շատ ավելին՝ մոտ 230 ԱՄՆ դոլար, նույնիսկ հաշվի առնելով բենզալցակայաններում տեղի ունեցած գնի նվազումը: Այսինքն, ձեռք բերելով նավթամթերքը մոտ 337 $/տն, վճարելով ակցիզային հարկ մոտ 133 $/տն. ) ու փոխադրման վճար (մոտ 25 $/տն. ), Ֆլեշ, CPS և Մաքս Օյլ ընկերությունները իրացնում են նավթամթերքը շուրջ  725 ԱՄՆ դոլարով (գները միջինացված են, ներկայացված են առանց ԱԱՀ), ինչը տալիս է հնարավորություն ունենալ հավելյալ միջինը 90 $/տն. կամ  մոտ 40 դրամ 1 լիտր վառելիքի վաճառքից: Սա նշանակում է, որ մանրածախ շուկայում վաճառվող վառելիքը Հայաստանում ապրիլին կարող էր ունենալ հատևյալ գները՝

  • պրեմիում տեսակի բենզին ՝ 290 դրամ/լիտր, այնինչ ապրիլին այն 330 դրամ էր մեկ լիտրի դիմաց
  • ռեգուլյառ տեսակի բենզին ՝ 270 դրամ/լիտր՝ 310 դրամի փոխարեն,
  • դիզելային վառելիք՝ 320 դրամ/լիտր՝  360 դրամի փոխարեն:

Վերոնշյալից կարելի է եզրակացնել, որ բենզալցակայաններում պետք է գործեին այն գները, որոնցով իրականացվում է մեծածախ վաճառք ՀՀ տարածքում: Ըստ այդմ, ունենալով 90 դոլար տոննայից գերշահույթ և վաճառելով միջին վիճակագրական ամսական 20 հազար տոննա, Ֆլեշ, CPS և Մաքս Օյլ ընկերությունների ապրիլ ամսվա գերշահույթը կազմել է շրուջ 1 800 000 ԱՄՆ դոլար:

Մայիսի առաջին օրերին բենզալցակայաններում տեղի ունեցավ գների լրացուցիչ նվազում, սակայն հաշվի առնելով մայիս ամսվա համար նախատեսված նավթամթերքի գնման գները, այս ամիս ևս վերոնշյալ կազմակերպությունների մոտ ուրվագծվում է նման գերշահույթ: Այսինքն, բենզինը և դիզելային վառելիքը կարող է վաճառվել հետևյալ գներով՝

  • պրեմիում տեսակի բենզին ՝ 270 դրամ/լիտր՝  300-310 դրամի դիմաց
  • ռեգուլյառ տեսակի բենզին ՝ 250 դրամ/լիտր՝ 280-290 դրամի դիմաց
  • դիզելային վառելիք՝ 270 դրամ/լիտր՝  310 դրամի դիմաց:

Այս ամենը հատկապես հատկանշական է այն ֆոնին, որ ՏՄՊՊՀ նախագահ Գ. Գևորգյանը վերջերս տված հարցազրույցում պաշտոնապես արձանագրեց, որ իր գլխավորած կառույցն ուշիուշով հետևում է շուկայում տիրող իրավիճակին և բացահայտում ապրանքների ոչ հիմնավորված գների բարձրացման յուրաքանչյուր դեպք՝ հավելելով, որ մրցակցության աճի արդյունքում  նավթամթերքի մանրածախ շուկայում տեղի է ունեցել գների զգալի անկում համեմատ 2018 թ. ապրիլ ամսվա, որից և օգտվում է վերջնական սպառողը: Որոշ ժամանակ անց ՏՄՊՊՀ կայքում տեղադրվել է հաղորդակցություն, ըստ որի Գ. Գևորգյանի ղեկավարած կառույցի շուկայական մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ «նախորդ ամսին երեք խոշոր տնտեսվարողների մոտ արձանագրված վառելիքի մանրածախ գների նվազման միտումը շարունակվել է նաև ապրիլին»:

Մեր վերոնշյալ վերլուծությունը ցույց է տալիս, որ մշտադիտարկումը չի կարողացել բացահայտել բենզինի ու դիզ. վառելիքի գնագոյացման ճիշտ բանաձևը, որի արդյունքում բենզինի ներկրման ու վաճառքի մենաշնորհից օգտվող ընկերությունները հիմա էլ գերշահույթ են ստանում:

Հարց է առաջանում, թե ինչու՞ նման կարևոր գործառույթով օժտված կառույցը՝ ՏՄՊՊՀ-ն չի տիրապետում խոշոր ներկրողների կողմից նավթամթերքի ձեռքբերման գների ձևավորման մեխանիզմներին: Դրանց ծանոթ լինելու պարագայում՝ պարզ կդառնար, որ առնվազն անհեթեթ է ուղղիղ համեմատություն կատարել երկու տարվա վաղեմություն ունեցող գները ներկայումս բենզալցակայաններում առկա այսօրվա գների հետ, քանի որ նավթամթերքի գնման գները կապվածության մեջ են համաշխարհային գների հետ, իսկ 2018թ. ապրիլին գործող նավթամթերքի գինը կազմելով  767 $/տն.  արմատապես տարբերվել է սույն թվականի ապրիլի 337 $/տն գնից: Դրա հետ մեկտեղ, 2018 թ. գործող գները տնտեսավարողներին ապահովել են միջին վիճակագրական մոտ. 140 $/տն. շահույթ, ի տարբերություն 2020 թ.:

Անհրաժեշտ է, որ ՏՄՊՊՀ-ն իրականացնի առավել խորն ուսումնասիրություններ շուկայում և հաշվարկի ոլորտում գործող խոշոր տնտեսվարողների շահութաբերությունը՝ բացահայտելով այս ամիսների գերշահույթները: Այլապես, նախորդ ժամանակաշրջանից մնացած շուկայի հիմնական խաղացողները, երկրում առկա տնտեսական ծանր պայմաններում, շարունակաբար կունենան գերշահույթներ:

Ակնկալում ենք, որ ՏՄՊՊՀ-ն, որի առաքելություններից մեկն է սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը և խրախուսումը, պատշաճ կերպով կիրականացնի իր գործառույթները: Հանձնաժողովն առնվազն պետք է թույլ չտա, որ շուկայում գործող 3 խոշորագույն ներկրողները հակամրցակցային համաձայնության միջոցով ստանան գերշահույթներ՝ սպառողների հաշվին:

Նմանատիպ Հոդվածներ

Նվազել են բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ գները. ՏՄՊՊՀ

Diana Amirkhanyan

Հայաստանում բենզինի գինը շարունակում է ռեկորդային անկում գրանցել. «Ժամանակ»

Սերինե

Հայաստանում 1 լիտր բենզինը ավելի էժան է, քան Վրաստանում. ՏՄՊՊՀ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին