7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք. Թորոսյանը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոններին
Այլ Լուրեր

Բժիշկներն այս պահին զինվորներին են պետք. Թորոսյանը կոչ է անում հետևել հակահամաճարակային կանոններին

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում խստորեն հետևել հակահամաճարակային կանոններին, փրկել կյանքներ, քանի որ բժիշկներն այս պահին զինվորներին են պետք:

Թորոսյանն այս մասին ասել է իր տեսաուղերձում:

Նախարարը նախ նկատեց, որ հիմա հայության ողջ ուշադրությունը սևեռված է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, և մյուս խնդիրները, կարծես թե, մղվում են ետին պլան: «Սակայն պետք է ողջամիտ լինել և չթուլանալ: Օրհասական այս օրերին մենք զբաղվում ենք մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինվորների և խաղաղ բնակիչների տարհանմամբ և բուժմամբ»,- ասաց Թորոսյանը:

 Այս օրերին վիրավորում ստացած բոլոր զինծառայողներին, կամավորներին, խաղաղ բնակիչներին մաղթելով առողջություն և շուտափույթ ապաքինում՝ Թորոսյանն ընդգծեց, որ, այդուհանդերձ, զուգահեռ իրականությունում նկատվում է կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների կտրուկ աճ: «Հիվանդության՝ օրեցօր ավելացող դեպքերը փաստում են, որ այն ոչ մի կերպ չի նահանջել, ավելին՝ ՀՀ ողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության զգալի աճ՝ պատերազմի պայմաններում ավելացնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, և, ցավոք, խլում կյանքեր»,- ասաց նախարարը:

Նա շեշտեց, որ այժմ ավելի քան կարևոր է չկորցնել զգոնությունը, անտարբերության չմատնել դեռևս աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում Covid-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը, անգամ այս լարվածության մեջ, անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները: Նախարարը նշեց, որ վստահորեն կարելի է արձանագրել, որ 3 կանոնների կիրառումը՝ սոցիալական հեռավորության պահպանում, դիմակի կրում, ձեռքերի ախտահանում, դրական արդյունք է տվել ամռան ամիսներին, ինչը նշանակում է, որ հնարավոր է անհատական մակարդակում ազդեցություն ունենալ վիրուսի տարածումը կանխարգելելուն:

Թորոսյանը շնորհակալություն հայտեց Հայաստանի և սփյուռքի տարբեր բժշկական հաստատություններից առաջնագիծ մեկնած հարյուրավոր բուժաշխատողների, բոլոր բուժաշխատողներին՝ 10 ամիս շարունակ կորոնավիրուսային հիվանդության դեմ անխոնջ պայքարելու և կյանքներ փրկելու համար: Նախարարն իր խորը վշտակցությունն ու ցավակցությունը հայտնեց նահատակված հերոսների հարազատներին և մտերմիներին: «Հիշեք, բժիշկներն այս պահին զինվորներին են պետք, թող զինվորն ու թիկունքն առողջ մնան: Կրիր դիմակ, փրկիր կյանքեր»,-եզրափակեց Թորոսյանը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին