-3 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115891.2 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » «Բժիշկներ, որոնց համար ամեն ինչից վեր զինվորի կյանքն է». սահմանի երկրորդ պաշտպանները
Այլ Լուրեր

«Բժիշկներ, որոնց համար ամեն ինչից վեր զինվորի կյանքն է». սահմանի երկրորդ պաշտպանները

Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ ուժերով ծրագրված և Արցախի դեմ մղվող պատերազմի հենց առաջին իսկ օրվանից բազմաթիվ բժիշկներ կամավոր հիմունքներով մեկնեցին Արցախ` վիրավոր զինվորներին անհապաղ բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակով: Կամավորագրվածների մեջ կան նաև ուսանողներ:

Կամավորները` բժիշկները, բժշկական օգնություն ցուցաբերող մասնագետներն ու ուսանողները այս պատերազմական իրավիճակում, բացի վիրավոր զինվորներին դաշտային պայմաններում վիրահատելն ու համապատասխան օգնություն ցուցաբերելը, նաև բրիգադներ են կազմել` նրանց Արցախից Հայաստանի բժշկական հաստատություններ տեղափոխելու համար:

Ակադեմիկոս Ս.Ավդալյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի օրդինատուրայի 2-րդ կուրսի ուսանող Լուսինե Հարությունյանը պատերազմի երկրորդ օրվանից կամավորական հիմունքներով մեկնել է Արցախ: Օրը 24-ժամյա գրաֆիկով` կյանքի հետ անհամատեղելի ծանր վիրավորումներ ստացած զինվորներին Արցախի դաշտային հիվանդանոցներից տեղափոխում է Հայաստանի մասնագիտացված բժշկական հաստատություններ: 

NewArmenia.am-ը կապ հաստատեց Լուսինեի հետ. նա ասաց, որ Արցախից եկել է առավոտյան ժամը 6-ին, և ցերեկը ժամը 13:00-ին կրկին մեկնելու է:

«Կամավորական աշխատանքի համար առաջին օրվանից դիմեցի Առողջապահության նախարարություն և այնտեղ արդեն կար աշխատանքի բաժանում` որ բժիշկը որ հատվածում ինչպիսի առաքելություն պետք է իրականացնի: Ես ընդգրկվեցի շտապ օգնություն ցուցաբերող բժիշկների կազմում։ Քանի որ մասնագիտությամբ ռեանիմատոլոգ- անեսթեզիոլոգ եմ: Ստեղծվեց իմ խումբը, թիմը: Այս օրերին մեզ համար արդեն գիշերն ու ցերեկը նույնն է, չքնելը նորմալ պրոցես է»,- պատմեց Լուսինե Հարությունյանը:

Նրա խոսքով՝ աշխատանքը կազմակերպելու համար Առողջապահության նախարարության կողմից ստանում են անհրաժեշտ դեղորայքն ու այն պարագաները, որոնք  պետք կգան պատերազմական պայմաններում վիրավորված զինվորներին առաջին օգնություն ցուցաբերելու համար։

«Իրականում բավականին պատասխանատու աշխատանք ենք կատարում` ռմբակոծության ամենաթեժ պահերին` տարբեր վայրերից ծայրահեղ ծանր հիվանդներ ենք տեղափոխում և պատասխանատվություն ենք կրում ոչ միայն մեր կյանքի, այլև վիրավորների կյանքի համար, ինչը բավական բարդ է»,-ասաց մեր զրուցակիցը:

Բժիշկների կյանքը երաշխավորված չէ`դեռևս օրեր առաջ` հոկտեմբերի 8-ին, մարտի դաշտում վիրավորներ տեղափոխելիս զոհվեց Վիրաբուժական ուռուցքաբանության հայկական միության հիմնադիր խորհրդի անդամ Վահե Մելիքսեթյանը:
Լուսինեն մեր հետ զրույցում մի դրվագ հիշեց, երբ ռմբակոծության պայմաններում, դաշտային հիվանդանոցում վիրավոր զինվորին հրատապ վիրահատելու անհարժեշտություն է եղել. «Մի անգամ Հադրութի շրջանի դաշտային հիվանդանոցներից մեկից պետք է զինվորի տեղափոխեինք, վիճակը ծայրահեղ ծանր էր գնահատվում, և վիրահատությունը եղավ հենց մեր աչքերի առաջ, սուպերպրոֆեսիոնալ թիմի կողմից: Ռմբակոծության պայմաններում, ԱԹՍ-ի ուղեկցությամբ զինվորին տեղափոխում էինք Երևան, և ճանապարհը, որը տևում է 6-7 ժամ `մի ակնթարթ թվաց մեզ։ Ու հասկանում ես, որ սա սովորական պատերազմ չէ, սա հզորների պատերազմ է, ու հաղթողը մենք ենք»:

Սեպտեմբերի 27-ից Արցախի սահմաններն ու բնակելի վայրերը հրթիռակոծող Ադրբեջանին հզոր թիկունք է կանգնել Թուրքիան, որը բացի զինամթերք ապահովելուց ու իր կործանիչ ինքնաթիռներն ու ԱԹՍ-ները Արցախի դեմ օգտագործելուց՝ նաև ըստ բազմաթիվ միջազգային հրապարակումների՝ Սիրիայից վարձկաններ է բերել Արցախա-ադրբեջանական սահման: Իսկ թեժ մարտերի ժամանակ, բացի Թուրքիայի պաշտպանությունը, նաև Իսրայելն է օգտվում առիթից և ԱԹՍ-ներ ու այլ զինամթեքր վաճառում Ադրբեջանին, որոնք օգտագործվում են Արցախի դեմ: 

Օրդինատուրայի ուսանողուհին վստահեցնում է` զինվորների կողքին կայացած բժիշկներ են կանգնած` բժշկական հզոր թիմ կա. «Մեծագույն հպարտություն եմ զգում, որ կարող եմ կանգնել այդպիսի բժիշկների կողքին, բժիշկներ, որոնց համար ամեն ինչից վեր զինվորի կյանքն է»։

Զինվորների կյանքը փրկելու գործին լծված Լուսինեն հպարտություն է զգում, երբ քաջ զինվորների կողքին է և ընդգծում է, որ 18-20 տարեկան տղաները բուժօգնություն ստանալուց հետո վերադառնում են մարտի դաշտ, մենակ չեն թողնում ընկերներին. «Իրենց տեսածից հետո, նորից սահման են վերադառնում` կռիվը շարունակելու և հաղթանակին` սահմանին լինելու ակնկալիքով»: 

Նարա Մարտիրոսյան

Нет описания.
Нет описания.

Նմանատիպ Հոդվածներ

Օգնության շտապելիս բժիշկը ընկել է հակառակորդի դիվերսիոն խմբի ծուղակը և զոհվել

Նատա Հարությունյան

Նորօրյա մեր հերոսների մեջ մեծ թիվ են կազմում բուժծառայողները

Նատա Հարությունյան

Իսլանդացի բժիշկների խումբը կամավոր գալիս է Հայաստան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին