23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99104 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » ԲՀԿ հանրահավաք՝ ինչ-որ հրեշավոր ուժերի «ռազմաբազա»
Այլ Լուրեր

ԲՀԿ հանրահավաք՝ ինչ-որ հրեշավոր ուժերի «ռազմաբազա»

ԲՀԿ-ն գուժում է հուժկու հանրահավաքի մասին: Փըխկ ասող չկա: Ու դա ավելի ծիծաղելի է դարձնելու այդ ուժից եկող «վտանգը»։ Այսինքն, հուժկու հանրահավաք անելու միջանցք են գտել քաղաքական մի իրականությունում, որտեղ այնքան չկան, որ նրանցով լրջորեն զբաղվեն ու հիշեցնեն, թե ընդհանրապես այդ «քաղաքական» ուժը ժողովուրդ հավաքելու իրավունք ունի՞, թե ոչ։

Պարզ է, խորհրդարանական ուժ է, գուցե ունի, բայց նախկինների քավորությամբ քաղաքական «երկրորդ» ուժ լինելու իներցիան չար կատակ է խաղալու ԲՀԿ-ի գլխին։ Ավելի լավ է՝ հեռու մնան հանրահավաքից։ Ոչ ոք նրանց չի խնդրել սեփական գերեզմանը փորել այն մեթոդով, որով հաղթեց հեղափոխությունը։ Թող գնան, տներում սպասեն Նիկոլ Փաշինյանի «հուժկու» ձախողմանը։ ԱԺ-ն հո կա՞, այնտեղ կարելի է կծել վարչապետին, ինչքան սիրտներն ուզի։ Լավ, ժողովուրդը հավաքվելու է, որ ի՞նչ լսի՝ որ Փաշինյանը տապալե՞լ է բարեփոխումները։ Ասենք թե տապալել է, ձե՞զ ինչ։ Ձե՞զ է խոստացել։ Դուք հեղափոխության հետ չէիք։ Ուրիշ ի՞նչ եք ասելու՝ որ կրթական բարեփոխումները հակաազգայի՞ն են։ Իսկ որո՞նք են ազգային բարեփոխումները։

Հետո, կներեք, ձեր հավաքած մասսան հաստատ որևէ բարեփոխման մասին լսելու ցանկություն չունի, որովհետև էդ մասսան ժողովուրդը չի լինելու, դա լինելու է նախկինների գուցե ոչ փոքրաթիվ բանդան։ Նրանց ինչի՞ն է պետք որևէ բարեփոխման տապալման մասին լսելը ու դրա համար Փաշինյանի հրաժարականը պահանջելը։ Նրանք պիտի պարեն, որ Փաշինյանին չի հաջողվում ձերբազատվել անցյալի ստվերից։

Մեկը պիտի հուշի Ծառուկյանին, որ նա բարեփոխումներին իր ցանկացած տեսքով՝ դրական կամ բացասական, չկպնի։ Որովհետև թեման մեկն է լինելու՝ ինչպե՞ս ազատվել Փաշինյանից, ինչպե՞ս կանխել անցյալի հանցագործությունները լույս աշխարհ հանելը, մի խոսքով՝ ինչպես ջրից չոր դուրս գալ։

Ու մի բան էլ՝ ձեր ի՞նչ խելքի բանն է հանրահավաքը։ Ռոբերտ Քոչարյանն ի՞նչ է հասկանում հանրահավաքից։ Կամ՝ Արթուր Վանեցյանը։ Որոնք, եթե նույնիսկ ուղղակիորեն չեն մասնակցի այս հանրահավաքին, համենայնդեպս, մասնակիցներով կապահովեն։ Ո՞վ մնաց այնտեղ՝ Դաշնակցությո՞ւնը։ Նրանք, իհարկե, փորձ ունեն։ Նրանք հրաշալի օժանդակ ուժ են ցանկացած հանրահավաքի համար, նրանք լավ երկրորդ ջութակ են։ Բայց այստեղ խնդիրը Ծառուկյանն է։ Նա առաջին իսկ փըխկից հետո անմիջապես բոլորին կթողնի կոտրած տաշտակի առաջ։ Եթե անգամ այդ փըխկը չլինի, միևնույն է, հիմնական խնդիրը մնում է այն, թե ովքե՞ր են լինելու Ծառուկյանի «խոսքի» սպառողները։ Թե՞ նրանք դրսի մեսիջ են փորձելու գտնել։ Ինչ մեսիջ էլ լինի, ոչ մեկն այնքան հիմար չէ, որ նկատի չունենա, թե այսօր ում հետ է ժողովուրդը, Հայաստանի քաղաքացին։

Հիմա քաղաքական ցանկացած ընդդիմախոսություն տապալված է։ Թե՞ դրսին պետք է վիզուալ տեսնել, թե ինչքան մարդ կգա հանրահավաքին՝ անկախ այն բանից, թե ինչը կլինի այդ հանրահավաքի թեման, որպեսզի  հասկանան՝ ԲՀԿ-ն ի վիճակի՞ է իրականացնել այս իշխանության հետ հաշիվներ մաքրելու իրենց պլանները։ Ծառուկյանն այդքան համարձակություն չունի ժողովրդի դեմ դուրս գալու, որովհետև սա 2014-15 թվականները չէ, երբ ինքը փողն էր, ու իր հետ էր ինտելեկտն ու դեմոսը։ Հիմա նա երկուսից էլ իսպառ զրկված է, ինքը մնացել է իր փողի ու նախկինների գուցե ոչ այնքան փոքր բանակի հետ, որից ժողովուրդը մինչև հոգու խորքը զզվում է։ Այնպես որ այս հանրահավաքը հենց հիմա Փաշինյանի հրաժարականին հասնելու նպատակներ չի հետապնդում, այլ ինչ-որ նախաքննություն է ինչ-որ ավելի հրեշավոր մի գործի։

Արսեն Գրիգորյան

Նմանատիպ Հոդվածներ

Մերթ ընդ մերթ «ընդդիմադիրները»․ ՀՅԴ և ԲՀԿ

Անի Գրիգորյան

ԲՀԿ-ն, նախարարին վիրավորելով, պայքարում է վիրավորանքի դեմ. Գագիկ Ծառուկյանի կիսապաշտպանները

Նատա Հարությունյան

ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ դատավորի թեկնածուների քվեարկությանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին