26 C
Yerevan
27 Սեպտեմբերի, 2020
100214.4 By Google Analytics 26.09.2020
Գլխավոր » ԲՀԿ-ն, նախարարին վիրավորելով, պայքարում է վիրավորանքի դեմ. Գագիկ Ծառուկյանի կիսապաշտպանները
Այլ Լուրեր

ԲՀԿ-ն, նախարարին վիրավորելով, պայքարում է վիրավորանքի դեմ. Գագիկ Ծառուկյանի կիսապաշտպանները

ԲՀԿ խմբակցությունն այսօր բոյկոտեց կառավարության հետ հարցուպատասխանը և հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյայի դեմ փողոցային պայքար սկսելու ու ԱԺ ամբիոնը այդ պայքարին ծառայեցնելու մասին այն բանից հետո, երբ նախարար Արայիկ Հարությունյանը, պատասխանելով ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի՝ կրթության պետական չափորոշիչների այլասերվածության մասին գնահատականին, ասաց. «Տիկին Զոհրաբյան, ինչ-որ այլասերվածությունից եք խոսում: Գիտե՞ք էս չափորոշիչները ինչի մասին են: էս չափորոշիչները ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին, և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն»։

Նախարարի այս հայտարարությունն ակնարկ էր՝ ուղղված Գագիկ Ծառուկյանին, որը ժամանակին դատապարտվել է խմբակային բռնաբարության մեղադրանքով: Հենց այս ակնարկը ԲՀԿ-ին ստիպեց տեղում ռադիկալ պայքար սկսել Արայիկ Հարությունյանի դեմ:

Նաիրա Զոհրաբյանն անցավ վիրավորանքների՝ նախարարի պահվածքն անվանելով «լպիրշ եւ անբարո» և սպառնալով իրավաբանների հետ քննարկել այն: «Մենք բոլորս ականատես եղանք մի աննախադեպ ցինիզմի: Իմ պատգամավորական եւ լրագրողական գործունեության ընթացքում ես երբեւէ չեմ տեսել նման նախադեպ, որ կառավարության անդամը իրեն վերագրված օբյեկտիվ քննադատություններին, որովհետեւ ինքը իրեն վստահված ոլորտները տապալել է, այդ խնդիրներին ադեկվատ արձագանքելու փոխարեն քննադատությունը արժանապատիվ ընդունելու, հետեւություն անելու փոխարեն՝ անցնի մարդկային բարոյական կոռեկտության բոլոր սահմանները»,-հայտարարեց նա:

ԲՀԿ-ական Իվետա Տոնոյանն էլ հավելեց. «Եթե այս կառավարության կազմին եւ խորհրդարանական այս մեծամասնությանը կոմֆորտ է այս նախարարի հետ աշխատելը, ապա մեզ համար անընդունելի է նման «մասնագետի» գործունեությունը՝ հատկապես ոլորտի ղեկավարի պաշտոնում: Եթե իրենց համար հաճելի է նմանօրինակ տարրի հետ շարունակեն աշխատել, ապա թող աշխատեն»:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանի ընկալմամբ՝ Ծառուկյանի անցյալի մասին նախարարի ակնարկը «վիրավորանք է ամբողջ մի մարզի բնակիչների նկատմամբ»:

Պատգամավոր Շաքե Իսայանն էլ վստահ է, որ «բոլոր ուսանողները, երեխաները, ծնողները իրենց եզրակացությունը կունենան ԿԳՄՍ նախարարի ոչ պարկեշտ վարքագծի վերաբերյալ»: Իսայանի խոսքով՝ եթե սպառեն խորհրդարանական ձեւաչափի բոլոր գործիքները, ապա չեն բացառում, որ կսկսեն փողոցային պայքար. «Ամենատարբեր պիկետները կսկսենք՝ մինչեւ հասնենք Արայիկ Հարությունյանի հրաժարականին»:

ԲՀԿ-ականները չպատասխանեցին մեր դիտարկմանը, թե իրենք  վիրավորելով ԿԳՄՍ նախարարին՝ խոսում են վիրավորանքի դեմ պայքարելու մասին:

Երևի թե ճիշտ կլինի՝ ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կրկին վերանվանվի Ծառուկյան խմբակցություն, քանի որ այն բացառապես Ծառուկյանի անձի ու շահերի շուրջ է իր գործունեությունը կառուցում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

ԲՀԿ–ն աջակիցներ է խնդրել ՀՀԿ երիտթևից և «Հայրենիք» կուսակցությունից

Սերինե

Մերթ ընդ մերթ «ընդդիմադիրները»․ ՀՅԴ և ԲՀԿ

Անի Գրիգորյան

ԲՀԿ-ն չի մասնակցելու ՍԴ դատավորի թեկնածուների քվեարկությանը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին