-2 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին. «ՀԺ»
թերթերի տեսություն

Բոլորը հիացմունքով են խոսում «հայ սպարտացիների» ոգու մասին. Ստաս Նամին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

«Ընկերներս մարտի դաշտից, առաջնագծից ինձ սարսափելի տեսանյութեր են ուղարկում, ու ես հասկանում եմ, թե ինչ դժվար է այս տղաների համար Արցախի ու Հայաստանի սահմանները պաշտպանելը և կռվելը արհեստավարժ, մինչև ատամները զինված մարդասպանների հետ, միաժամանակ լինելով ինքնաթիռների ու դրոնների նշանակետը: Սա սարսափելի պատերազմ է, բայց նրանց թիկունքում Հայաստանն է, նահանջելու տեղ չկա: Նրանց անօրինակ հերոսության մասին արդեն գիտի ողջ քաղաքակիրթ աշխարհը, և բոլորը հպարտությամբ ու հիացմունքով են խոսում հայ սպարտացիների բարձր ոգու և արիության մասին: Վստահ եմ, որ նրանց արյունը իզուր չի թափվում». «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում այս մասին ասել է ռուսաստանաբնակ հայ կոմպոզիտոր, ռեժիսոր, արվեստագետ Ստաս Նամինը: Արվեստագետի հետ մեր զրույցը՝ ստորեւ.

— Պարոն Նամին, Արցախում երեք շաբաթից ավելի է՝ պատերազմը վերսկսվել է: Հայ ժողովուրդը հանուն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի պայքարում է ոչ միայն ադրբեջանցիների եւ այս անգամ նաեւ թուրքերի, այլեւ Սիրիայից բերված ահաբեկիչների դեմ: Խնդրում եմ ասեք՝ հետեւո՞ւմ եք իրադարձութուններին Արցախում: Ի՞նչ կարծիք ունեք տեղի ունեցողի շուրջ:

— Կարծում եմ, այսօրվա պատերազմը հայերից որևէ մեկի համար անակնկալ չի եղել, իսկ վերջին չորս տարվա ընթացքում աշխարհի իրադարձություններին գոնե որոշ չափով հետևողի համար ակնհայտ էր, որ այն սկսվելու է մոտ ժամանակներս: Իհարկե, դժվար էր պատկերացնել, որ ծավալներն այսքան մեծ կլինեն: Նկատի ունեմ, որ ոչ միայն Ադրբեջանը, այլև Թուրքիան ու վարձկանները կանցնեն լայնածավալ ռազմական գործողությունների: Ալիևը արհեստավարժ ցինիկ քաղաքագետ է, իսկ Էրդողանը՝ նույնքան ցինիկ և արհեստավարժ, բայց համաշխարհային մասշտաբի: Եվ նա շատ հստակ է հաշվարկել Արցախի վրա հարձակման սկիզբը: Ամերիկացիների մոտ ոչ միայն ռասսայական ու պանդեմիկ խնդիրներ են, այլև առաջիկա նախագահական ընտրությունները, ուստի նրանք Հայաստանի ժամանակը չունեն: Եվրոպայում էլ պանդեմիան ու փախստականները ոչ պակաս խնդիրներ են ստեղծել: Իսկ Ռուսաստանը, բացի պանդեմիայից ու տնտեսական ճգնաժամից, նաև կոշտ հակամարտության մեջ է ամբողջ Արևմուտքի հետ:

Եվ այս ամենով հանդերձ, Էրդողանին հաջողվել է տարբեր շահեր ներքաշել այս խաղի մեջ, ուստի, սկսելով պատերազմը, նա և Ալիևը հասկանում էին, որ աշխարհը չի կարողանա արագ արձագանքել ու դադարեցնել այն: Նույնիսկ խաղաղ բանակցությունների նպատակով ձևական հանդիպում կազմակերպելու համար, որին ոչ Ալիևը, ոչ էլ Էրդողանը լուրջ չէին վերաբերվի, կպահանջվեր մի երկու շաբաթ, ոչ պակաս: Նրանք ակնկալում էին, որ բլիցկրիգ կլինի, ու մի քանի օրում նրանք կգրավեն Արցախը: Բացահայտ լկտիությամբ աշխարհով մեկ հայտարարում էին պատերազմ սկսելու և իրենց արագ հաղթանակի մասին, ինչը անհիմն չէր, քանի որ մի բանակ էին հավաքել, որը կարող էր պատերազմել խոշոր զարգացած երկրների դեմ, հաշվի առնելով այն, որ Թուրքիայի բանակն իր քանակությամբ ու հագեցվածության մակարդակով երկրորդն է ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ից հետո: Իսկ Սիրիայից և այլ երկրներից բերված արհեստավարժ վարձկանները, բնականաբար, ավելի փորձառու են ու պատերազմին պատրաստ, քան տասնութ-քսան տարեկան արցախցի ու հայաստանցի տղաները: Բացի այդ, Արցախի ու Հայաստանի զենքը նախորդ դարի արտադրության է, իսկ թուրքերն ու ադրբեջանցիները հատուկ այս պատերազմի համար գնել են նորագույն սպառազինություն, ներառյալ ամերիկյան Ֆ-16 ինքնաթիռներն ու իսրայելական դրոնները: Այնպես որ Էրդողանն ու Ալիևը համոզված էին, որ այն պահին, երբ սկսվեն խաղաղ բանակցությունները, ամբողջ Արցախը նրանց ձեռքում կլինի, ու նրանք հեշտությամբ կհամաձայնվեն խաղաղությանը, քանի որ այլևս չի լինի մեկը, ում դեմ պատերազմեն: Բայց կատարվեց անբացատրելին: Այս տասնութ-քսան տարեկան հայ տղաները, կամավորականները՝ հնացած զենքը ձեռքին, ոչ միայն տանուլ չտվեցին հսկայական սպառազինված բանակին, այլև պայքարում էին հավասար պայմաններում ու նույնիսկ հաղթում էին: Կարծում եմ, պատմության մեջ մտած լեգենդար սպարտացիներից հետո այս տղաները նույնպես պատմության մեջ կմտնեն, քանի որ իրենց անկոտրուն ոգու և արիության շնորհիվ արեցին անհնարինը:

Բայց պետք է հասկանալ, որ թույլ չտալով բլիցկրիգ իրականացնել և գրավել իրենց հարազատ հողը, նրանք չեն կարող հավերժ պայքարել հարյուրավոր անգամներ իրենց գերազանցող թշնամու դեմ: Ընդ որում, երկու կողմից էլ զոհվում են հարյուրավոր ու հազարավոր երիտասարդներ: Նույնիսկ վարձկանները, որոնք ակնկալում էին, որ այս ամենը կավարտվի փոքրաթիվ կորուստներով, արդեն փոշմանել են, որ համաձայնվել են մասնակցել այս պատերազմին: Եվ ընդհանրապես, անկախ ռազմական գործողությունների ընթացքից, կարծում եմ, պետք է անհապաղ ձեռնարկել այն ամենը, ինչ հնարավոր է նրանց գոնե ժամանակավորապես կանգնեցնելու համար: Սա հնարավոր է տարբեր եղանակներով: Հենց Ադրեջանում, ըստ այլընտրանքային ադրբեջանական լրատվամիջոցների, արդեն բողոքի ալիքներ և նույնիսկ խռովություններ են սկսվել, որոնք պայմանավորված են նրանց կողմից մեծաթիվ կորուստներով: Բլիցկրիգը տապալելով, Էրդողանը լրջորեն թուլացրեց իր դիրքերը: Իմ ֆեյսբուքյան էջում ես երեք հրապարակում եմ արել այս պատերազմի վերաբերյալ, այնտեղ հղում կա «Ազատ Ադրբեջան» առցանց հարթակին և բազմաթիվ այլ հղումների, կան փաստեր ու վիճակագրություն, որոնք կարող են շատերին հետաքրքրել: Նույնիսկ այն պարագայում, որ այսօրվա իրավիճակը կապել է ամբողջ աշխարհի ձեռքերը, կարծում եմ, այուամենայնիվ, կարող ենք ակնկալել, որ աշխարհը ուշքի կգա, կզայրանա Արցախում այսօր տեղի ունեցող այս ցեղասպանությունը տեսնելով և կկայացնի գործուն որոշում այս պատերազմը դադարեցնելու համար: Նկատի ունեմ, որ Արցախում բախված երկու միջազգային սկզբունքներից՝ տարածքային ամբողջականության սկզբունքը, որը սովորաբան գերիշխող է համարվում, և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, համաշխարհային հանրությունը բացառության կարգով պետք է որոշում կայացնի ու Արցախի տարածքում հայտարարի ազգերի ինքնորոշման իրավունքի մասին սկզբունքի գերակայությունը: Կարծում եմ, սա պատերազմը կանգնեցնելու և մարդկանց մարտնչող ցեղասպանությունից փրկելու միակ ելքն է: Ալիևն ու Էրդողանն օգտվում են այն փաստից, որ Ստալինի որոշման (առանց որևէ հանրաքվեի) Արցախը 1920 թվականներին իրավաբանորեն դարձել է նորաստեղծ Ադրբեջանի մասը, և այսօր հենց այս փաստն է համաշխարհային հանրությանը կտրուկ գործողություններից հետ պահում: Եվ սա է Ադրբեջանի ագրեսիան արդարացնելու գլխավոր փաստարկը, չնայած բնակչության ճնշող մեծամասնությունն այնտեղ հայերն են: Բայց եթե համաշխարհային հանրությունն ու ՄԱԿ-ը որոշեն, որ կոնկրետ տվյալ իրավիճակում իրավաբանական պատկանելության ձևական փաստը պակաս կարևոր է, քան Արցախի 150 հազար բնակիչների կյանքը, որոնց թուրքերն ու ադրբեջանցիները, անշուշտ, արդեն սպանում են և չեն խնայի Արցախը գրավելու դեպքում, ապա, կարծում եմ, իրատեսական է բացառություն անել ու Արցախը անկախ ճանաչել: Ընդ որում, նույնիսկ կարիք չկա ապացուցելու, որ հայերն այնտեղ ապրել են դարերով, ինչը պատմականորեն ապացուցված է (փաստաթղթերի հղումները՝ իմ ֆեյսբուքյան էջում): Նման որոշման համար բավական է պաշտոնական վիճակագրությունը, որ վերջին 100 տարվա ընթացքում այնտեղ մշտապես բնակվել են առնվազն 85% հայեր, իսկ մնացածը՝ ռուս, եզդի և այլ ազգերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ ադրբեջանցիներ (խորհրդային տարիների ամենամյա վիճակագրությունն առկա է իմ ՖԲ էջում): Ընդ որում, դա արդեն Ադրբեջանին տրված տարածքում էր, որտեղ, ինչպես հայտնի է, իշխանությունները փորձել են դուրս քշել հայերին ու բնակեցնել ադրբեջանցիներով: Իսկ եթե խոսենք այն մասին, թե ովքեր էին այնտեղ ապրում նախկինում, ապա հարց է առաջանում. այդ ինչպե՞ս ստացվեց, որ արդեն քսանականներին հայերն այնտեղ այդքան մեծաթիվ էին, երբ ադրբեջանցիներն Արցախը իրենց երկրորդ հայրենիքն են համարում, որտեղից նրանց իբր վռնդել են: Կարծես թե, ամեն ինչ պարզ է, բայց քարոզչությունը, կանխամտածված խառնաշփոթն ու ապատեղեկատվությունը բերեցին սարսափելի արյունահեղությանը:  Եվ եթե արցախյան մարտիկները՝ ոչ թե Հայաստանի հրամանով, այլ որպես կամավորականներ, պարզապես պաշտպանում են իրենց մտերիմներին և այն տունը, որտեղ ապրում են, ապա Ալիևը ցինիկաբար զոհաբերում է երիտասարդ ադրբեջանցի և «լեզգի» տղաներին, որոնք երբեք այնտեղ չեն ապրել ու պարզապես գրավում են տարածքը նրա հրամանով, ու հազարներով զոհվում: Ալիևը նույնիսկ հրադադարը չպահպանեց, երկու անգամ խախտեց այն, իսկ հրադադարի նպատակը վիրավորների, գերիների ու զոհվածների մարմինների փոխանակումն էր: Ադբեջանական կողմից սպանված զինվորների թիվը շատ մեծ է, ու նա որոշել է նրանց այնտեղ թողնել, չվերադարձնել մարմինները մայրերին, կանանց ու քույրերին: Հենց դա է պատճառը, որ երեք շաբաթ պատերազմող ադրբեջանական կողմը մինչ օրս հրաժարվում է հայտարարել սպանվածների պաշտոնական թիվը: Կարծում եմ, այսօր հենց այն դեպքն է, երբ օրենքի ոգին պետք է գերիշխի դրա տառին: Ես այդպես եմ հասկանում ժամանակակից հումանիտար հասարակության սկզբունքը, որով աշխարհն այսքան հպարտանում է:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին