20 C
Yerevan
4 Օգոստոսի, 2020
89670.4 By Google Analytics 03.08.2020
Գլխավոր » Բոլոր այն ուժերը, որոնք կմիավորվեն ՈՉ-ի ներքո, դատապարտված են հերթական պարտության․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն

Բոլոր այն ուժերը, որոնք կմիավորվեն ՈՉ-ի ներքո, դատապարտված են հերթական պարտության․ Արման Բաբաջանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am-ի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ։

— Ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի մասին խորհրդարանում ունեցած ձեր հայտարարության ժամանակ նշեցիք, որ առաջարկում եք այն վերածել ապագային նվիրված միջոցառման։ Մյուս կողմից, սակայն, այս հանրաքվեն ուղղված է Սահմանադրական դատարանի գործող կազմի լիազորությունների դադարեցմանը, որն ամբողջությամբ անցյալի արտահայտություն է։ Հակասություն չկա՞ արդյոք ձեր առաջարկում։

Ոչ, որևէ հակասություն չկա։ Իրականում, ՍԴ գործող կազմի գոյությունը միայն առաջին հայացքից է անցյալին վերաբերող խնդիր։ Այո, ծագումնաբանության առումով Սահմանադրական դատարանի գործող կազմը սերում է անցյալից, բայց գործառութային նշանակության իմաստով այն խոչընդոտում է ապագային, վաղվա օրվա ծրագրերի իրականացմանը։ Ես, ի դեպ, այս մասին, երկրում առկա սահմանադրական ճգնաժամի գոյության մասին խոսել եմ շատ վաղուց, շատ ավելի վաղ, քան գործող իշխանությունը հասկացավ, որ սահմանադրական դատարանի ներկայիս կազմը խոչընդոտում է երկրում իրական բարեփոխումների իրականացմանը, հատկապես դատաիրավական ոլորտի բարեփոխումների կյանքի կոչմանը։ Այսինքն՝ այս տեսանկյունից գործող սահմանադրական դատարանն ուղղակի խոչընդոտ է նոր Հայաստանի կառուցման ճանապարհին, այն Հայաստանի կերտման գործընթացում, որի հիմքը դրվել է 2018 թվականի թավշյա հեղափոխությամբ։

Հետևաբար, ապրիլի 5-ի հանրաքվեին մենք պետք է վերաբերվենք ոչ թե որպես անցյալի դեմ պայքարի ճակատամարտի, ինչպես արդեն իսկ սկսել են ներկայացնել գործող իշխանության որոշ ներկայացուցիչներ, այլ ճիշտ հակառակը՝ որպես ապագային ուղղված կարևոր հանգրվանի։ Իսկ դա նշանակում է, որ մենք, ԱՅՈ ասելով հանրաքվեին, ոչ թե ՈՉ ենք ասելու անցյալին, կրկին ինչպես հայտարարում են իշխանության շատ ներկայացուցիչներ, այլ ԱՅՈ ենք ասելու ապագայի, վաղվա օրվա կառուցմանը։ Ես հանրաքվեին վերաբերվում եմ հենց այս դիտանկյունից, և ինքս հենց այդ ուղերձով եմ մասնակցելու քարոզարշավին։ Իմ գաղափարակից ընկերների, համախոհների հետ մենք հանրությանը փորձելու ենք հասցնել այն ուղերձը, որ ապրիլի 5-ը ոչ թե անցյալի հետ հաշիվներ մաքրելու ակտ է, այլ ապագային ուղղված կարևորագույն քայլ։ Սահմանադրական ճգնաժամը հանրաքվեի միջոցով հաղթահարելու տարբերակի ամենակարևոր բաղադրիչն այն է, որ դրա հիմնական սուբյեկտը դառնում է հասարակությունը, ՀՀ քաղաքացին, որն ինքն է իրեն վերադարձնելու իրենից խլված Սահմանադրությունն ու սահմանադրական կարգը։ Սա չափազանց կարևոր իրողություն է, ինչպես այն արձանագրումը, որ նախկինում երբեք սահմանադրությունն այսչափ կարևոր չի եղել քաղաքացու համար։ Սա կրկնակի կարևոր է այն առումով, որ իրականության մեջ պետության և քաղաքացու միջև միակ պայմանագիրը լայն իմաստով հենց Սահմանադրությունն է, որը պետք է գործի անխախտ, առանց տարընկալումների։ Եվ ապրիլի 5-ին հասարակությունը կնքելու, վերակնքելու է պետության հետ այդ դաշինքը, վերադարձնելու է իրենից խլված այդ պայմանագիրը։

— «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի պատրաստվում ձևավորել ՈՉ-ի շտաբ, թեև նրանք սահմանադրական հանրաքվեն համարում են հակասահմանադրական։ Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված «Լուսավոր Հայաստանի» նման դիրքորոշումը։ Ընդհանրապես, ո՞ր ուժերի կողմից կարող է ձևավորվել ՈՉ-ի շտաբ կամ իրականացվել ՈՉ-ի քարոզարշավ, և ինչպե՞ս եք գնահատում դրա հնարավորությունները։

Դժվարանում եմ գնահատել «Լուսավոր Հայաստանի» որոշման դրդապատճառները։ Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե իրենք այս հանրաքվեն համարում են հակասահմանադրական, ինչի հետ ես, իհարկե, համաձայն չեմ, ապա պետք է ակտիվորեն պայքարեն դրա դեմ։ Նրանք, սակայն, ըստ ամենայնի ընտրել են պասիվ պայքարի մարտավարություն, որովհետև ստեղծված իրավիճակում չեզոքությունն իրականում հավասարազոր է ՈՉ-ին, խնդիրը շատ միանշանակ է՝ կամ կողմ ես սահմանադրական փոփոխություններին, կամ դեմ։ Եվ իրականում պասիվ կեցվածք որդեգրողները համալրելու են ՈՉ-ի շարքերը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե որ ուժերը կարող են ակտիվ ՈՉ-ի քարոզարշավ իրականացնել, ապա կարծում եմ՝ ակնհայտ է, որ դրանք բոլոր այն ուժերն են, որոնց համար հեղափոխությունն արժեցել է իշխանություն և ազատություն, այսինքն՝ բոլոր հակահեղափոխականները, տարբեր անվանումներով ու դիմակներով հանդես եկող նորահայտ միավորները, որոնց բոլորին միավորում է պայքարը հեղափոխության դեմ։

Այդ առումով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կունենա նաև ածանցյալ դրական էֆեկտ՝ մենք կտեսնենք բոլոր հակահեղափոխական ուժերին մեկ վայրում կամ մեկ բևեռում։ Ինչ վերաբերում է այդ ուժերի հնարավորություններին, ապա խորապես կասկածում եմ, որ նրանք կարող են հաջողության հասնել, քանի որ ինչ փաստարկներ էլ ներկայացնեն, ինչ մանիպուլյացիաների էլ դիմեն, հասարակությունն իմաստուն է և հասկանալու է, որ նրանց իրական նպատակը անցյալի վերադարձն է, անցյալի վերջին բաստիոնի պահպանումը։ Իսկ մեր հասարակությունը, եթե անգամ դժգոհ լինի գործող իշխանությունից, միակամ է անցյալը մերժելու հարցում։ Այնպես որ, բոլոր այն ուժերը, որոնք կմիավորվեն ՈՉ-ի ներքո, դատապարտված են հերթական պարտության։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն օրերի տարբերությամբ հաջորդելու է Արցախում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին։ Ձեր կարծիքով՝ ներհայաստանյան գործընթացները ինչպե՞ս կարող են ազդել արցախյան ընտրական զարգացումների վրա։

— Հույս ունեմ, հավատացած եմ, որ սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի ընթացքում Հայաստանում կուտակված, ակտիվացած հանրային էներգիան, հասարակության էմոցիոնալ ֆոնը միմիայն դրականորեն կազդի Արցախի ընտրությունների վրա։ Որովհետև իրականում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն և Արցախի ընտրությունները խորքում մեկ նպատակի են ծառայում՝ հայկական պետությունների անվտանգության ու դիմադրողականության բարձրացմանն ու ամրապնդմանը։ Եվ ես շատ ուրախ եմ, որ այդ երկու կարևոր համապետական միջոցառումները տեղի են ունենալու գրեթե միաժամանակ։ Երկուսից էլ մենք դուրս ենք գալու ավելի ամրացած ու հզորացած։

Մինչև ապրիլի 5-ը դեռ գործելու է Սահմանադրական դատարանի գործող կազմը։ Ձեր կարծիքով՝ այդ ընթացքում ՍԴ գործող անդամները կարո՞ղ են կայացնել այնպիսի որոշումներ, որոնք էական ազդեցություն կունենան ընթացիկ զարգացումների վրա։

— Իրականում կա նման վտանգ, և դա առաջին հերթին վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի գործին, որի վերաբերյալ Սահմանադրական դատարանի՝ Վենետիկի հանձնաժողով և ՄԻԵԴ ուղարկված դիմումների պատասխանները ստացվելու են մարտ ամսին։ Հետևաբար, առաջնային խնդիր է որևէ կերպ թույլ չտալ, որպեսզի ՍԴ գործող կազմն այդ հարցով վճիռ կայացնի։ Դա թույլ չտալու բոլոր իրավական հիմքերն առկա են, քանի որ ՍԴ-ի գործող կազմի անդամները արդեն իսկ կողմնակալ կարծիք են հայտնել Քոչարյանի գործով, դրա վերաբերյալ կան արձանագրություններ, որոնք, հուսամ, առաջիկայում կդառնան հանրության սեփականությունը։ Խոսքս անցած տարվա նոյեմբերին ՍԴ նախագահի գլխավորած պատվիրակության՝ Լատվիա կատարած այցի ընթացքում ՍԴ անդամների՝ Քոչարյանի գործով հայտնած կարծիքների մասին է։

Ես դրանց վերաբերյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքով դիմել եմ ԱԺ նախագահին ու վարչապետին և  հույս ունեմ, որ առաջիկայում՝ դիմումներիս պատասխանները ստանալուն պես, այս հարցը կդառնա հանրային ու քաղաքական քննարկման առարկա՝ հիմք հանդիսանալով ՍԴ գործող կազմին Քոչարյանի գործով վճիռ կայացնելու հնարավորությունից զրկելու համար։ Բացի դրանից՝ չափազանց կարևոր եմ համարում պետության բռնազավթման գործում Սահմանադրական դատարանի ունեցած դերակատարությանը գործող Ազգային ժողովի կողմից իրավաքաղաքական գնահատական տալու հնարավորությունը։

Գործող Սահմանադրական դատարանը, լինելով նախորդների իրավահաջորդը, ամբողջական պատասխանատվություն է կրում պետության զավթման, ընտրական հանցագործությունների օրինականացման գործում ունեցած հանցակցության ու դերակատարության համար, և միայն համարժեք իրավաքաղաքական գնահատականի դեպքում այս խնդիրը կարող է համակարգային լուծում ստանալ։ Այդ գործընթացը պետք է ուղեկցվի լյուստրացիայի ու բարեվարքության մեխանիզմների ներդրմամբ, որ կվերաբերի ոչ միայն ՍԴ գործող անդամներին, այլ առավելապես նաև Սահմանադրական դատարանի ապագա անդամներին։ Միայն այս քայլերի համաժամանակյա, զուգակցված իրագործման դեպքում մենք կարող ենք համալիր, ինստիտուցիոնալ լուծում տալ երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամին։

Նմանատիպ Հոդվածներ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչներն առաջիկա օրերին կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ

Սերինե

Սահմանադրական դատարանի դատավորի՝ կառավարության թեկնածուն Վահրամ Ավետիսյանն է (տեսանյութ)

Սերինե

Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ. վարչապետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին