8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Գազի սակագնի հերթական ոդիսականը
Գլխավոր Նորություններ

Գազի սակագնի հերթական ոդիսականը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ներկայացնում ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հոդվածը՝ NewArmenia.am կայքի համար․

«Անցած տարվա վերջին օրը հայտնի դարձավ, որ 2020 թվականին «Գազպրոմը» կշարունակի Հայաստանին գազ մատակարարել գործող պայմաններով, այսինքն՝ հայ-վրացական սահմանի համար 165 դոլարով՝ 1000 խմ-ի դիմաց։ Այդ մասին հաղորդել է ընկերության մամուլի ծառայությունը։

Հարկ է նշել, որ այսօրվա դրությամբ Հայաստանը Ռուսաստանից գազ գնող այլ պետություններից որոշակիորեն ցածր գնով է դա անում։ Բացառություն է, իհարկե, Բելառուսը։

Թե անցյալ տարի և արդեն այս տարի շատերը թե’ մասնագիտական շրջանակներից, թե’ քաղաքական հայտարարություններ էին տարածում, որ 2020թ-ին գազի սակագինը կբարձրանա, հիմնականում պայմանավորված այն հանգամանքով, որ 2019թ.-ին չնայած գազի գինը ՀՀ սահմանին բարձրացավ՝ 150ԱՄՆ դոլարից հասնելով 165-ի՝ 1000խմ-ի հաշվով, սակայն սպառողների համար սակագինը մնաց անփոփոխ: Հասկանալի է, որ նմանատիպ հարցադրումները, քննարկումները պայմանավորված էին նաև նրանով, որ անցյալում ՀՀ պատասխանատուների պարզաբանումները գազի գնի, սակագնի փոփոխությունների վերաբերյալ իրականությանը հաճախ չեն համապատասխանել:

Այսօրվա ստեղծված իրավիճակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ սակագնի բարձրացման մասին հանակարծակի հայտարարեց հանրային ծառանությունների կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)՝ հանձինս իր ղեկավարի: Ավելին, «Գազպրոմ Արմենիան» դրան ի պատասխան հայտարարեց, որ իրենք դեռ այդպիսի առաջարկություն չեն արել հանձնաժողովին և շարունակում են ուսումնասիրությունները, որի ավարտից հետո միայն պարզ կլինի բարձրացնելու անհրաժեշտություն կլինի, թե՝ ոչ:

Ինչու՞ կարևորեցինք այս ամենը: Մի պարզ պատճառ կա՝ այս իրավիճակը չէր լինի և հետագայում չի լինի, եթե  կառավարության համապատասխան ստորաբաժանումները՝ նախարարությունը, ՀԾԿՀ-ն  և  «Գազպրոմ Արմենիա»-ն աշխատեին թափանցիկ, հրապարակային: Օրինակ, մինչ այսօր այդպես էլ հանրությանը չներկայացվեցին այն ուսումնասիրությունները,  որոնք վերաբերվում էին  գազի սակագնի ձևավորման հիմնավորումներին, այդպես էլ ոչինչ  չարվեց 2013թ. դեկտեմբերի հայտնի գործարքի օրինականությունը ճշտելու, այդ գործարքին գնահատական տալու առումով, որի հետևանքները ՀՀ տնտեսության վրա խիստ բացասական էին և մնում են այդպիսին մինչ օրս, օրինակ այդ պայմանագրի համաձայն Հայաստանը ոչ միայն չի կարող երրորդ երկրից գազ գնել, այլ իր տարածքը որպես տարանցիկ ճանապարհ կարող է օգտագործել միայն Գազպրոմի թույլտվությամբ:

Իսկ ինչու՞ պետք է գազի սակագինը բարձրանա, ինչպես նաև ինչու՞ պետք է աճի նաև ՀՀ մատակարարվող գազի գինը սահմանին: Արդյո՞ք դա պայմանավորված է ինչ որ տնտեսական գործընթացներով, թե՞ կան այլ պատճառներ: Գազի սակագնի ձևավորման շղթան այսպիսին է՝ գազի արդյունահանման գին + տեղափոխման գին մինչ ՀՀ սահման + ներպետական ծախսեր՝ տեղափոխում, սպասարկում, կորուստներ + շահույթ: Այս շղթայում էլ պետք է փնտրել գազի գնի կամ սակագնի թանկացման պատճառը:

Երբ մեզ ասում են, որ սահմանին գազի գինը թանկացել է, պետք է ասեն նաև թե ինչ պատճառով: Այսօր աշխարհում միտումը հակառակն է՝ գազի համաշխարհային գները թե պայմանագրային, թե բորսային նվազում են: Պատճառը արդյունահաման ծավալների աճն է՝ պայմանավորված  նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, նոր հանքավայրերի շահագործմամբ,  ինչպես նաև սպառման ծավալների նվազեցմամբ: Այսպես,  մեղմ ձմռան պատճառով Եվրոպայում գազի պահանջարկի կտրուկ անկումն է ապրում, առ այսօր այդ պահանջարկն առավելապես ապահովվում է դեռ 2019 թ.-ին գազի պահուստարաններում մնացած գազի շնորհիվ: Այս ամենի արդյունքում Եվրոպայում  կտրուկ նվազեց Ռուսաստանից ներկրվող գազի գինը՝ հասնելով ռեկորդային 120 դոլարի:

Մինչդեռ 2018 թ. Եվրոպայում ռուսական գազի գինը հասնում էր 235-240 դոլարի՝ ընդամենը մեկ տարվա ընթացքում աճելով շուրջ 25 տոկոսով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպան վերջին 40 տարիների ընթացքում ռուսական բնական գազի թիվ մեկ ներկրողն է, նշված տատանումները չէին կարող չազդել «Գազպրոմի» ընդհանուր գնային քաղաքականության վրա: Նույն պատկերը գազի բորսայում է, որտեղ արդեն երկար ժամանակ գազի համաշխարհային գինը նվազում է: Ստացվում է, որ մեր սպառողների հաշվին ուզում են պակասեցնել վնասները, միգուցե այլ պատաճառ կա, սակայն մինչ հիմա որևէ բացատրություն այդ խնդրի առնչությամբ չկա: Սա մինչ սահմանի մասով, իսկ հանրապետության տարածքում տարիներ շարունակ տեղի ունեցող երևույթը՝ մոտ երկու անգամ սահմանի գնից ավելի գնով բնակչության մեծ մասին գազ վաճառելը մնացել է հանելուկ, չպարզաբանված մինչ օրս:  

Կարծում ենք, որ այսօր և հետագայում նույնպես ՀՀ-ի համար շատ կարևոր է էներգետիկ ռազմավարության շրջանակներում հստակություն մտցնել գազի համակարգի ապագա զարգացումների մասին նույնպես։ Խնդիրը կայանում է նրանում, որ այն ռազմավարությունը, որն իրականացվում է այդ բնագավառում իրեն սպառել է, ապացույցը՝ գազի ներմուծման ծավալների կրճատումն է վերջին երեք տարիների ընթացքում: Երկրորդ, համատարած գազաֆիկացման գաղափարի իրականացումը փաստացի դարձել է անարդյունավետ, սակագնի բարձրացման հիմնական պատճառ, և որի արդյունքում է նաև, որ գազը  շատերի համար շարունակում է մնալ անհասանելի, արդյունքում ՀՀ-ում միջին աշխատավարձով կարելի է գնել ըմդամենը 1439խոր.մ գազ, Վրաստանում՝ 2646խոր.մ:  Այդ ծրագրերի շրջանակում, Հայաստանը այդպես էլ, ցավոք սրտի, չդարձավ էլեկտրաէներգիա արտահանող, գազի տեղափոխման տարանցիկ երկիր:

 Հեռանկարի առումով, կարևոր է նաև իրականացնել հետևյալը՝                              

ա/ վերանայել բնական գազի սակագնի հաշվարկի մեթոդաբանությունը,                   

բ/ բարձրացնել գազամատակարարման համակարգում գործող ընկերությունների գնումների գործընթացի արդյունավետությունը,                                                              

գ/ մշակել գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի

որոշման նոր մեթոդաբանություն:

Մեկ նկատառում ևս, հանրային ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպությունների համար պետք է սահմանել այնպիսի կարգեր, պահանաջներ, որոնք ներկայացվում են պետական  կազմակերպություններին»։            :                                                                                                            

Նմանատիպ Հոդվածներ

Ես չեմ բացառում, որ Գազպրոմը գազի գնի թանկացման հայտ ներկայացնի, ոչ էլ պնդում եմ․ Մհեր Գրիգորյան

Diana Amirkhanyan

2020 թ․-ին ՀՀ համար ռուսական գազը չի թանկանա, ինչը ապացուցում է հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական լինելը․ Գևորգ Պապոյան

Աշխեն

Մինչև ապրիլ գազի սակագնի փոփոխման հայտ չի ներկայացվի․ փոխվարչապետ

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին