Գլխավոր » Գանգստերը հանգիստ չէ նաև գերեզմանում
Աշխարհ

Գանգստերը հանգիստ չէ նաև գերեզմանում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ինչպես տեղեկանում ենք BBC լրատվական գործակալության ռուսական ծառայությունից, Ինդիանա նահանգի իշխանությունները հավանություն են տվել նախորդ դարի 30-ական թվականների ամերիկյան հայտնի գանգստեր Ջոն Դիլինջերի մարմինը գերեզմանից հանելու մասին պահանջին:

Դիլինջերի մարմինը պահանջում են հանել նրա հարազատները, որոնք համոզված են, որ Ինդիանապոլիսի Քրաուն Հիլլի գերեզմանատանը հուղարկավորվել է այլ մարդ: Նրա զարմիկն ու զարմուհին համարում են, որ 1934 թվականին Չիկագոյի «Biograph» թատրոնում, որտեղ, ինչպես պաշտոնապես ասվում է, մահացել է Դիլլինջերը, սպանել են ոչ այն մարդուն: Հարազատների խոսքերով, իրենց մոտ կա այն բանի վկայությունը, որ գերեզմանում Դիլինջեր անվամբ թաղված տղամարդը աչքերի ուրիշ գույն և այլ մատնահետքեր ունի:

Ըստ համընդհանուր վարկածի՝ Դիլինջերին Չիկագոյում գնդակահարել են ՀԴԲ-ի գործակալները, ինչից հետո նրան թաղել են նահանգի մայրաքաղաքում: ՀԴԲ-ում հարազատների պնդումներն անվանում են  «հեղաշրջման թեորիա», ու դեռևս օգոստոսին թվիթերյան էջում այդ գերատեսչությունը հայտարարել էր, որ ունի շատ մեծ ծավալի ապացույցներ այն մասին, որ Դիլինջերն իրոք մահացել է Չիկագոյի թատրոնում: 

Գերեզմանատան ադմինիստրացիան Ինդիանայի առողջապահության դեպարտամենտի որոշումը բողոքարկել է դատարանում, այդ իսկ պատճառով գերեզմանը փորելը կարող է հետաձգել կամ էլ ընդհանրապես արգելվել: Սակայն տվյալ պահին նշանակված է այդ գործողությունն իրականացնելու օրը` 2019 թվականի դեկտեմբերի 31-ը:

Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանում ԱՄՆ-ում բնակվող գանգստերը 1930-ական թվականներին ղեկավարում էր բանկեր թալանող ավազակախումբը: Իր հանցագործ կարիերայի ընթացքում Դիլինջերը երկու անգամ փախել է բանտից և ԱՄՆ-ում վաստակել «հասարակության թիվ մեկ թշնամի» կոչումը: Իշխանություններն ինչ-որ պահի խոստացել էին տասը հազար դոլար պարգևատրում ցանկացած մարդու, որը կօգներ բռնել գանգստերին:

Ի դեպ, 2009 թվականին ռեժիսոր Մայքլ Մաննի նկարահանած «Public Enemies» կինոնկարում նրա դերը  խաղում էր Ջոնի Դեփը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին