26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » «Դադարեցրե’ք քաղաքական շահարկումները». Արսեն Թորոսյանը հիմնավորեց որոշ ծննդատներ փակելու որոշումը
Գլխավոր Նորություններ

«Դադարեցրե’ք քաղաքական շահարկումները». Արսեն Թորոսյանը հիմնավորեց որոշ ծննդատներ փակելու որոշումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մոր և մանկան առողջության բարեփոխումների գործընթացին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ձեռնամուխ է եղել իր նշանակումից անմիջապես հետո: Ինչպես այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց Արսեն Թորոսյանը, սա մեր առողջապահական համակարգի ամենակարևոր խնդիրներից մեկն է և կարևոր է ծնելիության, ապագա սերնդի առողջության համար: Ըստ նրա` օրենքը լրջորեն քննարկվել է և դրանում միայն մասնագիտական չափանիշներ են` սկսած ծնունդների թվից, մահճակալների թվից, կարողություններից, անգամ սանիտարահիգիենիկ պայմաններից մինչև այն, թե տարբեր մակարդակների ծննդատներն ինչ իրավունք ունեն անելու: Նախարարը նշեց, որ կազմվել են ծննդատների անձնագրերը, որոշվել են կարգերը: 

«Սա շատ թափանցիկ, վաղուց սկսված և տրամաբանական գործընթաց է, որը շարունակական է լինելու»,- ասաց Ա.Թորոսյանը:

Նա տեղեկացրեց, որ Գառնիի, Ջերմուկի և Արագածի ծննդատները պրակտիկորեն չէին աշխատում, իսկ Մարալիկի, Աչաջրի, Արտենիի, Արծվաբերդի, Ծաղկահովիտի, Քաջարանի առողջության կենտրոններում, որոնք փաստացի հիվանդանոցներ էլ չեն, այլ նախկին գյուղական ամբուլատորիաներ են, և «Նաիրի» ԲԿ-ում, որը Եղվարդի առողջության կենտրոնն է, տարեկան ծնունդները 150-ից պակաս են եղել: Թե ինչո՞ւ պետք է առնվազն 150 ծնունդ լինի, նախարարը նշեց, որ իրականում դա էլ շատ ցածր թիվ է ծախս-արդյունավետություն-որակ տեսանկյունից, և սկզբից քննարկվում էր նվազագույնը 300 թիվը:

«Մենք ուզո՞ւմ ենք մանկական, հատկապես` նորածնային, և մայրական մահացությամբ լուրջ զբաղվենք, թե՞ չենք ուզում»,- հռետորական հարց հնչեցրեց Թորոսյանը` հավելելով, որ եթե ուզում ենք, ապա իրենց որդեգրած քաղաքականությունը միանշանակ ճիշտ է, և եթե այդ սկզբունքը քաղաքացիների համար ընդունելի են, ապա բանակցելու շատ բան չկա, իսկ եթե ոչ, ապա երկրում լուրջ խնդիր կա:

Նա նաև հարցադրում արեց, թե ի՞նչ է արվելու, եթե հրատապ անհրաժեշտություն է առաջանում կեսարյան հատման, բայց ծննդատանը վիրահատարան չկա: Ա.Թորոսյանի խոսքով` կարելի է չվտանգել հղիի ու երեխայի կյանքը և պլանավորել: Նախարարը ներկայացրեց իր կատարած վարժությունը, թե փակման ենթակա ծննդատներից ինչ հեռավորության վրա են մոտակա ծննդատները` 20-30 և ավելի րոպե, և կոչ արեց քաղաքական շահարկումները դադարեցնել:

Հնչող մեղադրանքին, թե եթե ծննդատները փակում եք, ո՞նց եք ծնունդներն ավելացնելու, Ա.Թորոսյանը հակադարձեց, որ դա անելու են ծննդաբերող կանանց պատշաճ բուժօգնության ծառայություններ մատուցելով և մարդկանց` ծննդաբերելու ցանկությունն ավելացնելով:

Նա նշեց, որ 2018 թ. համեմատ 2019 թ-ին նախնական տվյալներով ծնունդների նվազում է սպասվում, սակայն անկման տեմպն ավելի ցածր է, քան 2017 թ-ի համեմատ 2018-ին, երբ եղել է 1000 ծննդով քիչ, իսկ 2018-ի համեմատ 2019-ին եղել է 700-ով քիչ. «Եթե այսպես գնա, մենք ունենալու ենք 0-ական մակարդակ, ապա կունենանք աճ, այսինքն` ծնելիության վիճակը լավանում է և դեմոգրաֆիկ վիճակը շտկվելու մեծ շանսեր ունի: Այսինքն` ոչ պատշաճ ծննդատուն պահելով չէ, որ մենք պետք է ավելացնենք ծնունդների թիվը»:

Անդրադառնալով Կոտայքի մարզպետի հայտարարությանը, թե ամեն ինչ անելու են Եղվարդի ծննդատունը պահելու համար՝ Ա.Թորոսյանը նշեց, որ դա միակ ծննդատունն է, որ ծնունդների թվով մոտ է սահմանված չափանիշներին և չունի սարքավորումների, կադրերի խնդիր, և քննարկում են «Նաիրի» ԲԿ-ի համար որոշ ժամանակով մորատորիում հայտարարել ու տեսնել, թե արդյոք կկարողանա՞ն ստանալ գոնե 1-ին կարգ:

Նմանատիպ Հոդվածներ

Բոլորիս ջանքերն արդյունք են տալիս. Արսեն Թորոսյան

Նատա Հարությունյան

Հայաստանի առողջապահական համակարգը լիովին պատրաստ է կորոնավիրուսի երկրորդ ալիքին․ Թորոսյան

Նատա Հարությունյան

Պիկը հուլիսի 6-ին էր․ Արսեն Թորոսյանը՝ Հայաստանում նոր կորոնավիրուսի իրավիճակի մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին