23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91961.6 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Դատախազությունը հերքում է, թե Ծառուկյանի առանձնատանը նաև ՔԿ-ն է հունիսի 14-ին խուզարկություն արել. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Դատախազությունը հերքում է, թե Ծառուկյանի առանձնատանը նաև ՔԿ-ն է հունիսի 14-ին խուզարկություն արել. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հունիսի 14-ին, երբ Ազգային անվտանգության ծառայությունը փորձել է մուտք գործել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն եւ խուզարկություն իրականացնել, սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. ԱԱԾ աշխատակիցները անսպասելի կերպով բացահայտել են, որ ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցները եւս գտնվում են Գագիկ Ծառուկյանի առանձնատանը` «Պարտեզ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպի գործով խուզարկության նպատակով։ Այդ գործի հետ առնչվում է Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը։ Երկու իրավապահ մարմինները սկսել են խոսակցություն ունենալ Ծառուկյանի առանձնատանը, թե ինչպես է մեկը մյուսի գործողություններին խանգարում, եւ պետք մի ուժային կառույցը դուրս գա տարածքից:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Քննչական կոմիտեն ընդամենը Գագիկ Ծառուկյանի որդուն ծանուցում է տվել՝ հարցաքննության ներկայանալու, եւ հեռացել դեպքի վայրից, որից հետո էլ ԱԱԾ-ն անցել է իր գործողություններին: «Ժողովուրդ» օրաթերթն իր ունեցած տեղեկության շուրջ զրուցեց Գագիկ Ծառուկյանի պաշտպան Երեմ Սարգսյանի հետ, որը հաստատեց տեղեկությունը՝ նշելով. «Իմ տեղեկություններով՝ նույն օրը նաեւ Քննչական կոմիտեն խուզարկության ընթացքում ծանուցագիր է բերել: Քննչական կոմիտեն մինչեւ հիմա խուզարկություն չի կատարել, այն ժամանակ՝ սկզբնական փուլում, կատարել է, բայց հիմա չի կատարել, քանի որ չկա դատարանի որոշում: Իմ կարծիքով՝ Քննչական կոմիտեն չի էլ իմացել, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է կատարելու, քանի որ խուզարկությունը գաղտնի գործողություն է, եւ չեմ էլ կարծում, որ դա այլ մարմին պետք է իմանար»: Ստացվում է՝ իրավապահ մարմինները միմյանցից տեղյակ չեն եղել: ԱԱԾ-ն ու քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի առանձնատանն են «բախվել» միմյանց, մինչդեռ ՀՀ դատախազությունը՝ որպես քրգործերով վերահսկող մարմին, պարտավոր էր իրավիճակը վերահսկել: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ պատասխանեցին. «Նման պնդումները դատախազությանը թիրախավորելու հերթական անլուրջ փորձն են: Նախ՝ քրեական դատավարության օրենսդրութունը որեւէ կերպ չի բացառում, քննության շահերից ելնելով եւ հանցագործությունների լիարժեք բացահայտման օբյեկտիվ անհրաժեշտությամբ պայմանավորված, տարբեր քննչական մարմինների կողմից իրենց վարույթում քնվող քրեական գործերի շրջանակում միեւնույն վայրում օրենքով սահմանված կարգով քննչական գործողությունների իրականացումը:

Նման իրավիճակները քննչական մարմինների բախում որակելն իրավական որեւէ հիմք չունի: Բայց անգամ այդ պարագայում խմբագրության «անանուն աղբյուրները» հերթական անգամ մոլորության մեջ են գցել ձեզ, քանի որ նշված օրը Գագիկ Ծառուկյանի որդուն առնչվող քրեական գործով Գ. Ծառուկյանի առանձնատանը Քննչական կոմիտեի քննիչների կողմից քննչական գործողություններ առհասարակ չեն իրականացվել, եւ ձեր ունեցած տեղեկատվությունն իրականության հետ որեւէ աղերս չունի»: 

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին