Գլխավոր » Դատախազությունում հարցաքննությունից հետո գիշերը ժամը 12-ին, ձեռքս վիրահատված, ինձ «պիժամայով» թողեցին փողոցում կանգնած․էստեղ էլ հո ռուս չկար․ Էդուարդ Ասատրյան
Իրավունք

Դատախազությունում հարցաքննությունից հետո գիշերը ժամը 12-ին, ձեռքս վիրահատված, ինձ «պիժամայով» թողեցին փողոցում կանգնած․էստեղ էլ հո ռուս չկար․ Էդուարդ Ասատրյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«2008թ․ Մարտի 1-ին, առավոտյան շուտ, դեռ վեցը չկար, մենք զգացինք, որ ոստիկանների շարքերում աշխուժություն կա՝ նրանց շարքերը խտանում են և 6․30 հարձակվեցին։ Լևոն Տեր-Պետրոսյանին մեկուսացրին շատ արագ։ Ես այնքան էլ հեռու չէի, և տեսել եմ, թե ոնց նրա ձեռքերը ոլորեցին, տարան, բռի ձևով արվեց դա։ Հետո սկսեցին ջարդել, նաև  էլեկտրաշոկ էին օգտագործում։ NewArmenia.am-ի հետ զրույցում պատմեց ոստիկանների կողմից դաժան ծեծի ենթարկված, արդյունքում ձեռքի վիրահատություն տարած  Էդուարդ Ասատրյանը։

Այնուհետև նա պատմեց, որ այդ օրը ոստիկանական բռնությունների ժամանակ բռնցքամարտիկ Սամսոն Խաչատրյանը կարողացել էր ճեղք անել և 8-9 հոգի՝ այդ թվում ինքը, կարողացել էին դուրս գալ Ազատության հրապարակից, սակայն նրանց սկսել են հետապնդել, ինչից հետո որոշել են առանձնանալ, որ չթիրախավորվեն։

 «Որոշեցինք առանձին գնալ։ Ես բակերի միջով դուրս եկա դեպի Մաշտոցի պողոտա, նախկին «Պեպինո» սրճարանի մոտ։ Այնտեղ կանգառ կար մոտեցա կանգառին և հենց այստեղ հինգ հոգի ինձ բռնեցին։ Ռացիայով մեկն ասաց, պարոն Թամամյան, սրանցից մեկին ոնց որ բռնել ենք,ռացիայի միջից մեկն ասաց ես կմոտենամ ու հայտնվեց Թամամյանը՝ 4-5 հոգով։ Եկավ, ինձ տեսավ  ասեց էս էն նկարիչն ա ոնց որ, ձեռքի տոպրակը տվեք ինձ, վերցրեցին, իմ ձեռքերը բռնած ոստիկանները հարցրեցին՝ սրան ինչ անենք, նա էլ ասաց սատկացրեք, տարեք 6-րդ վարչություն։ Ու էդպես «սատկացրեցին» ու տարան։ Այդ ընթացքում գազելով մի պտույտ տվեցինք Օպերայի շուրջը ու տարան 6-րդ վարչություն, ես էդ պահն եմ հիշում»,- ասաց Էդուարդ Ասատրյանը։

Վերջինս պատմեց, որ ինքը երեք օր անհայտ կորածների մեջ է եղել, և այն սենյակը, որտեղ իրեն վնասված ձեռքով պահում էին, հերթապահություն էր գնում՝ երկու խմբով, և երկու խմբի ղեկավարների անունն էլ Արթուր էր, որոնք երկուսն էլ շատ լկտի պահվածք ունեին։

Էդուարդ Ասատրյանը հիշում է, որ այդ օրվա երեկոյան, 6-րդ վարչության մի աշխատակից իրեն տարել է Մարգարյան հիվանդանոց, որտեղ նրա ձեռքը կապել են, սակայն հետո պարզել են, որ նրա ուսն էր կոտրված և գիպս էին դրել, սակայն այդ վիճակով նրան նորից հետ էին տարել, ինչից հետո նրա  ուսը սկսել էր այտուցվել։

«Մարտի երեքի լույս չորսի գիշերը, որպեսզի չմնամ իրենց վրա՝ որպես մեռել, ինձ տանում են 6-րդ վարչությունից մի քիչ վերև, մի շենքի մոտ, որտեղ կային դեպի բակ իջնող աստիճաններ և թողնում այնտեղ․ գիշերը ժամը 2-ի սահմաններում։ Ինձ մի երիտասարդ արթնացրեց, և նրան տվեցի հորեղբորս հասցեն և նա իր մեքենայով ինձ տարավ հորեղբորս տուն։ Դրանից հետո ես գալիս եմ Եղեգնաձոր, Երևանում վտանգավոր էր, իսկ Եղեգնաձորում վիրահատություն չարեցին, և ես հայտնվեցի Արտաշատի հիվանդանոցում։ Այնտեղ մնացի 2-3 օր, երբ կարերս էին հանում, ինձ ցավազրկող էին սրսկել, ես այդ պահը լավ չեմ հիշում, կինս է պատմել, այնտեղ է ժամանում Արտաշատի ոստիկանապետը մի ութ հոգու հետ և ինձ գիշերազգեստով տանում են։ Երբ կինս պահանջել էր ծանուցագիրը ցույց տալ, նրանք միայն ավտոմեքանայի մեջ ինձ ցույց տվեցին այդ ծանուցագիրը, ապացուցելով, թե օրենք են պահպանում, սակայն այնպես չէր, որ դա օրինական հրավեր էր»,- ասաց Էդուարդ Ասատրյանը։

Վերջինիս Արտաշատի հիվանդանոցից տանում են դատախազություն, որտեղ միջանցքում նրան Աղվան Հովսեփյանն է հանդիպում և ասում, որ իր ընկերոջն էլ են բերել, ապա պահանջում,  որ Ասատրյանը խոստովանի, թե իբրև ընկերն իրեն փող է տվել և իրեն տուն կուղարկեն։

«Աղվանն ուզում էր, որ ես Բանուչյան Արշակի անունը տայի, նրան այդ օրը գտել էին, ինձ էլ Արտաշատից բերեցին, որ ես ասեմ, որ ինձ փող են տվել, որ ես շտաբի պետ եմ եղել։ Ես եղել եմ Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պատասխանատուն։ Եվ այդ ժամանակ  ես եղել եմ պիժամայով։ էդ որ ռուսներին ասում էին՝ ոնց կարելի էր, հայ վարորդին խալաթով տարել են բաժին։ Այդ օրը գիշերը ինձ ժամը 12-ին, ձեռքս վիրահատված, թողեցին փողոցում՝ պիժամայով կանգնած։ էստեղ էլ հո ռուս չկար։ Իրենք են չէ՞ պիժամայով ինձ փողոցում թողել»,- ասաց Էդուարդ Ասատրյանը։

 Դրանից առաջ, սակայն, Ասատրյանի կինը կապ է հաստատում այն ժամանակվա ՄԻՊ Լարիսա Ալավերդյանի հետ և տեղեկացնում ամուսնու հետ տեղի ունեցածի մասին և Լարիսա Ալավերդյանը գնում է դատախազություն, որ նրան գտնի։

Սակայն Աղվան Հովսեփյանն ասում է, որ նման բան հնարավոր չի, որ իրենց մոտ գիշերազգեստով մարդ բերած լինեն, սակայն հենց  իր հարցաքննության ժամանակ ներս է մտնում Լարիսա Ալավերդյանը՝ մի պաշտպանի հետ և հենց տեղում ասում, որ ահա Էդուարդ Ասատրյանը՝ գիշերազգեստով։

Այդ ընթացքում Ասատրյանի համար աղմուկ են բարձրացնում նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, գրող-հրապարակախոս Արմեն Հայաստանցին, ինչից հետո իրեն գիշերը ժամը 12-ին հինգ պակաս գիշերազգեստով դուրս էին հանել դատախազությունից։ Սակայն վերջինիս մոտ երկու ամիս ամեն օր կանչում էին դատախազություն, ձեռքը վիրահատված վիճակով պահում նրան այնտեղ մինչև ժամը 12-ը, որից հետո բաց թողնում։

Վերջինս նաև պատմեց, որ այդ օրերին իր մեծ դուստրը՝ Նանեն, որն այդ ժամանակ լրագրող էր, իսկ հիմա Վայոց ձորի փոխմարզպետն է, գնացել էր Ստամբուլ՝ դոկումենտալ ֆիլմերի փառատոնին մասնակցելու, իրավապահները չկարողանալով իրեն որևէ բանում մեղադրելու հիմք գտնել, ասել էին աղջիկդ այնտեղից փող է բերել։

«Իսկ, տղաս, որն օպերատոր է, 2008-ի փետրվարի 26-ի այն մեծ ու հայտնի հանրահավաքի կադրերն էր նկարել։ Նրան էլ էին փնտրում, նա երեք ամիս թաքնված է եղել։ Եվ ընդհատակից դուրս գալուց հետո էլ աշխատանք չէր կարողանում գտնել։ Իսկ երկու աղջիկներս, որոնք այդ ժամանակ դպրոցական էին, մարտի 1-ից մինչև մայիսի 25-ը, կնոջս մորաքրոջ տղայի տնից են դասի գնացել, մեր տանը մարդ չի եղել։ Իսկ մի անգամ, երբ ինձ բերեցին խուզարկության, մեր տանը ման էին գալիս դագանակ, ծակող սարքեր, զենք, ես պիտբուլ ունեի, վախեցել էին, որ ներս  մտնեին, և ինձ տարել էին այնտեղ, ես ասեցի, որ եթե դուք ինչ-որ շարժում անեք նա չի հասկանում, ուղղակի կբռնի ձեզ և ես չեմ կարող ազատել ձեզ։ Հաստատ ինչ-որ բան կգցեին իմ տանը, եթե շունս այնտեղ չլիներ»,- պատմեց Էդուարդ Ասատրյանը։  

Իդեպ, Էդուարդ Ասատրյանը  տնտեսագետի կրթություն ունի, սակայն նաև լուսանկարիչ է ու հիշում է, որ 1988-ի Շարժման ժամանակ էլ ակտիվ մասնակցություն է ունեցել և այդ ժամանակ էլ տեխնիկումում դասախոս էր՝ ակտիվության համար աշխատանքից ազատել էին։

Ուշագրավ է եղել նաև, թե ինչպես են նրա հետ վարվել նաև  2018-ի հեղափոխության օրերին։ Անցյալ տարի ապրիլի 18-ին Եղեգնաձորի թանգարանում պետք է տեղի ունենար նրա անհատական ցուցահանդեսը,  հրավիրատոմսերն ու բուկլետները արդեն տպված, Երևանից հյուրերն ու լրագրողները ժամանած, և հանկարծ  մարզպետ Հարություն Սարգսյանը զանգում է թանգարանի տնօրենին և ասում, որ ցուցահանդեսը չանի։

«Ասել էր, որ Ասատրյան էդուարդն այնտեղ է, դա միտինգի կվերածվի։ Եվ չթողեցին ցուցահանդեսն անել։ Բացի դա 60-ամյակիս նվիրված իմ մասին ֆիլմ էին նկարահանել, դա էլ չթույլատրեցին ցուցադրել, միայն Նարկեացի արվեստի միությունում ցուցադրվեց»,- ասաց նա։ Այնունհետև կատակով նկատեց՝ հուսամ, որ այս տարի 65-ամյակիս չեն զանգի ու չեն ասի փակեն ցուցադրությունս։ Իդեպ նոյեմբերի 4-ին նրա 65-ամյակն է նշվելու։

Նրանից հետաքրքրվեցինք, թե հեղափոխությունից հետո իրեն կամ որևէ այլ արվեստագետի կամ լրագրողի ստեղծագործական աշխատանքը խոչընդոտելու մասին որևէ բան լսել է թե ոչ, լուսանկարիչն ասաց․

«Ի հակադրություն ամեն ինչի, ասեմ, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը,  Գյումրիում՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահում, բացվեց «Անկախության գեղեցկությունը» լուսանկարչական ցուցահանդեսը և իմ երեք գործերն այնտեղ ներկայացված էին։ Արման Գրիգորյանն էր կազմակերպել ցուցահանդեսը։  Ընդ որում,  ինձ զանգեցին հրավիրեցին, իրենք էլ տպել էին կոլլաժները, Երևանից տարել հասցրել էին Գյումրի ու հետ բերել։ Ես կոպեկ էլ չեմ ծախսել»,- ասաց Էդուարդ Ասատրյանը։

Նա քմծիծաղող արձագանքեց մեր այն դիտարկմանը, որ այսօր նախկին իշխանություններից ում կանչում են հարցաքննության՝ ասում են, թե իրենց նկատմամբ ճնշումներ ու հալածանքներ են սկսվել՝ նմանեցնելով դա  37 թվի հետ։

 Իդեպ, Էդուարդ Ասատրյանը հիմա «Մարտի մեկի» գործով ճանաչվել է որպես տուժող։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին