27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92035.2 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Դատավոր Ազարյանն ազա՞տ է վիրավորել դատարանում. ԲԴԽ-ն մերժեց նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Իրավունք

Դատավոր Ազարյանն ազա՞տ է վիրավորել դատարանում. ԲԴԽ-ն մերժեց նրան պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վերաքննիչ քրեական դատավոր Ալեքսանդր Ազարյանը ԲԴԽ-ի որոշմամբ կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի և այսուհետ դատական նիստերի ժամանակ կարող է հանգիստ վիրավորական արտահայտություններ հնչեցնել մեղադրողի հասցեին: Նոր Հայաստանում դատավորների վեթինգի պատասխանատվությունը ստանձնած ԲԴԽ-ն Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ մերժեց Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու արդադատության նախարարի միջնորդությունը:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել արդարադատության նախարարի կողմից՝ ապրիլին: Կարգապահական վարույթի հարուցման պատճառը «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցի գործով դռնփակ դատական նիստում հնչեցված գնահատականն է: Դատավորը վիրավորական արտահայտություններ էր արել պաշտոնատար անձանց հասցեին՝ նշելով, որ դատարանը հույս ուներ, որ քննիչը չէր իջնի քննչական ծառայության պետի մակարդակին՝ վիճարկելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը:

Թերևս պատահական չէ, որ դատավոր Ազարյանի պաշտպանությունը հիմնականում ստանձնել են նախկին իշխանության ներկայացուցիչները. Վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալաքից ազատած դատավորներից է:

Ալեքսանդր Ազարյանը Մարտի 1-ի գործով 9 մեղադրական դատավճիռ է կայացրել:  Այդ վճիռների մի մասն արդեն իսկ բեկանվել են ՄԻԵԴ-ում: Փաստ է նաև, որ 2008-ին Ազարյանը ընդդիմության որևէ ներկայացուցչի չի արդարացրել: Տեղեկություն կա նաև, որ հենց նա է քննել Մխչյան գյուղից խանութների թալանի համար եկած անձանց գործերը, որոնց դատապարտել է պայմանական ազատազրկման:

Փաստաբան Մուշեղ Շուշանյանի խոսքով, դատավոր Ալեքսանդր Ազարյանը, 2008-2009թթ.-ին լինելով Երևանի քրեական դատարանի և Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, քննել է 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ շինծու քրեական մեղադրանքներով մեղադրվող մի շարք անձանց գործեր՝ խախտելով նրանց հիմնարար իրավունքները:

«6 տարի ընդհանուր ժամկետով ազատազրկման դատապարտված Արամ Բարեղամյանի գործով 2008թ.-ի հունիսի 14-ին կայացված դատավճռում դատավոր Ա. Ազարյանը, անտեսելով, որ Ա. Բարեղամյանը ինքն է հարված և մարմնական վնասվածք ստացել, նրա կողմից ոստիկանին հարվածելու փաստը հիմնավորված է համարել բացառապես ոստիկանների հակասական և անարժանահավատ ցուցմունքներով և Ա. Բարեղամյանի ցուցմունքները բացարձակապես անտեսելու գնով»,-նշել է փաստաբանը։

Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով՝ 2018 թվականի սեպտեմբերի 20-ի վճռում ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության միջամտության նպատակը եղել է Ազատության հրապարակում խաղաղ հավաքը ցրելը։ Նույն վճռով ՄԻԵԴ-ը փաստել է, որ Դիմողի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը հիմնված է եղել բացառապես ոստիկանների ցուցմունքների վրա։

«Էլ ավելի խայտառակ փաստերի կհանդիպենք դատավոր Ա. Ազարյանի կողմից քննված Մարտի 1-ի այլ գործերով։ Մասնավորապես՝ դատավոր Ա. Ազարյանը «չի նկատել» ոստիկանների կողմից խոշտանգվելու հետևանքով հաշմված Ֆելիքս Գևորգյանի ծանր մարմնական վնասվածքները և նրան դատապարտել է վերջնական 7 տարի ժամկետով ազատազրկման՝ ակնհայտ շինծու և հորինված մեղադրանքով, և հիմնվելով խոշտանգումների ազդեցության ներքո նախաքննության ընթացքում նրանից կորզված «ինքնախոստովանական» ցուցմունքի (դատարանում՝ Ֆ. Գևորգյանը հրաժարվել է այդ ցուցմունքից և պատմել իր գործը «կարճելու» հանգամանքները) վրա»,-գրել է փաստաբանը։

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին