Գլխավոր » Դեսպան Կոպիրկինը հայտարարությամբ երկրորդում է Պուտինին. ՀՀ-ՌԴ հարաբերությունները տեղափոխվում են նոր փուլ
Գլխավոր Նորություններ

Դեսպան Կոպիրկինը հայտարարությամբ երկրորդում է Պուտինին. ՀՀ-ՌԴ հարաբերությունները տեղափոխվում են նոր փուլ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երևանում ընթացող WCIT 2019 համաժողովին ներկա է եղել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ով լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հանդես է եկել ուշագրավ հայտարարություններով.

«Շատ հաճելի է, որ այս տարի համաշխարհային համաժողովը հավաքվել է այստեղ՝ Երևանում: Դա խոսում է այն մասին, որ Հայաստանն այս ոլորտում իրոք ունի շատ մեծ և կարևորը՝ միջազգային հանրության կողմից ճանաչելի ներուժ: Մենք ամուր կապեր ունենք, Ռուսաստանը, Հայաստանը, մենք մտնում ենք նույն ինտեգրացիոն միության մեջ, և այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Երևանում, այն ուղղակիորեն ազդում է մեր միության բոլոր երկրների վրա: Սա մեր ընդհանուր ներուժն է»,- ասել է Ս. Կոպիրկինը:

Այնուհետև, ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի գագաթնաժողովի առնչությամբ նշել է. «Ինձ թվում է, ինձ համար այն շատ նշանակալի է, քանի որ համաժողովը արտացոլեց Հայաստանի ակտիվ դերակատարությունը մեր եվասիական ինտեգրման զարգացման գործընթացում: Բոլորը գիտեն, թե ինչով է տարբերվել ներկայիս համաժողովը, որին մասնակցեցին Սինգապուրի վարչապետը, Իրանի նախագահը: Այսինքն այդ երկրները, այդ երկրների ղեկավարները ԵԱՏՄ-ի հետ հաստատեցին առանձնահատուկ կապեր»:

Իսկ Փաշինյան-Պուտին երկկողմ հանդիպումների մասին հայտարարել է. «Դա եղել է բավականին երկար շփում: Իմ տպավորությամբ բավականաչափ կառուցողական, որի ընթացքում քննարկվեցին մեր ներկա հարաբերությունների հիմնական առանցքային հարցերը: Ես վստահ եմ, որ այս հանդիպումը կտա իմպուլս զարգացնել մեր հարաբերությունները, լուծել այդ հարաբերություններում առկա խնդիրները»,- ապա նաև հավելել է, որ երկու երկրների ղեկավարների հարաբերությունները շատ «ամուր» են և շատ «վստահելի»:

Այս հայտարարություններում կարմիր թելի նման շատ հստակ ընդգծվում է այն մոտեցումը, որ Հայաստանը և Ռուսաստանը հավասարազոր գործընկերներ են: Եթե նախկինում ռուսական կողմից հնչում էին հայտարարություններ Հայաստանում նախատեսվող ներդրումների, աջակցության, օգնության մասին, որպիսիք սովորաբար լինում է հզոր պետության կողմից ավելի թույլ սուբյեկտի նկատմամբ, ապա այժմ Ռուսաստանի դեսպանը Հայաստանի մասին խոսում է՝ որպես հավասարը հավասարի: Այսինքն երկու պետությունների շփումների հիմքում դրվում է համագործակցությունը, փոխգործակցությունը՝ որպես հարաբերություններ երկու միմյանց հավասար սուբյեկտների միջև:

Ուշագրավ է, որ ռուսական կողմն ընդունում ու բարձրաձայնում է այն, որ Հայաստանը հանդես է գալիս ԵԱՏՄ-ում որպես նախաձեռնող, ակտիվ կողմ, որպես այդ միության շրջանակներում հարաբերություններ ստեղծող, հարաբերություններ զարգացնող, կառույցի ամրապնդման վրա դրական ազդեցություն ունեցող խաղացողի:

Դեսպանը շատ վստահ է խոսում երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունավետության մասին, նկատելով, որ շատ բարձր է գնահատվել նաև երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունների մակարդակը: Նկատենք, որ նախկինում ՌԴ դիվանագիտական օղակների կողմից ուղղվող այդպիսի շռայլ մեսիջները համեմատելի չեն այսօրվա մեսիջների հետ, քանի որ 2000-ականների Հայաստանի իշխանությունների սուվերենությունն ու այսօրվա Հայաստանի իշխանությունների սուվերենությունը համեմատելի չեն և դեսպանի խոսքերը այսօր շատ ավելին են նշանակում, քան նախկինում էին, շատ ավելի ամուր, իրական, գործընկերային շահերի վրա են հիմնված, քան տարիներ առաջ:

Հեղափոխությունից հետո հաճախակի էր խոսվում Նիկոլ Փաշինյանի հանդեպ Վլադիմիր Պուտինի ունեցած վերաբերմունքի մասին, նշվում էր, որ Պուտինը չի վստահում Փաշինյանին և այլն, սակայն թե՛ դեսպանն իր այսօրվա հայտարարությամբ, թե՛ ինքը Պուտինը հանդիպման ժամանակ իրենց խոսքերով հակառակն են ցույց տալիս: Համենայնդեպս, ակնհայտ է, որ երկու երկրների ղեկավարների միջև հարաբերությունները սկսել են արագ և դինամիկ զարգանալ:

Հիշեցնենք, որ Վ. Պուտինը Ն. Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ նշել էր. «Ձեզ՝ որպես ԵԱՏՄ-ում նախագահողի, ցանկանում եմ շնորհավորել Երևանում կայացած գագաթնաժողովի արդյունքների կապակցությամբ: Դրանք իսկապես լավն են և երրորդ կողմի երկրների հետ կապերի զարգացման տեսանկյունից, և, որ, ավելի կարևոր է մեզ համար, ոչ մի խնդիր չի առաջացել, հակառակը, կազմակերպության շրջանակում մասնակից պետությունների միջև բոլոր համաձայնությունները ձեռք են բերվել: Դուք այն մարդն եք, ով ներդրել է առավելագույն ջանքեր՝ նման արդյունավետ աշխատանքի համար: Դրա համար ես ցանկանում եմ Ձեզ ոչ միայն շնորհավորել, այլ նաև շնորհակալություն հայտնել»:

Այսօր Վ. Պուտինի գնահատականը դիվանագիտական տողատակերով երկրորդել է Ս. Կոպիրկինը՝ որևէ կասկած չթողնելով առ այն, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները տեղափոխվում են որակապես նոր փուլ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին