19 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108208 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » «Մենք ազգայինը ճշտելու կարիք ունենք, որովհետև հաճախ մեր դատողությունների հիմքում ընկած են կեղծ պատկերացումներ»․ Ժաննա Անդրեասյան
Հարցազրույցներ

«Մենք ազգայինը ճշտելու կարիք ունենք, որովհետև հաճախ մեր դատողությունների հիմքում ընկած են կեղծ պատկերացումներ»․ Ժաննա Անդրեասյան

Newarmenia-ի զրուցակիցը ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն է:

-Տիկին Անդրեասյան, մամուլում  լուրեր են շրջանառվում, որ փոխնախարար Գրիշա Թամրազյանի հրաժարականի հիմքում ընկած են գաղափարական տարաձայնություննները, ըստ որոնց դուք (ԿԳՄՍ-ն) ապազգային գործունեություն եք ծավալում։ Արդյո՞ք սա է իրականությունը, թե այլ պատճառ կա։

-Գիտե՞ք, կարծում եմ, որ սա ոչ միայն իրականություն չէ, այլ այն ապատեղեկատվության ու հերյուրանքների շարունակությունն է, որ տեսնում ենք վերջին ամիսներին, և որն ուղղված է նրան, որ նախարարության քաղաքականությունն այս կամ այն կերպ որակեն ապազգային, ինչն, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։ Նախարարությունը մեկ թիմ է, գաղափարական առումով նույն հարթության վրա աշխատող և այդ հարթությունը ազգային արժեքների, մեր կրթության որակի բարելավման, բարեփոխման քաղաքականությունն է։

-Այնուամենայնիվ, ի՞նչ էր ուզում անել պարոն Թամրազյանը, որ անելու հնարավորություն չունենալու պատճառով հրաժարական տվեց։

-Գիտե՞ք, եկեք ես չմեկնաբանեմ հրաժարականի գործընթացը, դրա հետ կապված տարաբնույթ լուրերը։ Ընդամենը պնդում եմ, որ այն, ինչ տարածվում է ապազգային-ազգային հարթության մեջ, հարյուր տոկոսանոց սուտ է և չի համապատասխանում իրականությանը։

-Չափորոշիչների մասին հաճախ են ասում, որ այն մեր կրթությունը դարձնում է ոչ հայկական։ Այս մեղադրանքներին որպես էդպիսին լուրջ հակադարձում չի եղել։

-Դա, թույլ տվեք ասել, ձեր գնահատականն է, որ լուրջ հակադարձում չի եղել։ Ես կարծում եմ, որ փաստարկները բավարար բերված են, գուցե ունենք դրանք հավելյալ կոմունիկացնելու, հասարակությանն իրազեկելու խնդիր։ Բայց հիշեցնեմ նաև, որ մենք հանրային լայն քննարկումներ ենք ունեցել չափորոշիչների շուրջ, որոնք իրոք, չնայած այդ բառն արժեզրկված է, աննախադեպ է, նկատի ունենալով չափորոշիչների նախորդ փուլերի փոփոխությունները, որոնք հաճախ մնում էին փակ սենյակներում և նույնիսկ ուսուցիչները դրանցից տեղյակ չէին։ Այս չափորոշիչները մենք ամենալայն շրջանակների հետ քննարկել ենք, հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ դրանց մասնակցել են, առաջարկներ են տվել և այդ առաջարկների մի զգալի մասը, որոնք ունեն ռացիոնալության հիմք, ընդունվել են և լրամշակումներն արդեն իսկ ավարտական փուլում են։ Ինչ վերաբերվում է դրանց ապազգային լինելուն, ես կարծում եմ, որ մենք ազգայինը ճշտելու կարիք ունենք, որովհետև շատ հաճախ մեր էս դատողությունների հիմքում ընկած են որոշակի կեղծ պատկերացումներ, որոշակի կեղծ դասակարգման համակարգ, որում մի խումբ իրեն վերապահում է ամենաազգայինը լինելու իրավունք և մնացած բոլորին գնահատելու և այդ ազգային դիրքից պակաս կամ ավել ապազգային կամ ազգային որակելու իրավունք։ Ես կարծում եմ, որ լավագույն վկայությունը պետք է լինի այն դպրոցն ու էն արդյունքը, որը մենք ստանալու ենք, իսկ էդ արդյունքը ցույց է տալիս, որ մենք ուզում ենք ունենալ ամենաարժանապատիվ, հայրենասեր, պատասխանատու և իրենց Հայրենիքի ու պետության արժեքը գնահատող ու դրանց զարգացման համար իրենց ամենօրյա ջանքը ներդնող քաղաքացի։

-Ներողություն, իսկ մենք ի՞նչ ենք հասկանում ազգային կրթություն ասելով։

-Ազգային կրթությունը, ընդհանրապես ազգային դպրոցը որպես եզրույց ձևակերպված է «Հանրակրթության մասին» օրենքով, որտեղ նշված է, որ մեր հանրակրթության հիմքը ազգային դպրոցն է։ Սա նշանակում է, որ այն բովանդակությունը, որ մենք տեսնում ենք դպրոցում, իհարկե, հիմնվում է բոլոր միջազգային միտումների զարգացումների վրա, բայց անպայմանորեն իր հիմքում ունի նաև մեր պետության շահը և մեր հասարակության զարգացման տեսլականը։ Սա հստակ ձևակերպված է մեր հանրակրթության պետական չափորոշիչներում, որտեղ նախագծում կան առանցքային 8 կարողունակություններ, և դրանց մեջ իրենց կարևոր տեղն են գրավում ժողովրդավարական, սոցիալ-մշակութային կարողունակությունները, որտեղ հստակ ձևակերպված է, որ մեր դպրոցի շրջանավարտը պետք է գիտակցի պետության շահը, կարողանա այդ տարածաշրջանային շահերի կոնտեքստում պատկերացնել, թե որն է մեր դերը, դիրքը, մեր անելիքը, և այդ առումով լինի այն պատասխանատու քաղաքացին, որն իր հանրային վարքագիծը կկառուցի և որոշումները կկայացնի։ Այսինքն, սա մի բան է, որը չափորոշիչներում այնքան պարզ է ձևակերպված, որ պետք է մեծ ցանկություն լինի այն չտեսնելու։ Ես կարող եմ ընդամենը դատել, որ այն մարդիկ, որոնք այդ որակումներն անում են, ուղղակի փաստաթուղթը կարդալու խնդիր ունեն և հրավիրում եմ կարդալ այդ փաստաթուղթը։

-Եթե ես Սայաթ Նովային հանեմ մեր դասագրքերից, մեր ազգային կրթությունը ճեղք կտա՞։

-Դուք կարող եք Սայաթ-Նովային սովորել բոլոր դասարաններում և ձեր կրթությունը ոչ մի կապ չունենա ազգային կրթության հետ։ Ինչու՞։ Որովհետև դուք կարող եք Սայաթ Նովային սովորել այնպես և այն կտրվածքով, որ երեխաները նույնիսկ չհասկանան, թե ինչի մասին է խոսքը։ Այսինքն, կրթության փոփոխությունը գաղափարական առումով մեխանիկական մոտեցումից հրաժարվելու մասին է։ Ինչպիսի՞ն է մեր մոտեցումը եղել՝ այ, եթե սա շատ լինի, այ եթե սա լինի ամեն տեղ ու ամենուր, մենք կունենանք արդյունք։ Ոչ, այդպես չի լինում։ Հատկապես հիմա, երբ երեխաներն ունեն հասանելիություն շատ տարբեր տեղեկատվական աղբյուրների և այն մոնոպոլիան, որ դպրոցն ուներ նախկին դարաշրջաններում, երբ ինքը փաստացի տեղեկատվության փոխանցման հիմնական, գերակշիռ աղբյուրներից էր, այլևս այդ իրավիճակը չկա։ Դպրոցը մրցակցային իրավիճակում է, երբ ինքը երեխայի համար պետք է դառնա այն միջավայրը, որտեղ երեխան գտնում է այն տեղեկատվությունը, երբ երեխան փնտրում է, գտնում է այն տեղեկատվությունը, որն իրեն իրոք հետաքրքրում է, ստիպում է ճանաչել։ Որովհետև երեխաների մոտ ճանաչողական ցանկությունները բնական են։ Մենք դպրոցում ոչ թե պետք է ավանդաբար ստիպենք սեղմել, փակել երեխայի ճանաչելու ցանկությունը, այլ բացենք։ Սա անելու համար դպրոցը երեխայի համար պետք է լինի բաց միջավայր, երեխայի հետ երկխոսող, պետք է երեխայի համար փակ հարցեր չլինեն։ Իսկ մեր պատմությունը միայն հերոսական պատմություն չէ, այն բազմաշերտ է և այն մեր երեխաների համար կարող է իրոք հետաքրքրիր լինեն, եթե մենք այդ բոլոր շերտերը կարողանանք ուսումնասիրել և կարողանալ պատասխանել երեխաների հարցերին, ուղղորդել, որ իրենք տան այն բոլոր հարցերը, որոնք հասկանալի կդարձնեն մեր անցյալը, մեր ներկան և այն թե ինչպիսի ապագա մենք կարող ենք ունենալ։ Սրա մասին է մեր փոփոխությունը, այն ասում է՝ եկեք երեխայի օրը մեխանիկորեն չլցնենք այսքան առարկայով, այսքան ժամով, եկեք մտածենք, թե ինչի՞ն է ուղղված դա, գուցե առարկաները պետք է ոչ թե 10-ը լինեն, այլ 7-ը, բայց դրա միջոցով մենք ավելի շատ բանի կհասնենք։ Գուցե հեղինակները պետք է ոչ թե 20-ը լինեն, որոնց վազելով անցնում ես ու ոչինչ չես հիշում, այլ 5-ը պետք է լինեն և այդ 5-ին էլ պետք է ընտրի ուսուցիչն աշակերտի հետ միասին։ Սրա մասին է խոսակցությունը և դա պետք է լինի այս հարթության մեջ․․․

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Արարատ Միրզոյանի դիտողությունը ՄԻՊ-ին տեղին կլիներ, եթե նա սաստեր Վաղարշակ Հակոբյանին. իրավապաշտպան

Աշխեն

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հորդորում է տեսնել հեռավար կրթության դրական կողմերը

Աշխեն

ԿԳՄՍ-ն քննարկում է նոր ուսումնական տարում սեպտեմբեր, հոկտեմբերին շաբաթ օրերին դասեր կազմակերպելը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին