6 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Եթե Ադրբեջանը շարունակի թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը, Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել ՄԻԵԴ․ Արա Ղազարյան
Այլ Լուրեր

Եթե Ադրբեջանը շարունակի թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու բնակավայրերը, Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել ՄԻԵԴ․ Արա Ղազարյան

ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա երեկ՝ սեպտեմբերի 29-ին, որոշում կայացրեց այն կիրառել։ ՄԻԵԴ-ը նաև կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։

Փաստաբան Արա Ղազարյանը, մեկնաբանելով ՄԻԵԴ որոշումը, նշեց, որ մի կողմից գնահատելի է, որ որոշումը կարճ ժամանակահատվածում կայացվեց, և որ կա այդ որոշումը, քանի որ անկախ նրանից` հայ զինվորներ են զոհվում, թե ադրբեջանցի՝ նրանք մարդիկ են, իսկ մարդը բարձրագույն արժեք է․ «Մյուս կողմից սպասելի էր, բայց ողջունելի չէ, որ ՄԻԵԴ-ը թեպետ իր որոշումը Հայաստանի դիմումի հիման վրա էր կայացրել և պետք է վերաբերվեր միայն Ադրբեջանին, բայց ինքը երկու կողմին էլ մեսիջ ուղարկեց՝ կրկին պարիտետ սահմանելով։ Բայց այստեղ պարիտետի փաստական հիմքեր չկան, որովհետև պարզ է, որ ադրբեջանցիներն են առաջինը նախահարձակ եղել, և նրանք են մեր քաղաքներն ու գյուղերը ռմբակոծում»,-նշեց նա։

Փաստաբանn այս համատեքստում որպես օրինակ հիշատակեց, որ նման իրավիճակ կար Ռուսաստան-Ուկրաինա հակամարտության գոտում, որտեղ կրկին կանոն 39-ի դիմումի հիման վրա՝ թեկուզ մեկ պետությունն էր դիմել ՄԻԵԴ մեկ այլ պետության դեմ, բայց ՄԻԵԴ-ը որոշումն ուղղեց երկու պետություններին․ «Սա նշանակում է, որ ՄԻԵԴ-ը ցանկանում է սահմանել պարիտետ և այդպես էլ արեց»,-ասաց նա և հավելեց, որ ամենայն հավանականությամբ` երկու կողմերն էլ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, արդեն իսկ կպատրաստեն հիմնական գանգատ ու սահմանաված ժամկետում կներկայացնեն ՄԻԵԴ․ «Հայաստանի դիմումի հիման վրա ընդունված այս որոշումը պետք է ծառայի ապագա վճռի կայացմանը»։

Արա Ղազարյանի խոսքով՝ առաջիկա օրերին, թեկուզ մեկ օր հետո, եթե Ադրբեջանը շարունակի թիրախավորել քաղաքացիական բնակչությանն ու  բնակավայրերը, Հայաստանը կարող է 34 հոդվածի հիմքով գանգատ ներկայացնել՝ պնդելով, որ Ադրբեջանը չի կատարում ՄԻԵԴ-ի երեկվա որոշումը․ «Սա առաջիկա քայլերը, որ Հայաստանը կարող է  կատարել, որպես դատավարության կողմ»,- եզրափակեց նա։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին