31 C
Yerevan
5 Օգոստոսի, 2020
90137.6 By Google Analytics 04.08.2020
Գլխավոր » «Եթե դպրոցի գնահատման սանդղակում անբավարար միավոր չլինի, երեխաները չեն ձգտի սովորել»․ աշակերտների ծնողները հանրակրթության նոր չափորոշիչների մասին
Գլխավոր Նորություններ

«Եթե դպրոցի գնահատման սանդղակում անբավարար միավոր չլինի, երեխաները չեն ձգտի սովորել»․ աշակերտների ծնողները հանրակրթության նոր չափորոշիչների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, ըստ որի հանրակրթության ոլորտում ներմուծվելու են նոր չափորոշիչներ։ Ի թիվս նոր չափորոշիչների՝ 1-4-րդ դասարաններում, ինչպես նաև 5-րդ դասարանի  առաջին կիսամյակում չի գործելու գնահատման բալային սանդղակը։ Ուսուցիչները երեխաներին որևէ միավոր նշանակելու փոխարեն պարզապես բնութագիր են տալու կիսամյակի ավարտին։ Նախագծով նաև հանվել է բացասական միավորի շեմը, այսինքն 1-10 բալանոց սանդղակում չի լինելու անբավարար միավոր հասկացությունը, նույնիսկ պարբերաբար 1 միավոր ստանալով երեխան փոխադրվելու է հաջորդ՝ բարձր դասարան։  Այս նախագծի ընդունման դեպքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այլևս չի դասավանդվելու որպես առանձին առարկա, բայց երեխաները ստանալու են գիտելիք կրոնի մասին, ինչպես նաև ռուսերեն լեզուն շարունակում է մնալ պարտադիր ուսուցանվող օտար լեզու, իսկ երկրորդ օտար լեզուն ընտրելու է երեխան։

NewArmenia.am-ի հետ զրույցում հանրակրթության նոր չափորոշիչների վերաբերյալ իրենց տեսակետներն են արտահայտել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2, Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137, ինչպես նաև Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցների ծնողները։ Ընդգծենք, որ ծնողները միաձայն կողմ են 1-4-րդ դասարաններում, ինչպես նաև 5-րդ դասարանի  առաջին կիսամյակում բալային սանդղակը հանելու նոր չափորոշչին։ Իսկ ինչ վերաբերում է բարձր դասարաններում անբավարար միավոր չլինելու չափորոշչին Գրիգոր Նարեկացու անվան թիվ 137 հիմնական դպրոցի ծնող Մարինե Մելքոնյանը, որի երեխաները բարձր դասարաններում են սովորում՝ ընդգծեց, որ եթե գնահատման սանդղակում անբավարար միավոր չլինի, երեխաները, վախ չեն ունենա և չեն ձգտի սովորել․ «Երեխաներն արդեն կիմանան, որ չսովորելու դեպքում էլ փոխադրվելու են բարձր դասարան և չեն ունենա պատասխանատվություն սովորելու»։

Մեր հարցին, թե ճի՞շտ մոտեցում է ռուսերեն լեզուն պարտադիր ուսուցանվող օտար լեզու թողնելը, թե՞ երեխան ինքը պետք է ընտրի որ օտար լեզուներն է ուզում սովորել՝ Մարինե Մելքոնյանը մեջբերեց, որ երեխաները շատ հաճախ են ռուսերեն լեզվով հաղորդումներ նայում հեռուստատեսությամբ, և ռուսերենը որպես պարտադիր ուսուցանվող օտար լեզու մնալն անհրաժեշտ է։

 Վանաձորի թիվ 1 հիմնական դպրոցի ծնողներից մեկի՝ Լիանա Պեչենևսկայայի  կարծիքով, որի երեխան տարրական դասարանում է սովորում, տարրական դասարաններում գնահատման մեխանիզմը շատ սխալ ու ոչ տեղին է․ «Երեխան ոչ թե գիտելիքի համար է սովորում, այլ գնահատականի, և այդ պրոցեսը վերածվում է մրցավազքի։ Մեկի երեխան 9-ն է ստացել, մյուսինը՝ 5 կամ 6 և մրցակցություն է սկսում ծնողների միջև։ Այդ գնահատականը ավելի շատ ծնողների համար է։ Տարրական դասարանում գնահատման սանդղակային համակարգը սխալ է։ Ճիշտ կլինի կիսամյակի ավարտին կազմակերպեն մրցույթներ, օլիմպիադաներ՝ ըստ երեխաների ցանկության, որ երեխան իմանա, որ կիսամյակի ավարտին իր գիտելիքները կարող են ստուգել, և պարտադիր չեն այդ նիշերը»։

Ծնողներից մեկն էլ մեր հետ զրույցում պատմեց, որ տարրական դասարանում ուսուցիչը որպեսզի երեխային ցույց տա, որ նա ինչ-որ հարցում թերանում է գնահատման աստղիկի ոտքը պոկում էր, և նշեց, որ մեծ աստղիկը դա տասը միավորն է, իսկ ըստ ուսուցչի՝ ոտքը պոկած աստղիկը՝ գիտելիքի պակասը։ 

«Ներկայիս գործող կարգավորմամբ 4-ից ցածր միավորը համարվում է բացասական, իսկ հինգը, վեցը բավարար։ Բացարձակ կողմ եմ այս համակարգին, տարրական դասարաններում սովորող երեխաները հոգեբանական տրավմա են ստանում, որ եթե բարձր միավոր չստանան ծնողներն իրենց կպատժեն, կամ հետ կընկնեն այն երեխայից, ով ավելի բարձր է ստանում, և այստեղ ոչ թե գիտելիքի, այլ մրցակցության խնդիր է առաջանում երեխաների և նույնիսկ ծնողների միջև»,-ընդգծեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ծնողներից մեկը։

Ծնողները նշում են, որ եթե այդ մրցակությունը չլինի հնարավոր է, որ տարրական դասարանում երեխաները շատ ավելի լավ սովորեն և ուսուցչի կողմից տրվելիք բնութագիրն ամբողջությամբ բավարար է, քանի որ ծնողները ծնողական ժողովի են մասնակցում, պարբերաբար շփվում են ուսուցչի հետ, ճշտում են իրենց երեխայի գիտելիքի, ունակությունների չափը։

Նախագծով նախատեսվող այն դրույթը, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան որպես առանձին առարկա չի դասավանդվելու, ծնողներն առաձնապես չեն կարևորում, բայց պնդում են, որ կրոնի մասին գիտելիքը պարտադիր է։ Մեր զուցակիցներից մեկի՝ Լիանա Պեչենևսկայայի տեսակետով ճիշտ կլինի, որ երեխաները դպրոցում սովորեն, թե ինչ է հոգևորդությունը, ինչը չի կարելի անել, և այդ ժամանակ ծնողներն ավելի հանգիստ կլինեին, երբ իմանան, որ իրենց երեխան ստանում է ոչ թե տարրական գիտելիքներ, այլ հայ առաքելական եկեղեցու հավատին համապատասխան կրթություն։

«Մենք առաջին երկիրն ենք քրիստոնեությունը ընդունած և պարտավոր ենք իմանալ մեր եկեղեցու պատմությունը։ Դա կարևոր առարկա է»,-շեշտեց Խաչատուր Աբովյանի անվան դպրոցի ծնողներից մեկը։

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին