Գլխավոր » «Եթե ես ասելիք ունենամ, կարձագանքեմ». Սամվել Ֆարմանյան
Իրավունք

«Եթե ես ասելիք ունենամ, կարձագանքեմ». Սամվել Ֆարմանյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ես ներողություն եմ խնդրում, կիրակի է, ես հանգստանում եմ եւ, բացի այդ, ես հեռախոսային մեկնաբանություններ չեմ տալիս։ Եթե կարող եք վաղը ֆեյսբուքով գրեք, եթե ես ասելիք ունենամ, կարձագանքեմ»,- ի պատասխան Newarmenia.am-ի հարցին` ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, երբ նրանից փորձում էինք մեկնաբանություն ստանալ քրոջ`  Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի եւ ֆեյսբուքյան իր գրառման մասին։

Անահիտ Ֆարմանյանին դեռ անցած տարի մեղադրանք է առաջադրվել խաբեությամբ 20 մլն դրամ հափշտակելու համար։

Նրա նկատմամբ` որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը, սակայն ԱԺ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի անձնական երաշխավորությամբ նա ազատության մեջ էր մնացել։ Օգտվելով այդ հանգամանքից` նա օգոստոսին հանգստի մեկնելու պատրվակով մեկնել է երկրից և սեպտեմբերի 12-ին պլանավորված քննչական գործողությանը չի ներկայացել և չի իրազեկել չներկայանալու պատճառների մասին:

Newarmenia.am-ը փորձեց պարզաբանումներ ստանալ անձնական երաշխավորագիր եւ համապատասխանաբար 500 հազարական դրամ գրավ վճարած երկու պատգամավորներից, սակայն նրանք մեր հեռախոսազանգերին ու նամակներին չպատասխանեցին։

Ի դեպ, Սամվել Ֆարմանյանը քրոջ նկատմամբ հարուցված քրեական գործը համարում է անձամբ իր նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդում ու այդ մասին պատմում իր ֆեյսբուքյան գրառման մեջ։ Նրան արձագանքել է ՀՔԾ-ն` պարզաբանմամբ։

Մեր հարցերին կարողացավ պատասխանել միայն Անահիտ Ֆարմանյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը` նշելով, որ իր պաշտպանյալի նկատմամբ առաջադրված մեղադրանքի խստացման տարբերակ չկա, միակ  ընթացակարգը, որը կարող է լինել, դա դատարանին կալանքի միջնորդություն ներկայացնելն է։ «Միակ տարբերակն այն է, որ դիմեն դատարան՝ Անահիտ Ֆարմանյանի խափանման միջոցը կալանք դարձնելու միջնորդությամբ։ Այս պահին դեռևս ՀՔԾ-ից նման դիրքորոշում չունենք, թե արդյոք այս ուղղությամբ գնո՞ւմ են»,- ասաց նա։

Փաստաբանը չի հերքում, որ Անահիտ Ֆարմանյանի՝ ՀՔԾ չներկայանալը կարող են իրավապահները դիտարկել` որպես քննությունից խուսափելու գործընթաց, սակայն շեշտեց` սա կարող է լինել, եթե կալանքի միջնորդություն ներկայացնեն։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ իր պաշտպանյալը չի ներկայանում ՀՔԾ, Խուդոյանը նշեց, որ Անահիտ Ֆարմանյանը հանրապետությունում չէ. «Իմ տեղեկություններով՝ հանրապետությունում չէ, չի ներկայանում, որովհետև ՀՔԾ-ին չի վստահում։ Մինչ այդ, գործի վարույթը Շիրակի մարզում էր, որտեղ էլի խնդիրներ կային։ Հետագայում գործը փոխանցվեց ՀՔԾ-ին, բայց մինչ այսօր մեզ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանությամբ։ Վերջին շրջանում տկն․Անահիտի դիրքորոշումն այն է, որ իր նկատմամբ գործողություններն անհիմն են շարունակվում և պարունակում են քաղաքական հետապնդման տարր»։

Հարցին՝ ԱԺ պատգամավորներ Էդմոն Մարուքյանի և Նաիրա Զոհրաբյանի նկատմամբ իրավական ի՞նչ գործընթաց կլինի` հաշվի առնելով, որ իրենց կողմից ներկայացված է եղել անձնական երաշխավորություն, փաստաբանը պատասխանեց. «Ծանուցում են ստանում, բայց նրանք որևէ պարտավորություն չունեն ապահովելու իմ պաշտպանյալի ֆիզիկական ներկայությունը։ Եթե  դիտավորյալ ու չարամտորեն գործողություններ չեն ձեռնարկում, ապա չեն ենթարկվի պատասխանատվության։ Բնականաբար, սա այդ դեպքը չէ, քանի որ ենթադրում եմ, որ նրանք այդպիսի գործողություններ չեն ձեռնարկել»։ Ի դեպ, Անահիտ Ֆարմանյանի գործով մեղադրող դատախազը գեներալ, ՀՀԿ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով ներգրավված դատախազ Վահե Դոլմազյանն է։ ՀՀ գլխավոր դատախազությունից խոստացան այլ մանրամասներ տրամադրել վաղը` աշխատանքային օրվա ընթացքում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին