-4 C
Yerevan
25 Նոյեմբերի, 2020
115852.8 By Google Analytics 24.11.2020
Գլխավոր » Եթե Թուրքիան չստանա համապատասխան կոշտ վերաբերմունք Ռուսաստանից, Հարավային Կովկասում կշարունակի իր լկտի պահվածքը․ Ռուբեն Սաֆրաստյան
Հարցազրույցներ

Եթե Թուրքիան չստանա համապատասխան կոշտ վերաբերմունք Ռուսաստանից, Հարավային Կովկասում կշարունակի իր լկտի պահվածքը․ Ռուբեն Սաֆրաստյան

NewArmenia.am- ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին խորհուրդ տվեց «բուժել հոգեկանը», այնուհետև, անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից կիրառվող հնարավոր պատժամիջոցներին, ասաց, որ ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում։ Ինչո՞վ կբացատրեք Էրդողանի նման պահվածքը։

-Էրդողանի նման պահվածքը նորություն չէ, վերջին տարիներին նա նման պահվածք ցուցաբերել է և՛ Մակրոնի, և՛ Թրամփի, և՛ Անգելա Մերկելի նկատմամբ։ Միջազգային թատերաբեմում հզոր պետությունների ղեկավարների նկատմամբ Էրդողանի պահվածքի սովորական արտահայտումներից մեկն է։ Էրդողանը ցանկանում է Թուրքիան տեսնել Օսմանյան կայսրության նման հզոր և ամեն հարմար և անհարմար պահ օգտագործում է այդ մասին խոսելու համար։ Էրդողանը հայտարարում է, որ իրենք այժմ հզոր պետություն են, և գերտերությունները հաշվի են նստում իրենց հետ, բայց ամենևին էլ այդպես չէ։ Այսինքն՝ նրա մոտ բարդույթ է առաջացել Թուրքիան ցույց տալ ավելի հզոր, քան իրականում կա։ Եվ այդ բարդույթը նա փորձում է հաղթահարել՝ վիրավորելով իրենից ավելի հզոր պետությունների ղեկավարներին։

Ձեր նշած բարդույթը գուցե ամենևին էլ բարդույթ չէ,՞ և իսկապես Թուրքիան տարիների ընթացքում հասցրել է այնքան հզորանալ, որ բացահայտ վիրավորում կամ մարտահրավերներ է նետում գերհզոր պետություններին։ Այլապես ինչո՞վ բացատրել այն պետությունների լռությունը, որոնց վիրավորում է Էրդողանը։

-Իհարկե ո՛չ, Թուրքիան իր բոլոր ցուցանիշներով միջին պետություն է տարածաշրջանում։ Այդ պետությունների ղեկավարները «հանդուրժում են» Էրդողանին, քանի որ նրանք շատ լավ գիտեն Թուրքիայի իրական հնարավորությունները և հասկանում են, որ Էրդողանը այն, ինչ որ թույլ է տալիս, նրա լկտի պահվածքի արդյունքն է, և նրանք հնարավորինս փորձում են պատասխան տալ, բայց դա քիչ է արտահայտվում Թուրքիայի նկատմամբ ճնշումների տեսքով։ Այսինքն՝ միայն անձնական մակարդակով են հակահարված տալիս։ Մեկ հանգամանք նշեմ, որ Ֆրանսիայից և Գերմանիայից տարբերվում է ԱՄՆ-ն, որը շատ մեծ հնարավորություններ ունի Թուրքիայի վրա ճնշում գործադրելու։ ԱՄՆ-ն դեռ միայն մեկ անգամ է Թուրքիայի լկտի պահվածքին պատասխան տվել՝ պատժամիջոցի ձևով, 2016 թվականին։ Այսինքն՝ ամերիկացիների ձեռքում կա այդ զենքը, և ես հույս ունեմ, որ այս անգամ Թրամփը հետևողական կլինի և պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի դեմ։

-Ռուսաստանի Դաշնությունը դիմել է Թուրքիային, որպեսզի վերջինս նպաստի Արցախում զինադադարի պահպանմանը։ Թուրքիան կանսա՞ Ռուսաստանի դիմումին, թե՞ կշարունակի վարել նույն  քաղաքականությունը, որովհետև ակնհայտ է, որ արդեն երրորդ հումանիտար զինադադարի խոստումը չի պահպանվում Ադրբեջանի կողմից՝ հենց Թուրքիայի դրդմամբ։

-Դեռ չեմ տեսել, որ լուրջ ճնշում գործադրվի Թուրքիայի վրա, որ նա իր ագրեսիվ պահվածքը մի փոքր մեղմի։ Գուցե կուլիսների հետևում ճնշում կա, բայց հրապարակային դիվանագիտության բնագավառում լուրջ ճնշում չենք տեսել։ Եթե լինի լուրջ ճնշում կա՛մ ԱՄՆ-ի, կա՛մ Ռուսաստանի կողմից, ապա Էրդողանը տեղի կտա։

-Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների ջանքերն էլ՝ ուղղված հումանիտար զինադադարի պահպանմանը, փաստորեն Թուրքիան ի չիք դարձրեց։ Այս ամենից հետո Ֆրանսիան, Ռուսաստանի Դաշնությունը և ԱՄՆ-ն  Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու քայլին կգնա՞ն։

-Հույս ունեմ, որ այդ երեք երկրները, որոնք նաև ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ են և ունեն գերտերության կարգավիճակ, կարող են մի փոքր ավելի վճռական լինել։

-Փաստորեն, Դուք բացառո՞ւմ եք Թուրքիայի հզոր պետություն լինելը, Հարավային Կովկասում նրա դերի մեծացումը։

-Հարավային Կովկասում Թուրքիան արդեն իր ներկայությունն ապահովել է, ինչը սրանից մի քանի տարի առաջ հավատալու չէր, որ Ռուսաստանը դա թույլ կտար։ Մենք դրա ականատեսն ենք, դա փաստ է։ Համոզված եմ, եթե Թուրքիան չստանա համապատասխան կոշտ վերաբերմունք Ռուսաստանից՝ կշարունակի Հարավային Կովկասում իր լկտի պահվածքը։ Գործը կհասնի նրան, որ Թուրքիան իր ռազմական բազան կստեղծի Ադրբեջանում։ Նախիջևանում արդեն ունի, իսկ Ադրբեջանում՝ մասնավորապես Կասպից Ծովի ափին, համոզված եմ` կստեղծի երկրորդը, որովհետև դա նրան հնարավորություն կտա իր ներկայությունը հաստատել Կասպից Ծովում։ Եթե հիմա նա չստանա, չնայած արդեն պետք է ստացած լիներ Ռուսաստանի կողմից կոշտ դիրքորոշում, ապա նա կշարունակի իր խառնակչային գործունեությունը։  Բացի այս նպատակները, Թուրքիայի համար շատ կարևոր է նաև ամեն կերպ թուլացնել Հայաստանի Հանրապետությունը, շարունակել այն քաղաքականությունը, որի սկիզբը դրել էին երիտթուրքերը՝ ցեղասպանության քաղաքականությունը։ Շատ կարևոր հանգամանք էլ կա, որը պետք է նշել, մեր զինվորը հիմա կռվում է ոչ միայն Արցախի, Հայաստանի անկախության պաշտպանության համար, այլև պայքարում է հանուն համամարդկային քաղաքակրթության, որովհետև այն ծրագրերը, որն ունի Թուրքիան ուղղված են համամարդկային քաղաքակրթական արժեքների դեմ։

-Թուրքիայի նկրտումները Հարավային Կովկասի հետ կապված, որոնք Դուք նշեցիք, ակնհայտ վտանգներ են ներկայացնում առաջինը Ռուսաստանի, ապա նաև մյուս բոլոր երկրների համար։ Այս երկրները չե՞ն տեսնում այդ բոլոր վտանգներն ու սպառնալիքները, որոնք գալու են Թուրքիայից, թե՞ այդ երկրի հետ ունեցած քաղաքական շահերն ավելի կարևոր են համարում, որ չեն կանգնեցնում Թուրքիային։

-Դուք արդեն պատասխանեցիք  ձեր հարցին։ Քաղաքական հաշվարկներն ավելի են կարևորում, բայց դա ժամանակավոր է, այն վտանգները, որոնք ես նշեցի՝ էքզիստենցիալ վտանգներ են, այսօրվա քաղաքական հաշվարկներից շատ ավելի վեր են և հավատացած եմ, որ մեր բանակի հաղթանակը որոշիչ կլինի։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին