Գլխավոր » Եթե Վանեցյանին հետևեն այլ գործիչներ՝ կնշանակի, որ ՀՀ-ում մեկնարկում է հեղափոխության հաջորդ փուլը
Վերլուծական

Եթե Վանեցյանին հետևեն այլ գործիչներ՝ կնշանակի, որ ՀՀ-ում մեկնարկում է հեղափոխության հաջորդ փուլը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկ լրատվական դաշտում մեծ աղմուկ բարձրացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկության մասին տեղեկությունը, ինչի մասին հայտարարեց վարչապետ Փաշինյանը և դրանից անմիջապես հետո հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԱԾ տնօրենը: Նա, ի տարբերություն Փաշինյանի, շատ ավելի կոշտ մեկնաբանեց իրադարձությունը: Վանեցյանը վարչապետին մեղադրեց գործողությունների տարերայնության ու հախուռնության, ինչպես նաև անցողիկը մնայունից չտարբերելու մեջ:

Արդյո՞ք քննադատության այս թեզերը չեն համընկնում իշխանության ընդդիմախոսների կողմից պարբերաբար առաջ քաշվող քարոզչական ուղղությունների հետ և ինչո՞ւ է Ա. Վանեցյանը ջուր լցնում, այսպես կոչված, ընդդիմադիր ճամբարի ներկայացուցիչների ջրաղացին:

Թերևս սա վկայում է այս անձի և նախկին իշխանությունների չերևացող կապի և գուցե ինչ-ինչ հարցերում համաձայնեցված ու խնամքով թաքցված գործողությունների մասին: Նկատենք, որ հենց այս մասին էր ակնարկել նաև վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ Վանեցյանի հայտարարությանն արձագանքելով. «Պետք է պարզել, թե ով է գրել Արթուր Վանեցյանին վերագրվող այդ տեքստը: Հույս ունենք դրա հեղինակը քրեական պատասխանատվությունից «թյուրիմացաբար» խուսափած կոռուպցիոներների PR գրասենյակները չեն: Գեներալ Վանեցյանին հորդորում ենք չկորցնել սպայի արժանապատվությունը, որին ինքը հղում է անում»։

Նշենք նաև, որ մամուլում տեղեկություններ են տարածվում, որ Ա. Վանեցյանը որոշակի վերապահումներ է ունեցել նախկին իշխանության ներկայացուցիչներին առնչվող գործերի հետ կապված: Ըստ որոշ տեղեկությունների՝ անգամ ինչ-ինչ հարցերում սատարել է նրանց:

Այս տեղեկությունների իրական լինելու պարագայում՝ փաստացի ունենում ենք կառավարության տակ տեղադրված ականի բացահայտում ու վնասազերծում իշխանության ու պետության համար բախտորոշ մի ժամանակահատվածում: Եթե նմանատիպ երևույթները շարունակվեն և այսօր գործող իշխանական վերնախավից տարբեր գործիչներ ընթանան պարոն Վանեցյանի ուղիով, դա կնշանակի, որ մենք փաստացի գործ ունենք հեղափոխության հաջորդ փուլի հետ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին