Գլխավոր » «Ես իմ ջրի վարձը պարտաճանաչ տալիս եմ, որտեղի՞ց հայտնվեց էդ պարտքը». «Կոտայք» ՋՕԸ-ում ոռոգման ջրի գինն «աչքաչափո՞վ» է որոշվում
Գլխավոր Նորություններ

«Ես իմ ջրի վարձը պարտաճանաչ տալիս եմ, որտեղի՞ց հայտնվեց էդ պարտքը». «Կոտայք» ՋՕԸ-ում ոռոգման ջրի գինն «աչքաչափո՞վ» է որոշվում

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունն այս օրերին ջրօգտագործողներին կուտակված պարտքերի մասին ծանուցումներ է ուղարկում՝ պահանջելով վճարել ոչ միայն ջրի վարձը, այլև կողմնակի որոշակի գումար։ NewArmenia.am-ի խմբագրությունն ահազանգ է ստացել Եղվարդի շրջանի ջրօգտագործողներից, որ ՋՕԸ-ն շարունակում է գումարները գանձել կամայական ձևով՝ ջրաչափ սարքեր տեղադրված չեն և ոռոգման ջրի գինը որոշվում է «աչքաչափով»՝ սեզոնի համար 5500 դրամ։

«Ասել են՝ բացի ջրի վարձից, ևս 6000 դրամ պարտք եմ։ Թե ինչի՞ համար, հայտնի չի։ Ես իմ ջրի վարձը պարտաճանաչ տալիս եմ, որտեղի՞ց հայտնվեց էդ պարտքը»,- դժգոհեց մեզ զանգահարած քաղաքացին՝ հավելելով, որ ՋՕԸ-ի հետ որևէ պայմանագիր ինքը չի կնքել, իսկ ջրաչափի տեղադրման մասին ընդհանրապես խոսք չի եղել։

Պարզելու համար թե ի՞նչ կողմնակի գումար կարող է պահանջել ՋՕԸ-ն և ինչպե՞ս է հաշվարկվում ջրի վարձը, հարցում ուղարկեցինք ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն։ Փոխնախարար Վաչե Տերտերյանի ստորագրությամբ ստացված պատասխանում նշված է, որ տարածքում ջրաչափական սարքի բացակայության դեպքում մատակարարված ոռոգման ջրի ծավալը հաշվարկվում է ըստ 2017 թ. մարտի 25-ի կառավարության նիստի N22 արձանագրային որոշման հավելվածի 15-րդ կետի 2-րդ ենթակետի, համաձայն որի՝ այն վայրերում, որտեղ տեղադրված չէ և հնարավոր չէ ջրերի հաշվառումն իրականացնել ստացիոնար ջրաչափի ջրաչափությամբ, կարելի է ոռոգման ջրի հաշվառումն իրականացնել ՋՕԸ-ջրօգտագործող համաձայնությամբ՝ շարժական ջրաչափի կիրառմամբ, կամ՝ QH սկզբունքով աշխատող հոսքաչափի կիրառմամբ, կամ՝ առաջնորդվել գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները սահմանող ձեռնարկով։

«ՋՕԸ անդամներից գանձվող վճարների տեսակները սահմանված են «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով, համաձայն որի՝ ընկերության կանոնադրությամբ սահմանվում են անդամներից գանձվող վճարների հետևյալ տեսակները՝ մատակարարված ոռոգման ջրի վճար, ընկերության կողմից շահագործվող ոռոգման համակարգի շահագործման, վերանորոգման և պահպանման ծախսերը, անդամավճարները։ Ընկերության ժողովի որոշմամբ կարող են սահմանվել ընկերության կողմից գանձվող վճարների այլ տեսակներ։ Այլ նպատակներով իրականացվող գանձումներ կարող են նախատեսվել նաև ընկերության կանոնադրությամբ»,- նշել են նախարարությունից։

«Կոտայք» ջրօգտագործողների ընկերության գլխավոր ինժեներ Սեդրակ Մարտիկյանը մեզ հետ զրույցում նշեց, ջրի վարձից բացի գանձում են ընկերության անդամավճարներ։ Ըստ նրա՝ իրավիճակները տարբեր են լինում, օրինակ՝ օգտագործողն իրենց չի հայտարարում, որ հողն անմշակ է թողել, ջուր չի օգտագործել, մեկնել է Ռուսաստան, իսկ եթե պարզվի, որ նրա որևէ ազգական հողը վարձակալությամբ մշակում է, դա էլ խնդրահարույց է, այսինքն՝ տարբերություն չկա, թե ջուրը կոնկրետ ով է օգտագործել այդ տարածքի համար. «Շատ է լինում, որ հորեղբոր տղան գալիս, բողոքում է, որ ջուրը կտրում ենք, ծառերը չորանում են, և ասում է, որ կմուծի տիրոջ փոխարեն։ Այսինքն՝ նման դեպքերում պարտադիր է ջրօգտագործողի անձնական դիմում, որ հողն անմշակ է դառնում, որպեսզի մենք նրան կցենք արխիվի տակ, որ պարտքեր չկուտակվեն իր վրա։ Հակառակ դեպքում՝ համակարգիչն ավտոմատ է հաշվարկում վճարները, այդ թվում՝ անդամության վճարը՝ տարեկան 1000 դրամ»։

Նա պարզաբանեց, որ եթե ջրօգտագործողն ընկերության անդամ չէ, ապա անօրինական է օգտագործում ջուրը և իրավունք ունեն 150 % գանձել նրանից, կամ եռապատիկը՝ 29 դրամ գանձել։ Կառավարության որոշմամբ սահմանված 11 դրամով ջուրը հաշվարկելու համար, ըստ Մարտիկյանի, օգտագործողը պետք է ընկերության անդամ դառնա և տարեկան 1000 դրամ անդամավճար մուծի։

Հարցին, թե ինչո՞ւ են առանց պայմանագրերի աշխատում ջրօգտագործողների հետ, Ս.Մարտիկյանը վստահեցրեց, որ 92-95% պայմանագրեր ունեն. «Եթե որևէ մեկը պայմանագիր չունի, ապա կա՛մ խաբել է մեզ, կա՛մ մեր ջրբաշխն է անուշադիր եղել, կա՛մ թաքնվել է, որպեսզի չվճարի։ Համենայն դեպս, մի գաղտնիք ասեմ, եթե անգամ որևէ մեկը պայմանագիր չունի, մենք չենք թողել, որ նրա ծառը չորանա»։

Ս.Մարտիկյանի խոսքով՝ լինում են նաև դեպքեր, երբ ջրօգտագործողները հրաժարվում են վարձը վճարելուց՝ պատճառաբանելով, թե պայմանագիր չկա․ «Նրանց հետ էլ այլ ձևով է զրույցը գնում»։

Չնայած ՋՕԸ-ի աշխատակցի հավաստիացումներին, ընդամենն ամիսներ առաջ՝ այս տարվա ապրիլ-մայիսին ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Կոտայք» ՋՕԸ-ում բացահայտվել են մի շարք չարաշահումներ, մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թթ-ին ընկերության տնօրինությունը խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները և, առանց ջրաչափերի տեղադրման, մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով ու դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից, նաև ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-30% բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին և  այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները: Հարուցված քրեական գործն այժմ քննվում է ՀՀ քննչական կոմիտեում։

ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյանը մեզ տեղեկացրեց, որ գործը նախաքննության փուլում է, մեղադրյալ կամ կասկածյալ դեռ չկա։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին