19 C
Yerevan
24 Սեպտեմբերի, 2020
99680 By Google Analytics 23.09.2020
Գլխավոր » «Ես ունեմ հիպոթեզ, որ Լիդիանն ինքն էլ շահագրգռված չէ հանքի շահագործումով, որովհետև արդեն նախատեսվածից շատ գումար է ծախսել»․ Հովիկ Աղազարյան
Այլ Լուրեր

«Ես ունեմ հիպոթեզ, որ Լիդիանն ինքն էլ շահագրգռված չէ հանքի շահագործումով, որովհետև արդեն նախատեսվածից շատ գումար է ծախսել»․ Հովիկ Աղազարյան

Newarmenia-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը

-Երեկ վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, ինչպե՞ս ինքն է ձևակերպել, «վերընտրվելու կապակցությամբ»։ Նույնիսկ եվրոպական երկրները չեն ճանաչել Բելառուսի նախագահի ընտրությունների արդյունքները։ Ձեր կարծիքով ինչու՞ վարչապետը չսպասեց գոնե նախնական արդյունքների ամփոփմանը։

-Մենք չպետք է նայենք, թե ինչ են անում եվրոպական երկրները, հետո նոր մենք անենք։ Քանի որ մենք գտնվում ենք դաշինքի մեջ, հարգելով բելառուս ժողովրդի բոլոր իրավունքները արդար ընտրությունների իրավունքի, արդարության վերականգնման և հաստատման գործում, այնուհանդերձ կան միջպետական հարաբերություններ, որոնք պետք է պահպանվեն։ Հետևաբար վարչապետի շնորհավորանքը հենց այդ հարաբերություններից է ելնում։ Ես չեմ կարծում, որ այդտեղ որևէ դատապարտելի բան կա և այդ շնորհավորանքը ոտնահարում է բելառուս ժողովրդի իրավունքների հաստատմանը։

-Այստեղ տեսակետներ հնչեցին, որ այդ շնորհավորանքով վարչապետը հարցականի տակ է դնում նաև 2003, 2008, 2013 թվականի ընտրություններին Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հաղթանակների հանդեպ ժողովրդի կասկածը։ Այդպես չէ՞։

-Չէ, բոլոր դեպքերում մենք իրավունք չունենք խառնվելու որևէ երկրի ներքին գործերին։ Երբ Սերժ Սարգսյանը հեղափոխության օրերին ԱԺ-ում ընտրվեց վարչապետ, բազմաթիվ երկրներ շնորհավորեցին նրան։ Մենք դա չպետք է ընդունենք վիրավորանք և հետագա մեր հարաբերությունները կառուցեինք ըստ այդմ։ Հիմա դա ընդունված կարգ է, իրենք չեն կարող ամենայն խորությամբ տեղեկանալ, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ըստ այդմ կողմնորոշվել։ Նույնն էլ մենք։ Մենք չենք կարող տիրապետել ամբողջական ինֆորմացիային, բարձրագույն իշխանությունը չպետք է իր քայլերը կառուցի ըստ պայմանականությունների։ Կփոխվի՞ իրավիճակը, ըստ այդմ կկողմնորոշվենք։

-Անդրադառնանք Ամուլսարին։ Ձեր կարծիքով ինչպե՞ս պիտի վարվի իշխանությունը այնտեղ բողոքի գործողություններ իրականացնողների հետ, չպե՞տք է իշխանությունը միջամտի, որպեսզի Լիդիանը կարողանա աշխատել։

-Ես կարծում եմ ցանկացած բողոքի գործողություն, որը դուրս է գալիս օրենքի շրջանակներից, պետք է արժանանա իշխանությունների կոշտ դիրքորոշմանը։ Ես ողջունում եմ էն մարդկանց, այդ բազմության մեջ՝ նրանց, որոնք ազնվորեն պայքարում են հանուն իրենց գաղափարների, որոնք բնապահպաններ են և առաջնորդվում են իրենց գաղափարներով։ Բայց համոզված եմ, որ այդ պայքարում կան նաև ներդրված մարդիկ, ուղղորդված մարդիկ, որոնք ֆինանսավորվում են և որոնք ամենավտանգավորն են։ Այդ իմաստով եմ ասում, որ պետությունը պետք է կիրառի կոշտ միջոցներ, եթե այդ ամենը դուրս է գալիս օրենքի շրջանակներից։ Իսկ ընդհանուր առմամբ որպես հարցի լուծում, այն գործընթացը որ գնում է Քննչական կոմիտեում և որով զբաղվում է նաև բնապահպանության նախարարությունը, պարզվի, որ հանքը չպետք է շահագործվի, չպետք է շահագործվի։ Բայց եթե պարզվի, որ ոչ մի հիմք չունենք հանքի շահագործումը դադարեցնելու համար, որը վաղուց է սկսվել, պետք է շահագործվի։ Եվ ես կարծում եմ, որ շատ լավ կլինի, որ կառավարությունը հնարավորություն ունենա այդ գործունեությունից միջոցներ գտնի հատկացնելու բնապահպանական և հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք ամենօրյա մոնիտորինգ իրականացնեն և զգոն պահեն իշխանություններին ու հավանական շագործողին այս կամ այն թերությունը հայտնաբերելու և վերացնելու համար։ Ռիսկ է, բայց կյանքն ինքն էլ է ռիսկ։

-Կարծու՞մ եք, որ իշխանությունը պետք է հստակ պարզաբանմամբ հանդես գա և ասի, թե ինչու պետք է շահագործվի Ամուլսարը։

-Իշխանությունը չի կարող ասել, թե ինչու պետք է շահագործվի Ամուլսարը։ Նա կարող է ասել, թե ինչու ինքը չի կարող արգելել, որ շահագործվի Ամուլսարը։ Եվ՝ այո, իշխանությունը պետք է ասի, թե ինչ պատճառներով ինքը չի կարող արգելել այդ շահագործումը։ Այդ շահագործմանը բացի բնապահպաններից շատ այլ կազմակերպություններ են դեմ։ Որովհետև նրանց աշխատանքի արդյունքում անվտանգության չափորոշիչներն այնքան են բարձրացվել, որ հետո պետք է դրանք տարածվեն նաև մյուս հանքօգտագործողների վրա, որն այնքան էլ ցանկալի չէ նրանց համար։ Դրանք ծախսեր են, չէ՞։ Ուստի ընդդիմանում են։ Ես համոզված եմ, որ որպես պետություն և հասարակություն համերաշծորեն դուրս կգանք այս իրավիճակից, եթե կարողանանք իրար լսել։ Որևէ բանակցող կողմ եթե պատրաստ չէ դիմացինին լսել, բանակցող կողմ չէ, շանտաժիստ է։

-Ձեր կարծիքով առանց Ամուլսարի Հայաստանի տնտեսությունը կարո՞ղ է շնչել։

-Հա, իհարկե, կարող է։ Ես չեմ կարծում, որ այն միջոցները, որ պետական բյուջե պետք է գան այդ շահագործումից, այնքան էական են, որ չգալու դեպքում տնտեսությունը լուրջ վնասներ կկրի։ Այստեղ ավելի շատ հարվածը պետության իմիջին կլինի, եթե չշահագործվի։ Մենք վնասներ կկրենք ներդրումային մթնոլորտի իմաստով, պետության նկատմամբ ունեցած վստահության իմաստով։

-Այսինքն, Հայաստանի իշխանությունը պատանդ է նախորդների կայացրած որոշմա՞ն։

-Մենք պետություն ենք։ Քիչ առաջ խոսում էինք, թե ինչու մեր վարչապետը շնորհավորեց Բելառուսի նախագահին։ Հիմա գերմանացին կամ հոլանդացին չպետք է նայի, թե ով է Հայաստանի վարչապետը և ըստ այդմ ճշտի իր վերաբերմունքը։ Դա տևական պրոցես է, կամաց կամաց քարը դրվի և իմիջ ձևավորվի։ Հիմա նոր ղեկավարություն է, որը ժառանգորդն է այդ ամեն ինչի։ Մենք գիտենք, թե Ամուլսարի շահագործումը ոնց է արվել։ Մենք գիտենք, թե ինչ փողեր են խաղացել։ Ես, թույլ տվեք ասել, ունեմ մի հիպոթեզ, որ «Լիդիանն» ինքն էլ շահագրգռված չէ հանքի շահագործումով, որովհետև նա նախատեսվածից ավելի շատ գումարներ է ծախսել և հետևաբար իր համար շահեկան է, որ հանքը չշահագործվի, և եթե հնարավոր է Հայաստանի կառավարությունից տուգանքներ կորզի և դուրս գա գերշահած արդյունքով։ Հետևաբար կոչ կանեի մեր բնապահպաններին այս հանգամանքի հետ հաշվի նստել։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

Հովիկ Աղազարյանը չի ներում Դաշնակցությանը

Սերինե

Ստեղծել հասարակական սննդի կետեր, որտեղ անվճար սնունդ կտրամադրեն օրավարձով ապրող մարդկանց. Աղազարյանի առաջարկը՝ Բադասյանին

Սերինե

91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է. Աղազարյանը` լոգոյից. «Հրապարակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին