Գլխավոր » Ես ցանկանում եմ, որ այս ամեն ինչից ոչ թե կենտրոնանանք նկարների վրա, այլ այն արդյունքների, որոնց պարտավոր ենք հասնել ապագայում. Թևան Պողոսյան
Գլխավոր Նորություններ

Ես ցանկանում եմ, որ այս ամեն ինչից ոչ թե կենտրոնանանք նկարների վրա, այլ այն արդյունքների, որոնց պարտավոր ենք հասնել ապագայում. Թևան Պողոսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի, այդ ընթացքում տեղի ունեցած ելույթների և վարչապետի սելֆիի մասին Newarmenia.am-ը զրուցել է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ։

Պարոն Պողոսյան, ինչպե՞ս կգնահատեք ԵԱՏՄ խորհրդի նիստի կազմակերպվածության մակարդակը։ Մասնավորապես, եթե նկատենք, որ Հայաստանում անցկացվող այս նիստն աննախադեպ էր այն իմաստով, որ  մասնակցում էին ԵԱՏՄ-ի հետ համագործակցություն սկսող երկրների ղեկավարները։

-Այն, որ այստեղ գտնվում էին նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնք նոր մոտեցում և համագործակցություն են ձևավորում ԵԱՏՄ տարածաշրջանի հետ և այն, որ դա տեղի է ունեցել այստեղ առաջին անգամ, մեզ համար նույն կերպ կարելի է ասել, որ նորություն էր։ Ամենակարևորը, որ Իրանի անմիջական մասնակցությունն առաջինը հենց Հայաստանում է եղել, շատ ողջունելի է։ Բոլոր այն գովասանքի խոսքերը, որ այս ընթացքում լսում էինք ԵԱՏՄ երկրների նախագահներից, որոնք գոհունակություն էին հայտնում Հայաստանի նախագահությանը, դրա հետ միասին այն բոլոր համաձայնությունները, որ եղել են և քննարկումների արդյունքում պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերել, որ պետք է աշխատեին թվայանացման խնդիրների վերաբերյալ, թեև ոչ  մոտ ապագայում, բայց այնուամենայնիվ 2025 թվականին էներգետիկ ոլորտի միասնականության իմաստով, գնային քաղաքականության և այլն, ինքն իսկապես կարող է դառնալ կարևոր կետ։ Որտեղ, եթե աշխատանքը շարունակվի և հետևողական կարողանան հասնել դրական արդյունքների, ապա ապագայում էլ կոչվելու է, որ այս բոլոր համաձայնությունները եղել են երևանյան գագաթնաժողովում։  Այսքանն ասացի, որ բոլորս գիտակցենք, որ մեկ բան է, երբ որ գալիս ենք համաձայնության ինչ-որ խնդիրների վերաբերյալ, իսկ երկրորդ ու ամենակարևոր բանն այն է, որ քրտնաջան աշխատանքը միտված լինի արդյունքների ամրապնդմանը,այդ ժամանակ գնահատականներն իսկապես կարող են հնչել։ Հիմա միանգամից վերցնել և ասել՝ այ, տեսաք ինչ ֆանտաստիկ էր, կարելի է միայն այն բանի համար ասել, որ Իրանի և Սինգապուրի ղեկավարներն էին այստեղ և  Երևանում տեղի ունեցավ ազատ տնտեսական գոտուն միանալու ստորագրություն։ Իրանի հետ մասնակցությունը նշանակում է, որ հոկտեմբերից ուժի մեջ է մտնելու դա, այդ իմաստով մենք ինչ-որ նոր շունչ բերեցինք։ Ես կցանկանայի, որ ժամանակի ընթացքում լիակատար այն արդյունքները լինեն, որոնք իսկապես թույլ կտան գնահատել և ոչ միայն այսօրվա դրությամբ այդ ապագայի, որ դա պատմական էր։

Նկատի ունենալով Իրանի վերաբերմունքը Արցախի հարցում՝ ինչպիսի՞ ազդեցություն կունենա այս համագործակցությունը Արցախի հարցի կարգավորման վրա։

-Իրանը միշտ էլ յուրահատուկ այսպես ասած հավասարակշված մոտեցում է ունեցել, այդպես էլ շարունակում է։ Ես հասկանում եմ, որ ամեն հարց կարելի է իր հետ կապել, բայց այս պարագայում միակ դրական բանը, որը ես կարող եմ Արցախի հետ ասել, դա այն է, որ եթե այս բոլոր համաձայնությունները նպաստելու են Հայաստանի տնտեսության զարգացմանը, ապա, բնականաբար, ինչքան հզոր լինի Հայաստանը, այնքան կկարողանանք ապագայում ձևավորել հզոր Արցախ և միշտ կարողանալու ենք տանել մեր շահերն առաջ և ապահովենք, որ որևէ հակահայկական լուծումների մոտեցումներ չքննարկվեն։ Սա պարզ գիտակցում է, որ կարող են լինել միայն հզոր Հայաստանում և հզոր Հայաստանը կձևավորվի, եթե իր տնտեսությունը զարգանա։

-ԵԱՏՄ նիստի անցկացման ընթացքում տեղի ունեցան որոշակի իրադարձություններ, մասնավորապես վրացի լրագրողի հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված ռուսական զորքերի դուրս բերման հետ, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանիի կոշտ հայտարարությունն՝ ուղղված ԱՄՆ-ին , արդյո՞ք այդ դրսևորումները խնդիրներ չեն առաջացնի Հայաստանի համար։

-Մենք մի բան պիտի գիտակցենք, որ ինչքան մենք ընդլայնվենք աշխարհի համար՝ մեր շահերից ելնելով՝ պետք է գիտակցենք, որ և՛ Վրաստանն է մեր հարևանը, և՛ Իրանն է մեր հարևանը, մենք պետք է կարողանանք այդ ռեգիոնալ հարևանության շրջանակներում հյուսիս-հարավ ինտերգարցիոն գործընթացներին զարկ տալ և բնականաբար դա բերելու է այս տեսակի երևույթների։ Գլխավոր խնդիրն այն է, որ Հայաստանը երբևէ իր քաղաքականությունը չվարի այն տեսակետից, որտեղ մարդիկ կասեն, որ այ Հայաստանը հատուկ է այսպես վարվում, հատուկ փորձում է բերել մեզ իրար հետ կռվացնել։ Մենք ունեցել ենք այդպիսի դեպքեր, երբ օրինակ նույն Վրաստանում  երբ դու հասկանում էիր, որ իրենք՝ վրացի պատգամավորները, կամ Վրաստանի նախարարները կամ Վրաստանի քաղհասարակության ներկայացուցիչները, փորձում էին ներգրավվել արցախյան ինչ-որ խնդրի մեջ և դառնում էր այնպես, որ իրենց նախաձեռնությամբ նաև այդ հարցը ամբողջ միջոցառման ժամանակ դառնում էր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև իրար կսմթելու, բզկտելու առիթ, միջոցառման թեման փոխելու, տանելու դեպի այլ հարցեր։ Եթե մենք դա չենք անում, մարդիկ շատ լավ գիտակցում են, որ բնական է, Հայաստանն այսօրվա դրությամբ բաց  հասարակություն է, հրավիրում է իր հարևաններին, հարևանները պետք է իրենց տեսակետներն ասեն իրենց շահերից ելնելով, այստեղ որևէ խնդիր չկա, իսկ եթե գալիս են նաև լրագրողները այլ երկրներից կարող է նաև դեպք լինի, որ այդ տեսակի ինչ-որ հարցեր հնչեն։ Բայց այդ հարցն օրինակ Վրաստանի լրագրողը կարող էր Պուտինին ամեն տեղ տալ, ինչ տարբերություն Հայաստանում էր այդ միջոցառումը, թե օրինակ Ֆրանսիայում Ժակ Շիրակի հուղարկավորության ժամանակ։ Այստեղ մեր դաշտից դուրս է գալիս,  կարևոր խնդիրը, որ Հայաստանն իր քաղաքականության մեջ չդառնա որ ինքն է նախաձեռնում, որ շահերի բախում այստեղ տեղի ունենա։ Այսօրվա իշխանությունները միշտ ասում են, որ չի լինելու ռիսկային որևէ շրջադարձ, ինչը նշանակում է, որ Հայաստանն առաջնորդվելու է իր շահերով, այլ ոչ թե փորձելու ենք ուրիշների կոնֆլիկտները մեր համար օգտագործենք, կամ ուրիշների շահերի բախմանը նպաստող դաշտ դառնալ։ Եթե այդ քաղաքականությունը վարենք, ապա որևէ մեկը Հայաստանին չի մեղադրի։

Երեկ ԵԱՏՄ ներկայացուցիչների հետ «ԹՈՒՄՈ» կենտրոն այցելելիս ՀՀ վարչապետը հրապարակել էր մի սելֆի լուսանկար, որտեղ ներկաներից բոլորը ժպտում էին, բացի Վալդիմիր Պուտինից և դա որոշակի շրջանակներ քննարկման թեմա էին դարձրել։ Արդյո՞ք Վլադիմիր Պուտինի չժպտալուց պետք է որոշակի ենթադրություններ արվեին։

-Ես հասկանում եմ, որ մարդ ցանկացած բան կարող է իր ուզածով մեկնաբանել կամ չմեկնաբանել, հիմա մենք պետք է հասկանանք, որ այսօրվա Հայաստանի վարչապետը սիրում է սելֆիներ անել, և երևի խոսել պայմանավորվել են, որ սելֆի անի։ Ես վստահ եմ, որ էթիկայից ելնելով դա գեղեցիկ կլիներ, որ ինքը նախօրոք համաձայնություն ստանար, որ սելֆի անեն։ Հիմա մենք վստա՞հ ենք, որ օրինակ մի 25 անգամ չեն փորձել սելֆի անեն, ու պարզվել է մեկի աչքերն են փակ, մեկն ինչ-որ այնպես չի, և այս մեկն է ստացվել, որը միգուցե բոլորն էլ համաձայնվել են, որ հրապարակվի։  Մենք ինքներս էլ չէ՞ մեր կյանքում, երբ որ նկարվում ենք դրանից հետո կողքիններն ասում են՝ վայ, այստեղ աչքերս փակ էր, այստեղ լավ չժպտացի և այլն։ Հիմա պետք է հասկանանք, որ իրենք էլ են նույն մարդիկ, և այդ սելֆիին ես ավելի շատ մարդկային տեսանկյունից եմ նայում։ Նստել մեկնաբանել, թե այ նկարում այս մեկը սենցա, մեկը՝ նենց ու դրանից ինչ-որ մեծ բաներ անել, ավելի շատ սուրճի բաժակ նայել եմ դիտարկում: Հիմա եթե այդ նույն դեմքով, բայց մենք տեսնենք, որ ապագայում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները զարգանում են, խորանում են, հզորանում են դա է կարևոր լինելու։ Իսկ եթե շատ ժպտացող լիներ, ահավոր դիվանագիտորեն ժպտացող նկար լիներ, բայց պարզվեր, որ դրանից հետո մեր հարաբերությունները վատանում են, չեն զարգանում, ոչ մի տեղ չեն գնում, ի՞նչն էին գնահատելու, էդ ժպիտը, թե՞ արդյունքը։ Մենք պետք է հասկանանք, որ պետական բարձրաստիճան այրերի հարաբերությունների դաշտը, որոնք կարող են նաև անձնական ինչ-որ չափով լինեն, ունենում են այն կոմպոնենտը, որտեղ հետո իրենք պետք է պատասխանատվություն կրեն իրենց երկրների ապագայի զարգացման համար։ Դրանցով են պատմութան մեջ իրենց գնահատում։ Ես ցանկանում եմ, որ այս ամեն ինչից ոչ թե կենտրոնանանք նկարների վրա,  այլ այն բոլոր արդյունքների, որոնց պետք է և պարտավոր ենք հասնելու ապագայում մեր սերունդների համար, իսկ դրա համար պետք  է քրտնաջան աշխատել, ամեն ինչ ճիշտ հաշվարկել և պետք է նվիրված գնալ առաջ՝ առաջնորդվելով Հայաստանի շահերով։ Եկեք դրանով զբաղվենք, դա է կարևորը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին