-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115676.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցիչների հայտարարությունն ու մեր անելիքները
Այլ Լուրեր

Եվրոպական Խորհրդարանի ներկայացուցիչների հայտարարությունն ու մեր անելիքները

Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան գործընկերության hանձնաժողովի եվրոպական պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդի, Հայաստանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Տրայան Բասեսկուի և Ադրբեջանի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ժելենա Զովկոյի` հունիսի 10-ին ընդունած համատեղ հայտարարությունը «Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև նոր ճանապարհի կառուցման վերաբերյալ» արտառոց է և ծայրաստիճան միակողմանի:

Մամուլում շատ է գրվել հայտարարությունում առնվազն երեք անընդունելի ձևակերպումների մասին՝ ԵԽ պատգամավորները առաջին անգամ ոչ թե ազատագրված տարածքները, այլ հենց Արցախն են անվանել օկուպացված․ նաև կոչ են արել կարգավորել հակամարությունը Ադրբեջանի ամբողջականության շրջանակում: Նրանք նաև կոշտ ձևակերպումներով քննադատել են ճանապարհի կառուցման նախաձեռնությունը: Փորձենք հասկանալ, թե այս հայտարարությունը ինչպե՞ս է ծնվել և հրապարակվել, և ի՞նչ են իրենցից ներկայացնում այս հայտարարության ստորագրողները:

Ինչպես իրավացիորեն նկատել էր տիկին Մ. Կալյուրանդի գործընկեր՝ հայկական կողմի համանախագահ Արման Եղոյանը՝ այս հայտարարությունը չի արտահայտում Եվրոպական Խորհրդարանի (ԵԽ) դիրքորոշումը: Հարց է առաջանում, թե ինչպե՞ս ստացվեց, որ այնուամենայնիվ, մի քանի արտառոց սխալներով  և իր բնույթով հակահայկական այս հայտարարությունը, որի ետեւում առնվազն երկու պատագամավոր ուղիղ առնչվում են Հայաստանին, լույս տեսավ: Ո՞րն է պատճառը, որ թե՛ Մ. Կալյուրանդը, և թե՛ Տ. Բասեսկուն չունեն տարրական գիտելիքներ հակամարտության վերաբերյալ, կամ, ինչպես շատերը պնդում են Երևանում, ունեն կանխակալ մոտեցում: 

Հարկավոր է նաև հասկանալ, թե ո՞րն է նման հայտարարությունների ուժն ու ազդեցությունը: Ակնհայտ է, որ այն ունի որոշակի նշանակություն, այլապես Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հայկական կողմի անդամները հանդես չէին գա նախադեպը չունեցող կոշտ հայտարարությամբ

Գովելի է, որ մեր խորհրդարանականները չեն անտեսել Հայաստանի հետ կարևորագույն, ինստիտուցիոնալ օղակներով համագործակցող երկու նշանակալի դերակատարների (մեկը՝ Ռումինիայի նախկին նախագահն է, մյուսն էլ՝ Էստոնիայի նախկին ԱԳ նախարարը) մոտեցումը: Սակայն արդյո՞ք ամեն ինչ արվել էր, որ բացառվեր նման հայտարարություն:

Անկախությունից ի վեր՝ միջազգային բոլոր կառույցներում ծավալվում է թեժ պայքար Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իսկական պատերազմ է տեղի ունենում համապատասխան փաստաթղթեր, մթնոլորտ ձևավորելու համար, ամեն մեկը իր կողմ է փորձում քաշել միջազգային պաշտոնյաներին և պատգամավորներին, ընդլայնել իր երկրի բարեկամների շրջանակը: 

Եթե ի դեմս Տ.Բասեսկուի մենք իսկապես ունենինք մարտահրավեր, հաշվի առնելով Ռումինիայի նախկին նախագահի կապերը Ի. Ալիեւի հետ, ապա էստոնացի ԵԽ պատգամավորի հետ որևէ խնդիր չկար: Այլապես մենք դեմ կլինեինք, որ Մ. Կալյուրանդը լիներ Հայաստանի հետ բարեկամության խմբի համանախագահը: Խորհրդարանական երկկողմ հանձնաժողովները կոչված են զարգացնելու փոխշահավետ եւ արդյունավետ խորհրդարանական գործընկերություն եւ համագործակցություն Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ, և տիկին Կալյուրանդը հենց դա պետք է ապահովեր ԵԽ-ի կողմից: Հիմա պետք է հասկանալ, ինչպե՞ս ստացվեց, որ այս երկարուձիգ 10-11 ամիսների ընթացքում մենք չենք կարողացել Էստոնիայի այս բազմափորձ նախկին դիվանագետի հետ պատշաճ աշխատանք տանել:  

Հասկանալի է, որ ԱԺ պատգամավորների մասով իրավիճակը բարդացել էր կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումների արդյունքում: Մասնավորապես, ապրիլին նախատեսված ՀՀ-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի հերթական նիստը տեղի չունեցավ: Սակայն մեր մնացած կառույցները՝ դեսպանությունները Բրյուսելում և Էստոնիայում, Երևանից հստակ հրահանգների ներքո, պետք է իրենց բաժին աշխատանքը տարած լինեին ՀՀ ԱԺ-ԵԽ բարեկամական խմբի եվրոպական մասի համանախագահի հետ: Բացի դեսպանություններից, գործի պետք է դրվեին համայնքային կառույցներն ու այլ հնարավոր խողովակները՝ Հայաստանի դիրքորոշումները հասցնելու, տիկին Մ. Կալյուրանդին Հայաստանի բարեկամը դարձնելու համար: Դրա համար կար պարարտ հող. Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակներում վարչապետ Փաշինյանը արդյունավետ և գործնական հանդիպում է ունեցել Էստոնիայի նախագահի հետ: Կողմերը ընդգծել են երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը, որը օրերս դրսևորվեց Էստոնիայի կողմից՝ համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցության տրամադրմամբ: 

Նույնիսկ եթե Հայաստանի դիրքորոշումն էլ չենք կարող դարձնել հարազատ ԵԽ պատգամավորի/ների համար, ունենք ավելի հզոր կռվան՝ Եվրոպական Խորհրդարանը մշտապես հայտնել է իր աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբին: Գոնե այդքանը մենք կարող էինք հասցնել մեր գործընկերոջը/ներին: Իսկ Ռումինիայում մենք կարող էինք օգտվել նախագահ Տ.Բասեսկուի ժամանակ երկու անգամ նախարար աշխատած, Ռումիանիայում հայ համայնքի ղեկավար, ազդեցիկ քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի ծառայություններից, որը կարող էր առանցքային դեր ունենալ պարոն Տ.Բասեսկուի հետ մեր շփումներում: ՀՀ վարչապետի հետ Երևանում մեկ տարի տեղի ունեցած ջերմ եւ բարեկամական հանդիպման ժանանակ, պարոն Ոսկանյանը պատրաստակամություն էր հայտնել հնարավորինս նպաստել երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Ռումիանիայում մեր պաշտոնական ներկայացուցչի հետ նա ի վիճակի էր բացատրելու Հայաստանի, հարկ եղած դեպքում հենց Եվրոպական Խորհրդարանի պաշտոնական մոտեցումն ու քաղաքականությունը Ռումինիայի նախկին նախագահին: Սակայն արի ու տես՝ Էստանիան ու Ռումինիան ներկայացնող այս երկու գործիչների հրապարակային հայտնած դիրքորոշումը ուղիղ հակասում է իրենց իսկ ինստիտուտի ու նաև ԼՂ հակամարտության կարգավորման պաշտոնական միջնորդների ասածին: Հարց է առաջանում. այս ամենը արվ՞ել է:

Նկատենք նաև, որ Հայաստանը պետք է տեղյակ լիներ նման հայտարարություն անելու մտադրության մասին նախօրոք, ինչը նշանակում է, որ նաև պետք է տեսնեինք տեքստի նախագիծը: Դա ընդունված միջազգային պրակտիկա է, հատկապես գործընկերների պարագայում: Մեզ չէին կարող շրջանցել, հաշվի առնելով, որ ստորագրողներից մեկը Հայաստան-ԵԽ  գործընկերության Հանձնաժողովի համանախագահն է: Կրկին հարց է առաջանում. արվե՞լ է դա, թե ոչ:

Ընդ որում երկու պատասխանն էլ չէր կարող անհետեւանք մնալ. եթե նախազգուշացրել են նախօրոք՝ անհասկանալի է, թե ինչպես է, որ հայկական կողմը՝ խորհրդարանականներն ու դիվանագետները չեն ներկայացրել տարրական բացատրություններ մեր գործընկերներին (չենք ուզում ենթադրել, որ մեր բացատրություններն ու հիմնավորումները չեն ընդունվել): Եթե, այնուամենայնիվ, մեզ նախօրոք չեն տեղեկացրել, և փաստաթուղթը պատրաստվել է խորհրդապահական, իսկ այս դեպքում՝ ադրբեջանցիների հետ գաղտնի համագործակցության պայմաններում, ապա Հայաստանը չի ունենա այլընտրանք Մ. Կալյուռանդի և Տ. Բասեսկուի փոփոխության պահանջին. այդ անհեթեթ հայտարարության տակ ստորագրելով՝ նրանք չեն կարող շարունակել լինել Հայաստանին առնչվող նման առանցքային պաշտոններում:

Ակնհայտ է, որ այս անգամ չստացվեց դիմագրավել ադրբեջանական լոբբիին: Հիմա կա մի հայտարարություն, որն ունի սահմանափակ, սակայն միջազգային նշանակություն, իսկ մենք հակադարձել ենք՝ ԵՄ-Հայաստան գործընկերության hանձնաժողովի միայն հայկական պատվիրակության հայտարարությամբ: 

Հիմա խոսենք կարևոր մեկ այլ հարցի վերաբերյալ: Այսօր մենք ունենք Արցախը Հայաստանին կապող երկու ճանապարհ, որոնց կառուցման, ապա շահագործման ժամանակ նման մեղադրանքներ Հայաստանին ժամանակին չեն ներկայացրել: Հիմա հարց է առաջանում. այդ ինչպե՞ս եղավ, որ այս անգամ մեր պատկան մարմինները չկարողացան զրոյացնել վերահաս վտանգները: Սա տարրական աշխատանք էր պահանջում՝ նախեւառաջ Հայաստանի գլխին կախված բոլոր ենթադրյալ մեղադրանքների չեզոքացման ուղղությամբ: Մենք ավելի քան մեկ տարի ունեինք բացատրելու միջազգային հանրությանը ճանապարհի կառուցման հարցում միջազգային պարտավորությունների համաձայն գործելու մեր պարտավորվածությունը: Կա եւս մեկ հարց. իսկ այսօր այս ուղղությամբ որևէ բան արվո՞ւմ է:

Հայաստանը պետք է դասեր քաղի: ԵԽ՝ հեղինակություն ունեցող պատգամավորների այս հայտարարությունը պետք է ահազանգ լինի: Մենք պետք է ընդլայնենք մեր բարեկամների, Հայաստանի լավը ուզողների շրջանակը, մեր դիրքորոշումները պետք է ունենան տարբեր ատյանների աջակցությունը, այնպես, ինչպես այսօր դրական են ընդունվում Հայաստանի վարչապետի նախաձեռնություններն ու առաջարկությունները:

Նմանատիպ Հոդվածներ

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն անհրաժեշտ է համարում ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը

Անի Գրիգորյան

Եվրոպական խորհրդարանի անդամներն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների մասին հարց են բարձրացրել

Նատա Հարությունյան

Եվրոպական խորհրդարանի պատգամավորն աջակցություն է հայտնել Հայաստանին և Արցախին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին