28 C
Yerevan
12 Օգոստոսի, 2020
91561.6 By Google Analytics 11.08.2020
Գլխավոր » «Երբ իշխանությանը վստահում ես, ասում ես` առ քեզ մուրճ ու գիտեմ, որ գլխիս չես խփելու». Ս. Գրիգորյան
Հարցազրույցներ

«Երբ իշխանությանը վստահում ես, ասում ես` առ քեզ մուրճ ու գիտեմ, որ գլխիս չես խփելու». Ս. Գրիգորյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ Newarmenia.am֊ը զրուցել է ԱԺ ընդունած «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի մասին, որը տարակարծությունների առիթ է դարձել։ Նախագծի հեղինակներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանի և Սիփան Փաշինյանի հիմնավորմամբ նախատեսվում է ոստիկանությանն իրավունք վերապահել ունենալու այն տեխնիկական միջոցները, որոնք անհրաժեշտ են վերահսկել հեռախոսային խոսակցությունները:

֊ Գաղտնալսումներին մեր իրականությունում այնքան էլ դրական չեն վերաբերվում։ Որքանո՞վ էր հրատապ և կարևոր նման նախագծի ընդունումը։

֊ Նախագծի հիմնավորումներից մեկն այն է, որ օպերատիվության առումով քննությունները շատ են տուժում` ինֆորմացիայի արագ հավաքագրման և արձագանքման առումով, որպեսզի հետագայում նաև պատշաճ ապացույցներ լինեն։ Ուզում եմ անպայման ընդգծել, որ այս նախածով ոչ թե մի նոր լիազորություն է ավելանում ոստիկանության համար, այլ խնդիրը տեխնիկական բնույթ ունի. եթե նա առաջ ստանում էր գաղտնալսման որոշում, որի համար պետք է դիմեր ԱԱԾ֊ին` տեխնիկական ապահովման համար, հիմա առանց ԱԱԾ դիմելու է լինելու տեխնիկական ապահովումը։ Սա, իհարկե, ռիսկեր ստեղծում է։ Այն մարդիկ, որոնք դեմ են, երևի մտածում են` կարո՞ղ է ինձ ապօրինի գաղտնալսեն։

֊ Հասարակական֊քաղաքական գործիչները բազմիցս են ահազանգել, որ գաղտնասլվում են, և ժամանակին դա բավականին տարածված երևույթ էր։

֊Վերջին երկու տարվա ընթացքում բացի հայտնի գաղտնալսումից, ուրիշ այլ դեպք ես չգիտեմ։ Այս նախագծին դեմ արտահայտվողները չեն մտածում, որ գաղտնալսելով մի հանցագործություն, որից հնարավոր է իրենք հենց տուժած լինեն, այդպիսով այն չի բացառվում, որ կբացահայտվի։ Պեսիմիստական այսպիսի վատ տեսանկյունից են նայում , քանի որ ռիսկ կա, բան չունեմ ասելու։ Ցանկացած գործիքակազմ, երբ տալիս եք քննչական մարմիններին, քանի դեռ նրանք բարեխիղճ են, ճիշտ է օգտագործվում գործիքակազմը` ապահովելով բոլորիս անվտանգությունը…

֊ Իսկ եթե բարեխիղճ չե՞ն...

֊Եթե բարեխիղճ չեն և իշխանության կողմից էլ օգտագործվում է սեփական, կուսակցական, նեղ անձնական շահերը սպասարկելու համար, ապա խնդիրներ, այո, առաջանում են։ Սակայն այսօր մենք ունենում ենք լեգիտիմ իշխանություն, իսկ ոստիկանության պարագայում դեռ, այո, ունենք խնդիրներ, սակայն միևնույն ժամանակ կա բողոք`  ո՞ւր են սպասված բացահայտումները։ Քննչական մարմիններն իրենց հերթին ասում են, որ համապատասխան տեխնիկական ապահովածություն չունեն։ Մինչդեռ հանցագործներ կան, որոնք ունեն գաղտնալսման համապատասխան սարքեր։ Այսինքն, այս դեպքում պետությունը չպետք է լինի պատասխանողի դերում. նրա տեխնիկական հագեցվածությունը կամ պետք է հավասար լինի նրան, ինչ ունեն պոտենցիալ հանցագործները, կամ ավելին լինի։ Եթե հակառակորդներն ունեն խլացուցիչներ, գաղտնալսող սարքեր, իսկ դու այդ ամենն անում ես շատ հին մեթոդներով, դու ուղղակի չես կարողանալու ապացույցներ ձեռք բերել, իրավիճակին օպերատիվ արձագանքել։ Էլի եմ ասում` այս նախագիծը միշտ շահարկումների տեղ ունենալու է, մտահոգությունների տեղիք տալու է, դրան պետք է ուշադիր լինենք, սակայն ասել` ինչ է թե մեզ գաղտնալսում են, չգիտեմ… Հիմա, ասենք, մենք զենք ենք առնում, նստենք, մտածենք` բա, որ հանկարծ այն մի օր մեզ վրա կրակի…

֊ Արդյոք այս նախագծի համար շարժառիթ է հանդիսացել ԱԱԾ նախկին պետի և ՀՔԾ պետի գաղտնալսման հարապարակո՞ւմը։

֊ Չեմ կարծում. նախագծի հեղինակը ես չեմ և շարժառիթների մասին չեմ կարող խոսել։ Ես այս նախագծին նայում եմ ինստիտուցիոնալ և ռեֆորմի տեսանկյունից։

֊ Ինչու եմ այդ հարցը տալիս, քանի որ դուք էլ ձեր խոսքում նշեցիք, որ, այսպես կոչված, հակառակորդները կարող են ունենալ շատ ավելի ուժեղ սարքավորումներ, որոնց պետությունը պետք է կարողանա հակակշռել։ Կոնկրետ այդ գաղտնալսման հրապարակման հետ կապված պետությունը թերացել էր…

֊ Ես մասնագիտորեն չեմ տիրապետում, թե ինչ սարքեր պետք է ունենաս, որ քեզ չգաղտնասլեն կամ դու գաղտնալսես, ես տրամաբանությունն ու փիլիսոփայությունն եմ ասում։ Երբ ես ասում եմ` հանցագործություն, գաղտնալսում, ես կոնկրետ դեպքերը նկատի չունեմ, այլ ընդհանուր երևույթը։

֊ Եթե այսօր իշխանությունները լեգիտիմ են և ապօրինի գաղտնալսման հրամաններ չպետք է, որ լինեն, նոր ընտրությունների արդյունքում չի բացառվում` գա այնպիսի իշխանություն, որը չգիտենք, թե ինչպես կծառայեցնի այս նախագիծը` կդարձնի՞ այն գործիք ` իր նեղ շահերի համար, ինչպես շատ հաճախ  տեսնում էինք նախորդ իշխանությունների դեպքում։

֊ Այս հարցն այսօր շատ է քննարկվում, սակայն 2018թ. փոփոխություններն այն մասին չէին, որ Նիկոլ Փաշինյան անձը, կամ Արարատ Միրզոյան անձը, կամ այլ անձինք գան իշխանության, այլ այն մասին էր, որ մոդելը, որով անձինք գալիս են իշխանության, լինի ազատ, արդար ընտրությունները։ Այդ սկզբունքով ով էլ գա իշխանության, նա ի սկզբանե լեգիտիմություն ունենալու է։ Ի՞նչ բան է լեգիտիմություն, դա վստահությունն է սեփական իշխանության նկատմամբ։ Եթե գիտեք, որ ընտրական գործընթացն անցել է արդար, չեն եղել ընտրակեղծիքներ, ամեն ինչ թափանցիկ է եղել, ենթադրվում է, որ այդպիսով իշխանության եկած մարդիկ վայելում են ժողովրդի վստահությունը։ Չի բացառվում, որ արդար, ազատ ընտրությունների միջոցով իշխանության գան մարդիկ, որոնք այնքան էլ ազնիվ չեն, բարեխիղճ չեն։ Ի՞նչ անել։ Այս մասին ժամանակին Չերչիլն է ասել` «ժողովրդավարությունը  կառավարման լավագույն ձևը չէ, բայց ավելի լավ ձև դեռ չի գտնվել»։  Եթե հիմա մենք այս նախագիծը չընդունենք, ապա ի՞նչը կխանգարի նոր իշխանություններին այն ընդունել…

֊ Այդ դեպքում դա առիթ կհանդիսանա, որպեսզի իշխանությանն անվստահություն հայտնվի և հրաժարականի պահանջ ներկայացվի…

֊ Իսկ այդ դեպքում ի՞նչն է նրանց խանգարում, որպեսզի օրենսդրական մակարդակում ոչինչ չփոխեն, սակայն փաստացի ձեռք բերեն նման սարքեր ու գաղտնալսեն…

֊ Տարբերություն, ըստ էության, չկա, օրենսդրական մակարդակում հարցը կլուծվի՞, թե ապօրինի ձևով…

֊ Շատ տարբերություն կա. իշխանության լավը կամ վատը լինելը չափվում է ոչ թե տրված խոստումներով, այլ գործողություններով։ Ամեն իշխանություն էլ լավ խոստումներ տվել է. Սերժ Սարգսյանը խոստումներ չի՞ տվել, իհարկե տվել է, սակայն քայլերն այլ էին։ Օրինակ բերեմ` երբ ես փաստաբան էի աշխատում, մարդիկ գալիս ու հարցնում էին` իսկ մենք ի՞նչ երաշիք ունենք, որ դուք չեք համագործակցի մյուս կողմի հետ` մեր շահերին հակառակ և այլն։ Ասում ենք` ոչ մի երաշխիք էլ չունեք. կամ վստահում եք, կամ` ոչ, ես չեմ կարող դա որևէ կերպ ապացուցել։ Մոտավորապես նույնն էլ այստեղ է։ Նույնն է, թե` դուք արագընթաց ավտոմեքենա եք գնում, երկու տարբերակ ունեք` դուք կարող եք Ա կետից Բ կետ արագ հասնել, կամ արագության տակ հնարավոր է վթարվեք ու տեղ չհասնեք։ Ուզում եմ ասել` լավ ու վատ կողմերը, ռուսերեն ասած, палка в двух концах։ Եթե մենք ուզում ենք, որ ոչ մեկ ոչ մեկի չգաղտնալսի, լավ. էդ դեպքում թող մեր իրավապահ մարմինները գաղտնալսման ոչ մի սարք չունենան։

֊ ԱԱԾ֊ն բավարար էր…

֊ Նախագծի հիմնավորումների մեջ նշվում էր, որ բավարար չէ։ Նախագծի համահեղինակներից Արմեն Խաչատրյանը բացատրում է, թե երբեմն որքան ժամանակ է կորում ոստիկանությունից ԱԱԾ թղթաբանության պատճառով։ Ասել, թե այս գործիքակազմ կարող է ի չարօրություն օգտագործվել և այդ պատճառով չի կարելի այն ընդունել, այդ մասին ես բազմիցս եմ ասել` մուրճի օրինակը բերելով. եթե անհրաժեշտ է մեխ մեխել, մուրճ ենք ուզում, սակայն ասում եք` բա, որ այդ մուրճի տաք մեկի գլխին։ Դրա համար ավելի լավ է ձեզ տաք սիլիկոնից մուրճ։ Այդ դեպքում մեկի գլխին չեմ կարող խփել, սակայն մեխն էլ չեմ կարողանա մեխել։ Իսկ երբ իշխանությանը վստահում ես, ասում ես` առ քեզ մուրճ ու գիտեմ, որ գլխիս չես խփելու, մեխն էլ մեխելու ես։ Ամեն ինչի հիմնաքարը վստահությունն է կամ` հակառակը։

֊ Եթե հասարակության կողմից կա վստահություն իշխանության նկատմամբ, դա դեռ չի նշանակում, որ նրան օժտում ենք բացարձակ լիազորությամբ, այսինքն` եթե նա սխալ էլ անի, պետք է ասես` դե, ոչինչ, մենք նրան վստահո՞ւմ ենք, ու այդ սխալը կարող է մեր գլխին պատուհաս դառնալ։ Ո՞րն է լուծումը, երբ լեգիտիմ իշխանության որոշմանը դեմ են հասարակության լայն շրջանակները և, ի դեպ, բացասական եզրակացության է արժանացել նաև Կառավարության կողմից։

֊ Ես չեմ ասում, թե պետք է ֆիքսենք, որ այն վատ նախագիծ է, բայց որ լեգիտիմ իշխանություն է, ապա` ոչինչ, ընդունենք։ Ընդամենը վստահության առումով պետք է հասկանաս` դու տալի՞ս ես այդ գործիքը նրան, թե ոչ…

֊ Վստահում եմ, սակայն չեմ տալիս այդ գործիքը…

֊ Ուրեմն, չեք վստահում և հետո` իրականում այնպես չէ, որ այս նախագծով բացարձակ լիազորություն է տրվում ոստիկանությանը, քանի որ ենթադրվում է, որ դատական վերահսկողություն պետք է լինի նրա նկատմամբ։ Նորից եմ ասում` եթե մենք ամեն ինչին գնալու ենք այն տրամաբանությամբ, որ հանկարծ ունքի տեղն աչքը չհանենք, մենք գալիս ենք այն հայտնի ասացվածքին` չի սխալվում նա, որը ոչինչ չի անում։ Հիմա քննչական մարմիններն ասում են, որ այդ գործիքն իրենց անհրաժեշտ է. մենք կամ պետք է գնանք այդ համարձակ որոշմանը, կամ խուսափենք գաղտնալսումից։ Ինչ վերաբերում է Կառավարության բացասական եզրակացությանը. այն տրվել է ոչ թե այն պատճառով, որ գաղափարապես այն անընդունելի է, այլ համարվել է ժամանակավրեպ` ավելի ուշ պետք է բերվեր այս նախագիծը, իսկ ԱԺ ճիշտ ժամանակին է բերվել։ Հիմա`եթե սա էլ է՞ անառողջ, որ ԱԺ֊ն ու Կառավարությունը տարբեր կարծիքներ ունեն, կարծում եմ, շատ էլ առողջ է։

֊ Ոստիկանությունը ՀՀ վարչապետին առընթեր է, այսինքն` Գործադիր մարմնի մաս է կազմում, ու եթե Գործադիրը բացասական եզրակացություն է տվել, այս դեպքում Օրենսդիրի դրական որոշումն անընկալելի է…

֊ ԱԺ֊ն ինքնուրույն է որոշում` նախագծերն ինչպես ներկայացնի, և Կառավարության կարծիքը պարտադիր բնույթ չունի այս հարցում։ Եթե Կառավարությունը դեմ է, ուրեմն ԱԺ֊ն չպե՞տք է քվեարկի, այս դեպքում էլ ինչո՞ւ ենք ԱԺ պահում, եկեք լինի միայն Կառավարություն։ Նախագծի համահեղինակները համապատասխան գերատեսչությունների հետ շփումներ ունեցել են, վստահ եմ։ Կարծում եմ` ժամանակը ցույց կտա` այս գործիքը տեղի՞ն էր, թե ոչ։ Եվ, ի դեպ, նախագծին դրական վերաբերվող մարդկանց ձայնը միշտ չէ, որ լսելի է. եթե մի քրեական գործ այս նախագծի շնորհիվ բացահայտվի, դժվար թե այս մասին սկսեն խոսել, թե տեսեք` ինչ լավ բան է եղել։ Շատ երկակի իրավիճակ է։ Ես չեմ կարող ասել, որ 100 տոկոս ամեն ինչ լավ է լինելու, սակայն հակառակ կողմի արգումենտացիան էլ ճիշտ չէ։

֊ Արդյոք այս դեպքում անձնական տվյալների և անձնական կյանքի միջամտության խնդիր չե՞նք ունենում։

֊ Առհասարակ անձնական կյանքի գաղտնիությունը կամ բանկային գաղտնիությունը  բացարձակ իրավունքներ չեն. անգամ ՄԻԵԴ֊ն ասում է, որ նման իրավունքները կարող են սահմանափակվել, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավար հասարակությանը, հետապնդում է լեգիտիմ նպատակ և սահմանված է օրենքով։ Մենք պետք է հասկանանք, որ որոշ դեպքերում, երբ հանրությունը հետաքրքրված է հանցագործությունների բացահայտմամբ, որոշ իրավունքներ` իր իսկ անվտանգության ապահովման համար, պետք է զիջել։ Սակայն դա դեռ չի նշանակում, որ այդ տվյալները հետագայում պետք է հրապարակվեն։ Ուղղակի պետք է ճիշտ բալանսը գտնել։

֊ Եղել են դեպքեր, երբ այդ նույն անձնական տվյալները` ուղղակի անձնական բնույթի զրույցները գաղտնալսելու արդյունքում օգտագործվել են տվյալ հասարակական ֊քաղաքական անձի դեմ` որպես կոմպրոմատ...

֊ Այո, ճիշտ է, եղել են նման դեպքեր… Ես նորից զուգահեռ անցկացնեն իմ նախկին աշխատանքի հետ. երաշխիքների մասով փաստաբանների մեջ մի հայտնի արտահայտություն կա, ասում է` իրավաբանները չեն տալիս երաշխիքներ, եթե երաշխիքներ եք ուզում, թեյնիկ գնեք։ Մենք տարիներ շարունակ զոհ ենք եղել նրա, որ տվյալ գործիքակազմն իշխանությանը տրվում էր, որ լավ բան անի, սակայն ի չարս է օգտագործվել։ Հիմա մեզ մոտ առաջին ռեակցիան այն է, որ այդ գործիքը նրա ձեռքից պետք է խլել, սակայն այդ դեպքում մեկ այլ պատկերավոր օրինակ բերեմ դեղերի պահով` կա մի դեղ, որը մարդուն ցավազրկելու համար է, սակայն այն ինչ֊որ մեկն այն օգտագործում է` որպես թմրամիջոց և բարձր դոզաների դեպքում` մահանում։ Խնդիրն այն չէ, որ այդ դեղը չպետք է լինի, այլ խնդիրն այն է, որ այն նպատակային օգտագործվի։ Մենք ասում ենք` վերջ, ոչ մի միջոց չտանք, սակայն հետո հակառակ ցիկլի մեջ ենք ընկնելու. հանցագործություններն, արդյունքում, կշատանան, չեն բացահայտվի հետո հանցագործություններից տուժած պոստտրավմատիկ սինդրոմով ենք սկսելու տառապել`սկսելու ենք ավելի շատ միջոցներ տալ, քան պետք է` ընկնելով փակ ցիկլի մեջ։ Դրա համար եմ ասում` միայն բալանսավորում։ 

Նմանատիպ Հոդվածներ

ԱԱԾ տնօրենի տեղակալ է նշանակվել

Սերինե

ԱԱԾ-ն՝ Լեւոն Սարգսյանի կալանավորման մասին

Նատա Հարությունյան

ԱԱԾ-ն հայտնում է Սևանա լճից ձկների ապօրինի արդյունահանման հանցավոր սխեմա բացահայտելու մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին