-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116108.8 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Երեխաներս իրենց լիարժեք շուշեցի են զգում, իմ նախնիներն էլ են Շուշիից. պատմում է պատերազմների թոհուբոհով անցած ղարաբաղցին
Գլխավոր Նորություններ

Երեխաներս իրենց լիարժեք շուշեցի են զգում, իմ նախնիներն էլ են Շուշիից. պատմում է պատերազմների թոհուբոհով անցած ղարաբաղցին

90-ականների թեժ պատերազմը չստիպեց Գայանե Համբարձումյանին լքել Արցախը, նույնիսկ պատերազմից կարճ ժամանակ անց` 1996թ. ամուսնու հետ սկսեցին ապրել Շուշիում: Գայանեն մեզ հետ զրույցում ասաց, որ ամուսինը ղարաբաղցի չէ, 90-ականներին Հայաստանից որպես կամավոր գնացել էր Շուշի, օգնել է այնտեղ Արամ Մանուկյանի անվան վարժարանի բացմանը  և տարիներ շարունակ դասավանդել վարժարանում: «Ես Ղարաբաղից եմ՝ Ստեփանակերտից, ամուսինս Հայաստանից, ծանոթացանք Արցախում, ընտանիք կազմեցինք 1995թ., իսկ 1996թ. բնակություն հաստատեցինք Շուշիում, քանի որ ամուսինս այնտեղ էր աշխատում: Երեք երեխա ունեցանք»:

Нет описания.

Գայանեի երեխաները ծնվել են Շուշիում` ասաց, որ իր նախնիներն էլ են Շուշիից եղել. «Փոքր երեխաս քսան տարեկանից մեծ է: Իմ երեխաներն իրենց լիարժեք շուշեցի են զգում, և ոչ մի անգամ Հայաստան տեղափոխվելու մտադրություն չի եղել: Իմ նախնիներն էլ են Շուշիից, մորական պապիկիս հայրը Շուշիից է եղել, բայց 1920թ․ ջարդերի ժամանակ ստիպված են եղել տեղափոխվել Ստեփանակերտ»:

Արցախյան պատերազմը սկիզբ է առել 1918-1920թթ., իսկ այդ ժամանակ Արցախը դե յուրե չի եղել որևէ պետության կազմում` այդ թվում Ադրբեջանի, սակայն Ադրբեջանն Արցախը հայտարարում էր իր նորաստեղծ պետության մաս: 1920թ. Շուշի քաղաքում սկսվել է հայերի կոտորածն ու տեղահանությունը տեղի թուրքերի կողմից: Արցախյան պատերազմը շարունակվել է 1988-1994թթ. և ավարտվել արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում զինադադարի հաստատումով, կրակը դադարեցվել է 1994թ. մայիսի 9-ին, իսկ Շուշին ազատագրվել է 1992թ. մայիսի 8-ին հայ կամավորական ջոկատի կողմից:

 Մեր զրուցակիցը պատմելով իննսունականների Շուշիից` նշեց, որ սկզբում շատ դժվար է եղել ապրելը, քանի որ չկային աշխատավայրեր, ավերված շինությունները շատ էին, նույնիսկ փողոցներում լույս չկար, ցանկություն չէր լինում երեկոյան դուրս գալ քայլելու. «Տարիներ հետո սկսեց Շուշին զարգանալ, թանգարաններ բացվեցին, փողոցներն ասֆալտապատեցին, մշտական ջուր կար արդեն, դրսի լույսերը սարքեցին, քաղաքն աստիճանաբար կարգի բերվեց, սկսեց զարգանալ, տեսքի գալ»:

Շուշիում, վերջին տասնամյակում, Գայանեն և իր ամուսինն արդեն մշտական աշխատանք ունեին, ունեին նաև սեփական տուն, երեխաներն իրենց լավ էին զգում այնտեղ, և որևէ այլ վայր տեղափոխվելու բացարձակ մտադրություն չունեին, սիրում էին իրենց բնակավայրը` Շուշին: Սակայն այս` սեպտեմբերի քսանյոթից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ ծավալած պատերազմը Գայանեի ընտանիքից խլեց ոչ միայն իրենց տունն, այլ նաև սիրելի քաղաքը:

Մեր զրուցակիցը պատմեց, որ իննսունականներին իր եղբայրները կռվում էին Ղարաբաղում, և իրենց ընտանիքը մնացել է այնտեղ, անցել պատերազմի թոհուբոհով. «Բայց այն ժամանակ պատերազմն այլ էր: Այս պատերազմը բացարձակ համեմատելի չէր իննսունականների պատերազմի հետ և ծավալի առումով, քանի որ լայնամասշտաբ էր և որակն էր այլ»,-ասաց Գայանեն ու նշեց, որ իննսունականներին մերոնք առաջ էին գնում տարածքները մաս-մաս ազատագրելով, իսկ այս պատերազմը տեխնիկայի պատերազմ էր, և գործողությունները շատ արագ էին ծավալվում:

Այս տարի, սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ, և ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում հայտարարվեց ռազմական դրություն:

«Սեպտեմբերի 27-ին արթնացանք կրակոցների ձայներից, հետո ձայները չէին կտրվում, երբ դուրս եկանք բալկոն, ծուխ տեսանք, հասկացանք, որ ոչ թե մենք ենք խփել, այլ ադրբեջանցիները մեզ են խփել, և հրդեհի ծուխն է երևում:  Հասկացանք, որ պատերազմ է, բայց դեռ չէինք պատկերացնում ծավալը»,-պատմեց մեր զրուցակիցը ու հավելեց, որ Շուշիում պատերազմի հենց առաջին օրը լսվել է անօդաչու թռչող սարքերի ձայնը. «Դզզոցից հասկանում էինք, որ սրանք բեզպիլոտնիկներ են, բայց չգիտեինք թռնում անցնում էին, թե Շուշիի շուրջն էին պտտվում»:

Նախքան պատերազմն սկսելը շուշեցիները գիտեին օդային տագնապի դեպքում, որտեղ պետք է թաքնվեն. «Տարին երկու անգամ ուչեբնիյ տրիվոգա էին անում, որ օրինակ` մանկապարտեզներում, դպրոցներում ժողովուրդն իմանա՝ որտեղ են իրենց ապաստարանները և ոնց կազմակերպված գնան այնտեղ»,-ասաց Գայանեն:

Մանկահասակ երեխա ունեցող կանայք պատերազմի հենց առաջին օրվանից սկսել են ապաստարանից դուրս գալ և տեղափոխվել Հայաստան, բայց մեր զրուցակիցն ասաց, որ իրենց ընտանիքում մինչև հոկտեմբերի վեցը նման խոսակցություն անգամ չի եղել, և ապաստարանում սպասել են, թե երբ կկարգավորվի իրավիճակը, կարծել են՝ ուր որ է կավարտվի պատերազմը. «Հետո ես սկսեցի հասկանալ պատերազմի մասշտաբը, որ պատերազմը Թուրքիայի դեմ էր, որն ակնհայտ աջակցում էր Ադրբեջանին: Առաջին օրերին մեզ թվում էր՝ մի քանի օր կկրակեն հետո ամեն ինչ լավ կլինի, բայց երկարեց պատերազմը, արդեն հինգերորդ օրը մենք հասկացանք, որ կռվում ենք ՆԱՏՕ-ի բանակի դեմ, քանի որ Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է»:

Իր կյանքում արդեն իսկ երկարատև պատերազմ տեսած Գայանեն գիտեր, երբ կասետային ռումբերը են գցում, ինչ հետևանքներ են լինում. «Գիտեի, որ կարող է ինքնաթիռով գան խփեն ու չհասցնես թաքնվես: Այս պատերազմի ժամանակ իրենք ստույգ խփում էին ՀՕՊ-ի վրա, և մեր հակաօդային պաշտպանությունը վնասվում  էր: Թուրքերը շատ կիրթ ձևով սկսեցին այս պատերազմը: Իրենք առաջ էին գալիս, և իրենց առավելությունը անօդաչու սարքերն էին: Մենք հասկացանք, որ մեր օդն այլևս ապահով չի: Տղաներս կռվում էին, և մեր տանը Շուշին լքելու հարցը չէր քննարկվում:  Ես չէի ուզում Շուշիից դուրս գայի, մտածում էի` բա որ հանկարծ տղաներս վիրավորվեն: Իսկ արդեն հոկտեմբերի վեցին հերթական ընտանիքն էր գնում Շուշիից, մեքենա կար Հայաստան գնացող, և մեզ առաջարկեցին իրենց հետ գալ»:

Մեր զրուցակիցը նշեց, որ շատ դժվար որոշում են կայացրել` ինքն ու աղջիկը, երբ որոշել են գալ Հայաստան, նույնիսկ երկար մնալու համար հագուստ չեն վերցրել իրենց հետ, ապաստարանից ինչ հագուտով դուրս են եկել, հենց այդպես էլ ճանապարհ են ընկել. «Ընդամենը մի ձեռք շոր կար հետներս, մտածում էինք, թե երկու օրից հետ ենք գալու Շուշի: Պադվալից դուրս եկանք ու ճանապարհ ընկանք դեպի Հայաստան»:

Մինչև հոկտեմբերի 6-ն արդեն իսկ Շուշին ռմբակոծվում էր, նույնիսկ Շուշիի մշակույթի տունն էր ավերվել: Մեր զրուցակիցն ասաց, որ պատերազմի դադարից հետո միայն ամուսինն իրեն ասաց, որ իրենց տունը ևս վնասվել է` դարպասը ցանց է դարձել, ինչպես նաև տան մի մասն է փլվել. «Մեր տան վրա սնարյադ ա ընգալ, ամուսինս ասումա` ես էլ եմ զարմացել ոնց եմ ողջ մնացել»:

Նշենք, որ հոկտեմբերի 8-ին` պատերազմի թեժ օրերին, Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակեց Շուշիի հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցու նկարը, որտեղ ապաստան էին գտել նաև երեխաները: Այդ օրը Շուշիի խորհրդանիշ Սուրբ Ղազանչեցոց Ամենափրկիչ եկեղեցին երկու անգամ հրթիռակոծվել է Ադրբեջանի կողմից, ինչի արդյունքում եղել են վիրավորներ, ինչպես նաև վնասվել է եկեղեցու գմբեթը:

Գայանե Համբարձումյանն իր ընտանիքով հիմա ժամանակավոր Հայաստանում է ապրում, սպասում է, որ ամուսինը Ստեփանակերտում բնակարանի հարց լուծի, որ ընտանիքով վերադառնան Արցախ. «Պաշտոնապես հայտարարվել է, որ այն մարդիկ, ովքեր մնացել են առանց բնակարանի`կապահովեն բնակարանով: Ես հիմա տուն չունեմ, եթե այսօր վեր կենամ գնամ Ստեփանակերտ այդ գիշերը որտե՞ղ պետք է քնեմ, ինձ այդ բնակարանը տալո՞ւ են, ոնց տեսնում եմ չէ, դրա համար ամուսինս էնտեղ ա`Ստեփանակերտում, որ կարողանա ինչ-որ ձևով բնակարանի հարցը լուծի: Մենք հիմա ամբողջ ընտանիքով չենք կարող գնալ, որովհետև եթե ինքը մենակ մնում ա ինչ-որ մեկի տանը` էլի ոչինչ, բայց մենք բոլորով հնարավոր չէ մնանք ինչ-որ մեկի տանը: Ամուսինս ասում ա բնակարանի հարցը ընթացքում ա, բայց մեկ օրում շատ դժվար է կազմակերպել, կան բնակարաններ, որոնք մասնակի ավերված են և պետք է վերանորոգվեն»:

Երբ նոյեմբերի 10-ին հաստատվեց հրադադարը, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն արդեն մեկ օր անց Ֆեյսբուքի իր ուղերձում կոչ արեց արցախցիներին վերադառնալ Ղարաբաղ` նշելով, որ երկու օրվա ընթացքում կլուծվեն ենթակառուցվածքների, ջրի, հոսանքի, հնարավորության դեպքում նաև գազի հարցերը: Իսկ այն արցախցիները, որոնց տները մնացել են Ադրբեջանի տիրապետության տակ` նախագահը խոստացավ առաջին փուլում Երևանում, այնուհետև հնարավորության դեպքում նաև Արցախում ապահովել նվազագույն բնակարանային պայմաններ:

Նոյեմբերի 19-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ նոյեմբերի 14-ից սկսած Ստեփանակերտ է վերադարձել 2.6 հազար մարդ, որոնք նախկինում լքել էին իրենց տները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ մղվող և աստիճանաբար ընդլայնվող պատերազմը բազմաթիվ կյանքեր խլեց, Արցախի բնակչության մեծ մասը տեղահանվեցին: Թուրքաադրբեջանական հարձակման հետևանքով Արցախի որոշ բնակավայրեր անցան Ադրբեջանի տիրապետության տակ, բազմաթիվ հայ ընտանիքներ մնացին անտուն:   Նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ստորագրվեց եռակողմ հայտարարություն՝ պատերազմը դադարեցնելու և Արցախում ռուս խաղաղապահներ տեղակայելու մասին։ Ըստ եռակողմ հայտարարության՝ բացի Ադրբեջանի գրաված տարածքներից ադրբեջանական կողմին են անցնում նաև Բերձորի, Քարվաճառի, Ակնայի շրջանները, ինչպես նաև Հայաստանի հարավով Ադրբեջանի համար ճանապարհ է բացվում դեպի Նախիջևան

Հիշեցնենք, որ մարտերի ընթացքում Ադրբեջանը գրավել էր Կովսականը, Ջրականը, Վարանդան, Շուշին, Հադրութը, Բերձորի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի որոշ հատվածներ:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

«Աղոթում ենք մեր պատմական բերդաքաղաք Շուշիի պահապանների համար». Կաթողիկոս

Նատա Հարությունյան

Շուշի-Քարին տակ հատվածում թշնամական խմբավորումները, կորցնելով մեծ քանակությամբ ուժեր, նահանջել են

Անի Գրիգորյան

Շուշիի շրջակայքում մարտերը շարունակվում են. ՊՆ ներկայացուցիչը կոչ է անում վերջ տալ անհարկի քննարկումներին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին