Գլխավոր » «Երևանում ինձ շատ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանն ու իր շայկան». Հոլիվուդյան պրոդյուսերը մեղադրում է Սերժ Սարգսյանին և Վիտալի Գրիգորյանցին
Գլխավոր Նորություններ

«Երևանում ինձ շատ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանն ու իր շայկան». Հոլիվուդյան պրոդյուսերը մեղադրում է Սերժ Սարգսյանին և Վիտալի Գրիգորյանցին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հոլիվուդյան պրոդյուսեր Ստեփան Մարտիրոսյանը մեղադրում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ռուսաստանահայ գործարար, «Հայբիզնեսբանկի» սեփականատեր Վիտալի Գրիգորյանցին՝ իր դեմ կեղծ մեղադրանքով քրեական գործ «սարքելու» և իրեն հետապնդելու համար։

NewArmenia.am-ի հետ զրույցում Ս․Մարտիրոսյանը պատմեց, որ ինքը 1985 թ-ից տեղափոխվել է ԱՄՆ մշտական բնակության, 2000-ականներից սկսել աշխատել Վիտալի Գրիգորյանցի ամերիկյան «Վիտոլ» ընկերությունում, որը գործում էր անշարժ գույքի շուկայում, ստացել է աշխատավարձ, վճարել տուրքեր և այլն, 2010 թ-ից Գրիգորյանցը ներդրումներ է իրականացրել ֆիլմարտադրության ոլորտում։ Գրիգորյանցը «Հայբիզնեսբանկի» միջոցով գումարներ է ուղարկել իր կողմից օֆշորում (Նոր Զելանդիա) հիմնադրված «Pulham Holdings LTD» ընկերությանը, որը հաշիվ է բացել բանկում և այդտեղից տարիներ շարունակ գումարները փոխանցել է ԱՄՆ «Envision Entertainment» ընկերություն, որն էլ այդ գումարները փոխանցել է մեկ այլ աշխարհահռչակ պրոդյուսերական ընկերություն՝ «Emmett Furla Oasis Films», և Հոլիվուդի կինոաստղերի մասնակցությամբ արտադրվել են մի շարք ֆիլմեր, որոնք դուրս են եկել համաշխարհային կինովարձույթ, այդ թվում՝ «End Of Watch», «I, Alex Cross», «Broken City», «Two Guns», «Lone Survivor» և այլն։

Եվ այժմ իրավապահները Ստեփանյանին մեղադրում են 14 ֆիլմերի արտադրության համար ուղարկված գումարները՝ 50 մլն դոլար, հափշտակելու համար։ Այս տարի փետրվարից քրեական գործը քննվում է Երևանի դատարանում (ԵԴ/0060/01/19)։

Ըստ գործի նյութերի՝ «ՀՀ քաղաքացի, ԱՄՆ-ում մշտապես բնակվող Ստեփան Մարտիրոսյանը, դեռևս 1990-ական թվականներին Ռուսաստանի Մոսկվա քաղաքում ծանոթացել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացի, գործարար Վիտալի Գրիգորյանցի հետ: Ծանոթությունից հետո նրանց միջև շարունակվել է շփումը, որը ժամանակի ընթացքում վերածվել է գործարար հարաբերությունների: Ստեփան Մարտիրոսյանը նշանակվել է ԱՄՆ-ում գործունեություն ծավալող, Վիտալի Գրիգորյանցին պատկանող ընկերության տնօրեն: Տարիների ընթացքում Վիտալի Գրիգորյանցի մոտ Ստեփան Մարտիրոսյանի հանդեպ ձևավորվել է վստահություն: Այդ հանգամանքից օգտվելով, Ստեփան Մարտիրոսյանը մտադրվել է Վիտալի Գրիգորյանցից խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումար: Իր հանցավոր մտադրության իրագործման նպատակով, Ստեփան Մարտիրոսյանը 2010 թվականի սկզբին Վիտալի Գրիգորյանցին առաջարկել է ներդրումներ կատարել ֆիլմերի արտադրության մեջ, վստահեցնելով, որ նման ներդրումների դիմաց հնարավոր է ստանալ մեծ եկամուտներ, շեշտադրելով յուրաքանչյուր ֆիլմից տարեկան առնվազն 20 և ավելի տոկոսների եկամուտ ստանալու հնարավորության մասին, այդ կերպ շահագրգռելով Վիտալի Գրիգորյանցին ներդրումներ կատարելու հարցում: Հասկանալով, որ իր առաջարկությունը Վիտալի Գրիգորյանցի մոտ հետաքրքրություն է առաջացրել, ձեռնամուխ է եղել իր հանցավոր մտադրության իրագործմանը: Ստեփան Մարտիրոսյանը Վիտալի Գրիգորյանցին ներկայացրել է «Envision Entertainment» ընկերությունը և հորդորել այդ ընկերության միջոցով մուտք գործել ֆիլմարտադրության շուկա, պատճառաբանելով, որ տվյալ ոլորտում նրանք չունեն համապատասխան կապեր, գործարար համբավ, իսկ իր կողմից առաջարկվող ընկերությունը երկար տարիներ ֆիլմարտադրության ոլորտում է, մասնագիտացված ընկերություն է, ուստի ավելի նպատակահարմար է ներդրումները կատարել այդ ընկերության միջոցով, մինչդեռ նրա այդ պնդումն ու հավաստիացումը, թե «Envision Entertainment» ընկերությունը նախկինում զբաղվել է ֆիլմարտադրությամբ, խաբեություն է եղել, քանի որ տվյալ ընկերությունը հիմնադրվել և գործունեություն է ծավալել 2010 թվականից: Բացի այդ, Ստեփան Մարտիրոսյանը, խեղաթյուրելով իրականությունը, հայտնել է, թե իբրև այդ ընկերության հիմնադիր-տնօրենն իր ընկեր Ջեֆֆ (Ջեֆֆրի) Հովարդն է, թաքցնելով այն փաստը, որ իրականում ինքն է հանդիսանում «Envision Entertainment» ընկերության 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը և ընկերության տնօրենը, իսկ Ջեֆֆ (Ջեֆֆրի) Հովարդ տվյալներով անձ գոյություն չունի:
Վիտալի Գրիգորյանցը, վստահելով Ստեփան Մարտիրոսյանին, տվել է իր համաձայնությունը ֆիլմերի արտադրությունում ներդրումներ կատարելու վերաբերյալ: Պայմանավորվածություն են ձեռք բերել, որ ֆիլմերում ներդրում կատարելուց և ֆիլմերի եկամուտների նկատմամբ իրավունքներ ձեռք բերելուց հետո, դրանք պետք է վաճառվեն դեռևս ֆիլմի ձևավորման փուլում՝ նախքան նկարահանումները սկսելը, այսինքն այն ժամանակ, երբ ձևավորված լինի ֆիլմի բյուջեն, դերասանական կազմը: Միաժամանակ, Վիտալի Գրիգորյանցը Ստեփան Մարտիրոսյանին է վստահել ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու, ապա նաև դրանք վաճառելու կամ այլ ֆիլմերի նկատմամբ իրավունքների հետ փոխանակելու հարցում ֆիլմերի արտադրությամբ, վաճառքով և ձեռք բերմամբ զբաղվող ընկերությունների հետ բանակցությունների վարումը, կազմակերպչական աշխատանքների իրականացումը:
Ստեփան Մարտիրոսյանի առաջարկած ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու համար Վիտալի Գրիգորյանցը ներդրումները կատարել է իրեն պատկանող «Pulham Holdings Ltd.» ընկերության միջոցով: Այդ նպատակով 2010-2013 թվականների ընթացքում թվով 14 ֆիլմերի նկատմամբ իրավունքներ ձեռք բերելու համար «Pulham Holdings Ltd.» ընկերության՝ ՀՀ տարածքում գործունեություն ծավալող «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունում առկա հաշվեհամարից, իսկ ֆիլմերից մեկում ներդրման դեպքով նաև Վիտալի Գրիգորյանցին պատկանող «Martens Services» և «Waikoloa Mauka» ընկերությունների հաշվի համարներից ընդհանուրը 39մլրդ ՀՀ դրամին համարժեք 98 մլն ԱՄՆ դոլար գումար է փոխանցվել Ստեփան Մարտիրոսյանին պատկանող «Envision Entertainment» ընկերության հաշվի համարին, որից 1 մլն ԱՄՆ դոլարը նախատեսված է եղել առաջին 10 ֆիլմերով՝ 1 ֆիլմի համար 100.000 ԱՄՆ դոլար որպես միջնորդավճար «Envision Entertainment» ընկերությանը վճարելու համար:
Տուժողի կամքի վրա ներազդելով և պարբերաբար ստանալով հիշյալ գումարները, Ստեփան Մարտիրոսյանը, իրականացրել է խարդախության եղանակով ուրիշի գույքին տիրանալու իր հանցավոր մտադրությունը՝ ֆիլմերում ներդրել է փոխանցված գումարների մի մասը՝ 47.9 մլն ԱՄՆ դոլար գումարը, իսկ մնացած, առանձնապես խոշոր չափի՝ 49 մլն ԱՄՆ դոլար գումարը խաբեությամբ հափշտակել է, օգտագործելով խաբեության տարբեր մեխանիզմներ․․․»:

«Այս գործը 100%-ով պատվիրված է և բոլոր օրենքները խախտված են իմ՝ որպես ՀՀ քաղաքացու։ Բացարձակ շինծու հիմքերի վրա է, այս ֆիլմերը Հայաստանի հետ բացարձակ կապ չունեն, բոլոր ֆիլմերը հոլիվուդյան են։ Իմ գործը քննվել է Հատուկ քննչական ծառայությունում, որի իրավունքը բացարձակ չկար, այս ամենի ճարտարապետը Վահրամ Շահինյանն է՝ Սերժ Սարգսյանի անմիջական խնդրանքով։ Այս նույն ինֆորմացիան ինձ նաև Մոսկվայում են ասել։ Սերժ Սարգսյանը զանգել է Սահակ Ալբերտի Կարապետյանին, որն անմիջապես Չայկայի տեղակալն է, ու ասել, որ շատ արագ Ստեփանին բերեք Հայաստան»,- ասաց Մարտիրոսյանը։

Ըստ նրա՝ ինքը 2016-ին Կրեմլում հանդիպել է ՌԴ նախագահ խոսնակ Դմիտրի Պեսկովին՝ Վլադիմիր Պուտինի մասին ֆիլմ նկարելու գաղափարը քննարկելու նպատակով, և Մոսկվայում իրեն ասվել է, որ եթե բարձր որակի աստղեր ու ֆիլմ լինի, իրեն կաջակցեն ֆինանսավորման 50%-ի չափով։ Մարտիրոսյանը մեկնել է Կիև՝ ֆիլմի համար որոշ տեղեկություններ ճշտելու, և երբ մեկնել է Մոսկվա, օդանավակայանում ձերբակալվել է ու 11 ամիս պահվել Մոսկվայի բանտում։

«Ինձ ոչ մի նամակ չի ուղարկվել, որ ես ներկայանամ Երևան, ամեն ինչ արվել է ներքին կարգով՝ ՀՀ ինտերպոլը կապվել է ՌԴ ինտերպոլի հետ՝ շրջանցելով մյուս երկրների կառույցներին։ Կալանավորումից հետո ռեկորդային՝ 2 ամիս ժամկետում արտաքսման որոշում է կայացվել իմ դեմ 2017-ի դեկտեմբերին, սակայն բողոքարկել եմ Մոսկվայի դատարան, որտեղ պարտվել եմ, ապա դիմել եմ Մոսկվայի Գերագույն դատարան և հաղթել՝ իրավապահների տեխնիկական սխալի պատճառով։ Նրանք թույլ չէին տվել առաջին ատյանում փաստաբանիս փոխել։ ՌԴ-ում դատավորներն ու դատախազները կաշառված են եղել Գրիգորյանցի կողմից, նաև իմ փաստաբան Պավել Տիմոշենկովը, որն իմ գաղտնի նամակագրությունը վաճառել, հրապարակել է։ Նրա կեղծիքների կապակցությամբ այստեղ քրեական գործ է սկսվել․ պատգամավոր Անդրեյ Լուգովոյի ստորագրությամբ նամակ էին գրել բանտի պետի անունով, թե Ստեփանը հայտնի հանցագործ է և պատրաստվում է բանտի ճանապարհին փախնել։ Դրա հետևանքով ինձ գցեցին մեկուսարան։ Հետո Լուգովոյը հերքեց, որ նման գրություն է գրել ու ճանաչում է ինձ։ Երևանում ինձ շատ անհամբեր սպասում էին Սերժ Սարգսյանն ու իր շայկան։ Սարգսյանը Գրիգորյանցի հարազատ ու մտերիմ ընկերն է ու աջակցում է նրան»,- ասաց Ս․Մարտիրոսյանը։

Նա նշեց, որ ի վերջո 2018 թ․ սեպտեմբերի 6-ին իրեն տեղափոխել են Հայաստան։ Մարտիրոսյանի համոզմամբ՝ եթե նախքան իշխանափոխությունը ամեն ինչ արվում էր իրեն շտապ կարգով Հայաստան բերելու համար, ապա իշխանափոխությունից հետո Վ․Գրիգորյանցը դիմել է ամեն քայլի, որպեսզի Մարտիրոսյանին Հայաստան չբերեն․ «Ես փրկվեցի, որ ինձ բերեցին Հայաստան։ Բայց զարմանալին այն է, որ այս շինծու գործը, փոխանակ աղբարկղում հայտնվելու, շարունակվում է, որովհետև նախկին իրավապաները դեռ իշխում են այստեղ»։

Վերաքննիչը բավարարել է Մարտիրոսյանին ազատ արձակելու միջնորդությունը՝ 25 մլն դրամ գրավով։ Պրոդյուսերի խոսքով՝ այդ ժամանակ Մոսկվայից նամակ է գալիս, թե Մարտիրոսյանն ամերիկյան համարից զանգել է Գրիգորյանցին ու սպառնացել սպանել, թեև այդ հեռախոսահամարը վաղուց ալևս չէր գործում։ Նրան կրկին կալանավորում են, բայց ապացույցների բացակայության պատճառով դատարանը  կրկին փոխում է խափանման միջոցը։ Այդ հեռախոսազանգի փաստով քր․գործ է հարուցվել։

Մարտիրոսյանը նշեց, որ այժմ դատն ակտիվ ընթանում է։ Նրա խոսքով՝ դատախազությունը և ՀՔԾ-ն իրենից թաքցրել են իր գործի առնչությամբ ԱՄՆ ուղարկված նամակը և պատասխանը, որում զարմանք է հայտնվում, թե ինչու է այս գործը քննվում ՀՀ-ում, ինչու է այն քրեական, քանի որ այն ԱՄՆ-ում միայն քաղաքացիական կարող էր լինել։ «Ես Հայաստանում որևէ պաշտոն չեմ ունեցել և չեմ հասկանում, թե ինչ իրավունքով և ինչ հիմքով իմ գործը պետք է լիներ ՀՔԾ-ում։ ՀՀ բյուջեից ոչ մի գումար չեմ վերցրել, որևէ մեկից որևէ գումար չեմ հափշտակել, քանի որ բոլոր ուղարկված գումարներով նկարվել են ֆիլմեր։ Եվ չեմ հասկանում, թե ինչպես այս գործը մտավ դատարան, քանի որ չկա որևէ փաստ։ Ինչու որևէ վկայի չեն հարցաքննել։ Ես ոչ մի պայմանագիր չեմ ստորագրել, ոչ մի գումար անձամբ չեմ ստացել։ Ես ո՞նց կարող եմ գնալ այդ 50 մլն-ը Ստալոնեից կամ Դե Նիրոյից ուզել»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա նաև նշեց, որ անօրինական ձևով այս նույն գործի հիմքի վրա Գրիգորյանցի դատապաշտպանները համոզել են դատավոր Աննա Մաթևոսյանին, որ նոր հանցակազմով՝ փողերի լվացում, գործ քննեն։ Ընդ որում՝ դատախազությունը 2 տարի քննել է և փողերի լվացման հիմք չի տեսել։

Ի դեպ, Աննա Մաթևոսյանն այն դատավորն է, որ մերժել է «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կալանք կիրառել։

«Գուցե այդ փողերն արդեն լվացված են։ Գրիգորյանցն Ուկրաինայում ունեցել է «Ուկրպրոմբանկ», որը թալանել է, ավանդատուներին գցել ու էդ փողերով եկել Հայաստանում գնել «Հայբինզեսբանկը»։ Նրա փաստաբանը Մնացական Մարուքյանն է, որը նախկին քննիչ է, ԱԱԾ քննչական վարչության պետն էր, և այժմ նրա ընկեր ԱԱԾ աշխատակից Արթուր Աղաջանյանն է նրանց աջակցում։ Այս հոդվածով պատիժը 4-8 տարի է։ Նրանք ամեն ինչ անում են, որ 6-ից բարձր տան, որպեսզի համաներումով ազատ չարձակվեմ։ Ես իհարկե, արդարացվելու եմ, այստեղ որևէ կասկած չկա, ու իրենց խաղաքարտերը փլվելու են»,- ասաց Ս․Մարտիրոսյանը՝ հավելելով, որ դրանից հետո ինքն է բարոյական փոխհատուցում պահանջելու։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին