22 C
Yerevan
20 Սեպտեմբերի, 2020
98630.4 By Google Analytics 19.09.2020
Գլխավոր » Լուկաշենկոն արդեն չունի այն լեգիտիմությունը, որը կար մինչ այդ. Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ
Այլ Լուրեր

Լուկաշենկոն արդեն չունի այն լեգիտիմությունը, որը կար մինչ այդ. Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է Բելառուսի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ալեգ Գուլակը:

-Պարոն Գուլակ, ինչպիսի՞ն է այսօր իրավիճակը Բելառուսում, ի՞նչ է կատարվում, ինչի՞ են սպասում մարդիկ:

— Այսօր Բելառուսում կա իրավիճակ ռեպրեսիաների, երկրով մեկ բողոքների, քաղաքական սպասումների հետ կապված: Բայց եթե կարճ ասեմ՝ ակնհայտ է, որ մարդիկ չհավատացին ընտրությունների արդյունքներին, որոնք հրապարակվեցին իշխանության կողմից: Ակնհայտ է նաև, որ նախագահ Լուկաշենկոն արդեն չունի այն լեգիտումթյունը, որը կար մինչ այդ: Իհարկե, նախկինում էլ Լուկաշենկոն ընտրողների 80 տոկոս վստահությունը չուներ, բայց 50-60 տոկոս միշտ կարող էր ունենալ ընտրությունների ժամանակ: Հիմա դա չկա: Եվ դա շատ մարդկանց համար ակնհայտ է՝ գումարած անվստահության մթնոլորտը. մարդիկ հոգնել են ու ուզում են փոփոխություն: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ չկա ալտերնատիվ թեկնածու: Ներկա իշխանության ապալեգիտիմացումը չի բերել նրան, որ հայտնվի ալտերնատիվ ուժ, որին ժողովուրդը պատրաստ է աջակցել, և որը կստանա այդ լեգիտիմությունը: Ընտրություններից հետո սկսվեցին մասսայական խաղաղ բողոքներ: Ընդհանրապես, այստեղ շատ կարևոր է ժամանակագրությունը, որովհետև կարևոր է տեսնել, որ մարդիկ դուրս էին եկել ոչ թե ԿԸՀ-ի կամ նախագահի նստավայրի դիմաց, այլ ընտրությունից հետո երեկոյան մարդիկ պարզապես հավաքվեցին քաղաքի արվարձաններից մեկի մեծ հրապարակում՝ առանց մայրուղիներ կամ հասարակական նշանակության շենքեր փակելու: Հավաքվել էին մի հրապարակում, որտեղ կարող էին նույնիսկ 1 ամիս նստել: Ոչ մի անհրաժեշտություն չկար այդ մարդկանց քշելու այդտեղից: Բայց իշխանությունը ուժ գործադրեց՝ ցույց տալով, որ «տանը առաջվա պես տեր կա», ընդ որում, դա ցույց տվեց կոշտ ձևով՝ լուսաձայնային նռնակներով, ռետինե փամփուշտներով, ջրցաններով: Դա կատարվում էր ոչ միայն Մինսկում, այլև Բելառուսի 30 քաղաքներում:

-Ձեր կարծիքով, որքա՞ն կարող է տևել այդ փողոցային պայքարը առանց առաջնորդի:

-Հետաքրքիր է, որ այն շարունակվում է մինչ այժմ: Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան ստիպված էր հեռանալ Բելառուսից՝ ճնշման ներքո: Ամեն դեպքում՝ այդ մասին հայտարարում է նրա շտաբը: Հիմա ֆորմալ լիդեր չկա, բայց մարդիկ, միևնույն է, հավաքվում են քաղաքի տարբեր կետերում, ամբողջ քաղաքն աղմկում է, ամբողջ քաղաքը ցույց է տալիս իր անհամաձայնությունը կատարվածին և համերաշխություն հայտնում մարդկանց բողոքին: Ցերեկը քաղաքն աշխատում է, երեկոյան շատերը դուրս են գալիս փողոց, մեքենաները ձայնանշաններով են երթևեկում՝ շատերը դրոշներով: Այն տեղերում, որտեղ որ մի քիչ շատ մարդ է հավաքվում, միանգամից հատուկջոկատայինները ուժ են գործադրում՝ ամեն օր ավելի ու ավելի դաժանաբար: Վերջին 3 օրերը ագրեսիայի աճի դրսևորում էին իշխանության կողմից: Սա, իհարկե, արմատականացրեց նաև հասարակական բողոքը: Իշխանության գործադրած բռնության հաջորդ օրը Մինսկում հայտնվեցին 2 բարիկադները, մոլոտովյան կոկտեյլները: Իհարկե, սրանք անհատական դեպքեր են, բայց եղան: Այսօր արդեն իշխանությունը սկսեց բաց թողնել ձերբակալվածներին: Ձերբակալվել էին ավելի քան 5 հազար ցուցարարներ: Հիմա քաղաքի տարբեր տեղերում հայտնվում են ցուցարարների փոքրաթիվ խմբեր, որոնք ձեռք ձեռք բռնած շղթա են կազմում: Բայց դա չի նշանակում, որ իրավիճակը հանդարտվել է:     

-Կարծում եք՝ կշարունակվե՞ն այդ ակցիաները:

-Ամեն դեպքում, դժվար է ասել ժամկետ, թե այդ բողոքները երբ կարող են ավարտվել:

-Հելսինկյան կոմիտեին շա՞տ քաղաքացիներ են դիմել այս օրերին իրենց իրավունքների պաշտպանության խնդրով:

Մարդու իրավունքների պաշտպանության մասին այսօր Բելառուսում հնարավոր չէ խոսել: Մենք մի ամբողջ կոալիցիա ենք իրավապաշտպան կազմակերպությունների, և շատ դժվար է աշխատել, երբ մի քանի օրում երկրում ավելի քան 5 հազար մարդ է ձերբակալվել, մեկուսացման բոլոր տեղերը գերծանրաբեռնվել են: Համակարգը ինֆորմացիա չի տրամադրում: Ստանալ ինֆորմացիա հնարավոր չէ: Գումարած՝ իշխանությունը դեմոնստրատիվ ճնշում է  մարդկանց՝ նվաստացնելով, ծեծելով: Մեկուսարաններից մարդիկ դուրս են գալիս կապտուկներով, ծեծված: Դատերն անցկացվում են «կոնվեյերով»՝ փակ, առանց փաստաբանների, առանց հանրության: Դատավորները գնում, հենց մեկուսարաններում դատեր են անցկացնում ու որոշումներ են կայացնում: Սա ուղղակի բոլոր իրավունքների ոտնահարում է ու ձեռառնոցի:

— Որքանո՞վ իրական են պաշտոնական տվյալները ցուցարար քաղաքացիների շրջանում զոհերի և վիրավորների մասին:

-Շատ դժվար է ասել հիմա: Ինչպես արդեն նշեցի՝ բողոքներն ու բռնությունները ողջ երկրով մեկ տարածված են: Երկրորդ՝ մեր մոտ միայն երեկ է միացել ինտերնետը, դժվար էր ինֆորմացիա հավաքել: Շատ խոսակցություններ, լուրեր կան, բայց առայժմ հենվում ենք պաշտոնական թվերի վրա:

-Որպես իրավապաշտպան ինչպե՞ս եք գնահատում ընդդիմության լիդեր Սվետլանա Տիխանովսկայայի տեսաուղերձը: Կա տեղեկություն, որ նա ահաբեկված էր

-Այո, այդ մասին տեղեկացնում է նրա շտաբը, դա երևում է նրա ելույթից: Հետո ինքն էլ ասել է, որ հանդիպել է այնպիսի երևույթների հետ, որոնց պատրաստ չէր: Ակնհայտ է, որ նրան շատ ուժեղ վախեցրել են:

-Տեսնո՞ւմ եք հնարավորություն, որ բողոքների արդյունքում բանտերում գտնվող ընդդիադիր լիդերները դուրս գան այնտեղից:

-Դա մեր հանրության հիմնական պահանջն է, նաև կարծում եմ, դա կլինի միջազգային կառույցների հիմնական պահանջը:

Ինչպե՞ս կգնահատեք միջազգային արձագանքը Բելառուսի ընտրություններին և այն ամենին, ինչ այդտեղ կատարվում է:

-Դեռ այդ արձագանքը բավարար կոշտ չէ, դեռ նոր է ձևավորվում, բայց կարծում եմ, որ դեռ կավելանա: Կրկին քննարկվում է պատժամիջոցներ կիրառելու հարցը: Իհարկե, պատժամիջոցները ցանկալի չեն, քանի որ երկրի վրա են ազդելու, սակայն այսօր գործիքներ չկան Բելառուսի իշխանության վրա ազդելու:

-Իսկ Արևմուտքի սանկցիաները կարո՞ղ են ազդել Լուկաշենկոյի վրա:

-Դա մեծ հարց է: Հասկանալի է, որ երբ հարցը դրվում է՝ պահել իշխանությունը կամ տնտեսության հետ վաղը խնդիր ունենալ, ակնհայտ է, որ Լուկաշենկոն կընտրի՝ իշխանությունը պահել այսօր տարբերակը: Մյուս կողմից՝ Բելառուսի համար այսօր շատ կարևոր է տնտեսության վիճակը: Չէի ասի՝ կյանքի որակը Բելառուսում շատ ցածր է, բայց այն գնալով վատանում է, նկատելի է վատանում: Եվ մարդիկ, իհարկե, այդ ֆոնին շատ անհանգիստ են: Պատժամիջոցները կխանգարեն զարգանալ,  ներդրումային հոսքերը կարող են արգելակվել: Բայց դա իշխանությունը չի ուզում հասկանալ:  

 Իսկ ինչպե՞ս կգնահատեք Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների արձագանքը:

— Այն սովորական էր: ԱՊՀ դիտորդները միշտ ասում են, որ Բելառուսի ընտրությունները լավ կազմակերպվածության օրինակ են: Այս անգամ ևս նրանք ոչ մի խնդիր չէին տեսել՝ չնայած ընտրատեղամասերում բազմամարդ հերթերին, ձայների հաշվարկի ժամանակ դիտորդների բացակայությանը: Աջակցությունը Լուկաշենկոյին ԱՊՀ-ից ու Ռուսաստանից ոչ ոքի այստեղ առանձնապես չզարմացրեց: Զարմացրեց Նիկոլ Փաշինյանի արձագանքը: Մեր ակտիվիստները կարծում էին, որ մարդը, որը հաղթել է հեղափոխության ժամանակ, պետք է այդ ամենն ընդուներ ինչպես կենդանի մարդ, այլ ոչ միայն ֆունկցիոնալ քաղաքական գործիչ:

Ասել է թե՝ այդ առումով Փաշինյանից չհասկացվածություն կա՞:

-Այո: Իհարկե: Բավական քիչ թվով երկրներ են շնորհավորել Լուկաշենկոյին՝ կարծեմ 7 երկիր՝ այդ թվում Նիկարագուան և այլն: Եվ, իհարկե, այդ շրջանակում լինելը Հայաստանի համար ամենապատվաբերը չէ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

«Սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ». Նիկոլ Փաշինյան

Նատա Հարությունյան

Ե՞րբ է վերջ դրվելու գործելաոճին, որ կառավարության նիստին հնչում է, թե չի ուղարկվել նածագիծը կարծիքի․ վարչապետը նկատողություն արեց կառավարության անդամներին

Անի Գրիգորյան

Շատերին թվում է, որ կորոնավիրուսը հաղթահարված է, բայց դա այդպես չէ․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին