21 C
Yerevan
8 Օգոստոսի, 2020
90729.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Զարուհի Բաթոյանն այցելել է «Բարի տնակ» ներառական կենտրոն
Սոցիալական

Զարուհի Բաթոյանն այցելել է «Բարի տնակ» ներառական կենտրոն

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը և նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել են «Բարի մամա» հասարակական կազմակերպության «Բարի տնակ» ներառական կենտրոն։ Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Նախարարը ծանոթացել է կենտրոնում իրականացվող աշխատանքներին, ընթացիկ ծրագրերին, քննարկել համագործակցության հեռանկարները։

«Բարի մամա» ՀԿ հիմնադիր նախագահ Մարինա Ադուլյանը ներկայացրել է կենտրոնի արձանագրած հաջողությունները՝ կարևորելով առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումը, ինչպես նաև լքված երեխաների և կենսաբանական ծնողների վերամիավորմանը նպաստելու՝ կենտրոնի առաքելությունը։

Զարուհի Բաթոյանը կարևորել է առողջական խնդիրների և հաշմանդամության պատճառով մանկալքության կանխարգելման վերաբերյալ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ առողջապահության նախարարության և «Բարի մամա» ՀԿ միջև կնքված հուշագրի շրջանակներում մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքը և առանձնացրել դրանցից մի քանիսը.

«Այս մեկ տարվա ընթացքում մշակվել է առողջական խնդրով երեխա սպասող ռիսկային խմբի հղիների հետ աշխատելու մեխանիզմ, ստեղծվել է մանկալքության գծով թեժ գիծ` հատուկ հղիների և այն ընտանիքների համար, որոնք ունեն հոգեբանական աջակցության կարիք: Երևանում, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերում կազմակերպվել են մի քանի միջոցառումներ և իրականացվել է քարոզարշավ՝ հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը կոտրելու նպատակով, վերապատրաստվել և համալրվել է «Բարի մամա» ՀԿ արագ արձագանքման խումբը: Բացի այդ, ստեղծվել է առողջական խնդիր կամ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների փոխաջակցման ցանց, մշակվել է «Բարի տնակ» ներառական կենտրոն-ապաստարանի, ծննդատների և հիվանդանոցների, ինչպես նաև այլ ՀԿ-ների և հաստատությունների փոխաջակցման մեխանիզմ, մշակվել է հաշմանդամությամբ ծնված երեխաների մայրերի 1-2 շաբաթ տևողությամբ հոգեբանական աջակցության ծրագիր, կազմակերպվել են աշխատաժողովներ՝ մանկալքության խնդիրները և հիմնական պատճառները հասկանալու և երևույթը կանխելու նպատակով և այլն»,- ասել է նախարարը և տեղեկացրել, որ առաջիկա ամիսներին մանկալքության կանխարգելման և ծնողներին երեխայի առողջական խնդիրների մասին տեղեկացնելու նրբությունների թեմայով վերապատրաստվելու են Երևանի, Շիրակի, Արմավիրի և Կոտայքի մարզերի բուժհաստատությունների անձնակազմերը:

Նախարարը ուրախությամբ նշել է, որ այս նպատակներից մի քանիսը իրականություն դարձնելու համար նախաձեռնությանը միացել է նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը:

Նշենք, որ «Բարի տնակը» գործում է որպես թերապիաների կենտրոն և ապաստարան՝ առողջական խնդիրներ և հաշմանդամություն ունեցող երեխաների և մայրերի համար։

Նմանատիպ Հոդվածներ

Ուսումնասիրել ենք աջակցության ծրագրի առաջին վեց ամիսների ազդեցությունը․ Զարուհի Բաթոյան

Անի Գրիգորյան

Կացարաններում բնակվող միայնակ թոշակառուների գազի, լույսի, ջրի վարձավճարները կփոխհատուցվեն․ Զ․ Բաթոյան

Սերինե

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Զարուհի Բաթոյանի նկատմամբ կկիրառի վարչական տույժ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին