12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Էրդողանը Օսմանյան կայսրության վերականգնման տեսլական ունի, բայց նրա ու Ալիեւի մտածած բլից-կրիգը տապալվել է. Մ. Զոլյան. «ՀԺ»
թերթերի տեսություն

Էրդողանը Օսմանյան կայսրության վերականգնման տեսլական ունի, բայց նրա ու Ալիեւի մտածած բլից-կրիգը տապալվել է. Մ. Զոլյան. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

կրկին ակտուալ են դարձել ՀԱՊԿ-ին դիմելու անհրաժեշտության, ինչպես նաեւ Հայաստանի կողմից Արցախը ճանաչելու, այն մայր հայրենիքին միացնելու կոչերն ու պահանջները: Քննարկվո՞ւմ են արդյոք այս հարցերը, ո՞ր դեպքում Հայաստանը կդիմի նման քայլերի. այս հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Միքայել Զոլյանի հետ:

— Պարոն Զոլյան, նախ խնդրում եմ ասել, թե ինչպե՞ս է բնորոշվում այն, ինչ տեղի է ունենում Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ՝ պատերա՞զմ, էսկալացիա՞… Ինչո՞ւ սկսեց Ադրբեջանը:

-Սա ամենալուրջ էսկալացիան է՝ 1994 թվականից ի վեր, որովհետեւ ըստ էության ամբողջ ռազմաճակատով մարտեր են ընթանում: Ես կարծում եմ, որ այս ամենը այսքան սուր է տեղի ունենում՝ պայմանավորված երկու գործոնով. առաջին՝ սա Ալիեւի վարչակարգի վերջին փորձն է՝ փրկելու իր դեմքը եւ հենց վարչակարգը: Վերջին տարիներին մենք տեսնում ենք, թե ինչքան խնդիրներ են կուտակվել Ադրբեջանում: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ եթե Ադրբեջանում առկա դժգոհությունը չուղղվի հայերի դեմ, ապա կարող է պայթեցնել իրավիճակը ներսից: Եվ Ալիեւի վարչակարգը դիմել է ցանկացած բռնապետի ամենասիրված մեթոդին՝ փորձում է ռազմական արկածախնդրության միջոցով ժողովրդին համախմբել իր շուրջը: Երկրորդ գործոնը, որով պայմանավորված է իրավիճակի սրումը Թուրքիայի կամ ավելի ճիշտ Էրդողանի գործոնն է: Էրդողանի քաղաքականությունը վերջին տարիներին շատ ագրեսիվ է, կայսերապաշտական: Ըստ էության, Օսմանյան կայսրության վերականգնման տեսլական ունի եւ նրա ակտիվացումը Արցախի հարցում նաեւ կապված է դրա հետ: Ահա այս երկու բռնապետերի համատեղ ծրագրերի ու գործողությունների արդյունքում է, որ տեղի ունեցավ այս էսկալացիան:

— Այս համատեքստում որքանո՞վ եք բավարար համարում միջազգային արձագանքը: Մինչ այժմ եղած հայտարարությունները կարծեք թե բավարար չեն հետագա լարվածությունը թուլացնելու համար:

-Ես կարծում եմ, որ մենք որպես հասարակություն, որպես երկիր, որպես ժողովուրդ պետք է հասկանանք, որ ցանկացած գործողություն առաջին հերթին Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, մեր բանակի գործողությունն է լինելու: Որեւէ մեկը մեր փոխարեն մեր հարցը չի լուծելու: Իհարկե միջազգային արձագանքը շատ կարեւոր է, դիվանագիտությունը շատ կարեւոր է, բայց ի վերջո այսօր Արցախի ճակատագիրը վճռվում է ռազմի դաշտում: Այնպես որ ամենակարեւորը հայկական բանակի հաջողություններն են, որոնք ես կասկած չունեմ, որ մենք արդեն ունենք եւ կունենանք էլ ավելի մեծ հաջողություններ: Ինչ վերաբերում է միջազգային արձագանքին, ապա այս պահին դիվանագիտությունը, նաեւ տեղեկատվական քարոզչությունը օժանդակ դեր ունեն ռազմաճակատի համար: Այսինքն այդ դիվանագիտությամբ մենք պետք է ապահովենք այնպիսի պայմաններ, որոնցում մեր բանակի համար դրված խնդիրները ավելի հեշտ լինեն իրականացնել: Այս տեսակետից աշխատանք տարվում է ԵԱՀԿ-ի հետ, Մինսկի խմբի համանախագահների եւ մյուս պետությունների հետ, կան դատապարտումներ, կա միջազգային մամուլի արձագանքը:

— Հնարավոր համարո՞ւմ եք առաջիկայում ՀԱՊԿ-ին դիմելու հնարավորությունը, չէ՞ որ արդեն Հայաստանի սահմանների նկատմամբ կան ոտնձգություններ, ինչը նշանակում է, որ սկսել է գործել ՀԱՊԿ պայմանագիրը:

— Մենք շատ ուղիղ կապի մեջ ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ, եւ հարկ եղած դեպքում ցանկացած միջոցներ կարող են կիրառվել, ցանկացած դիվանագիտական քայլ կարող է արվել:

— Իսկ նորմա՞լ է, որ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, կամ ՀԱՊԿ-ն սպասում են նման մի դիմումի, երբ 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանի, 160 հազար բնակիչ ունեցող Արցախի դեմ դուրս են եկել 8 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանն ու 80-ից ավելի միլիոն բնակիչ ունեցող Թուրքիան:

— Պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը, երբ ավելի փոքր չափերի երկիրը կամ ավելի փոքրաթիվ ժողովուրդը հաջողության է հասել ավելի մեծաթիվ հակառակորդի հանդեպ եւ էդ օրինակաները բազմաթիվ են: Որովհետեւ միայն մարդկանց թիվն ու զենքի քանակը կարեւոր չեն, պետք է այդ ամենը կարողանալ վերածել ռազմական հաջողության: Սա միշտ չի, որ ստացվում է, ավելի հաճախ չի ստացվում հենց այն կողմի մոտ, որը սկսել է պատերազմը: Հիմա, ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ մնացած հարցերին. տեսեք, մենք ունենք Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ երկկողմանի դաշինք, մենք ՀԱՊԿ անդամ ենք, Հայաստանում կա ռուսական ռազմաբազա եւ այս ամենը ինչը ազդում է իրավիճակի վրա այն իմաստով, որ նույն Թուրքիայի գործողությունները սահմանափակ են: Մենք տեսնում ենք, այո՛, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, սիրական գրոհայինները կռվում են Ադրբեջանի կողմից, բայց մենք չենք տեսնում եւ կարծում եմ չենք էլ տեսնի Թուրքիայի կողմից ուղղակի հարձակում Հայաստանի տարածքի վրա: Կարծում եմ՝ եթե Թուրքիայի ղեկավարները իրենց հոգեկան առողջությունը չեն կորցրել, ապա նման բան բացառված է: Իհարկե մենք չենք կարող մտնել Էրդողանի գլուխը եւ տեսնել այնտեղ ինչ է կատարվում, բայց այնուամենայնիվ կան որոշ սահմանափակումներ, որոնք ամենաարմատական եւ ամենաագրեսիվ գործիչների համար գործում են: Մենք մինչեւ հիմա որեւէ պատճառ չունենք դժգոհելու հայ-ռուսական համագործակցությունից: Վերջին 2 տարիներին այդ համագործակցությունը բավական ակնառու է եղել հայկական բանակի մոդեռնիզացման առումով: Բայց կրկնում եմ՝ ամեն ինչ վճռվում է հայկական բանակի կողմից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին