Գլխավոր » «Ընտրությունների նախաշեմին նախաձեռնել ասֆալտապատում, այն էլ` նիսիայով, ուղղակի արհամարհանք է մյուս թեկնածուների նկատմամբ»․ Վ․ Մելքոնյան
Քաղաքականություն

«Ընտրությունների նախաշեմին նախաձեռնել ասֆալտապատում, այն էլ` նիսիայով, ուղղակի արհամարհանք է մյուս թեկնածուների նկատմամբ»․ Վ․ Մելքոնյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արտաշատի` 2019թ. սեպտեմբերի 29-ի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 17-ին և գրանցված 48 թեկնածուներից անկուսակցական Վանիկ Մելքոնյանն արդեն նկատել է վարչական լծակի օգտագործման դեպքեր առաջադրված թեկնածուներից մեկի կողմից։

«Օրինակ` սեպտեմբերի 10-ին Արտաշատի քաղաքապետարանը ձեռնարկել է սուբվենցիոն ծրագիր, որն իրականում այդպիսին չէ, այլ նիսիայով կատարվելիք շենքերի բակերի ասֆալտապատում։ Ինչո՞ւ, օրինակ, այդ ասֆալտապատումը չեն արել ավելի շուտ կամ ավելի ուշ, ասենք, սեպտեմբերի 30-ին։ Այն դեպքում, երբ քաղաքապետարանն ինքը հայտարարում է, որ սուբվենցիոն այդ ծրագիրը դեռ չի հաստատվել։ Այդ ծրագիրը պարտադիր ավագանու կողմից պետք է հաստատված լինի, մինչդեռ Արտաշատում ապրիլ և մայիս ամիսներին արտահերթ և հերթական նիստերը չեն կայացել, դրա հիմքով էլ հենց ավագանին ցրվել է և նշանակվել են նոր ընտրություններ։

Ստացվում է` քաղաքապետը խախտել է Կառավարության համապատասխան որոշումը` այդպիսով թյուրիմացության մեջ գցելով մարզային իշխանություններին, Տարածքային կառավարման նախարարությանը և փոխվարչապետ Ավինյանի գլխավորած միջգերատեսչական հանձնաժողովին։ Այսպիսով, խախտվել է ընտրություններին թեկնածուների` արդար մրցակցության իրավունքը»,- ընդգծեց նա։

Վանիկ Մելքոնյանն ակնարկում է առաջադրված մեկ տասնյակից ավելի այն թեկնածուներին, որոնք գտնվում են Արտաշատի գործող քաղաքապետ Կարեն Բենիամինյանի հովանու ներքո: Ի դեպ նա, ՀՀԿ անդամ է եղել։ Ըստ Մելքոնյանի` նրա ղեկավարման երկու տարիների ընթացքում քաղաքում էական որևէ փոփոխություն չի եղել, անգամ հետընթաց է եղել ու զրոյական վիճակ և՛ աղբահանության, և՛ կառավարման, և՛ վարչարարական հարցերում։

«Եվ միայն այս նախաշեմին նախաձեռնել ասֆալտապատում, այն էլ` նիսիայով, կարծում եմ, ուղղակի արհամարհանք է մյուս թեկնածուների նկատմամբ, որոնք որևէ քաղաքական թիմի չեն հարում։ Մյուս թեկնածուները ևս կիսել են իմ մտահոգությունը` տարբեր հարթակներում բարձրաձայնելով»,- նշեց նա։

Վանիկ Մելքոնյանի ահազանգին արձագանքել է Տարածքային կառավարման նախարարության վարչական վերահսկման վարչության պետը, որն ընդունել է թեկնածուի բարձրացրած մտահոգությունը` նշելով, որ պետք է ճշտեն` դա սուբվենցիո՞ն ծրագիր է, թե՞ Կառավարության կողմից հատկացված հրատապ գումար։ «Ես պատասխանել եմ, որ այս տարվա Կառավարության որևէ նիստում Արտաշատին հրատապ որևէ գումար չի հատկացվել։ Մինչ օրս նրանցից պատասխան չենք ստացել։ Դիմել ենք նաև ԿԸՀ, տարածքային ընտրական հանձնաժողով։ Իրենք էլ ասացին, որ այս հարցն իրենց տիրույթում չէ, այլ քաղաքական իշխանության խնդիրն է։ Վարչապետի մամուլի ծառայությունից են արձագանքել և նշել, որ կփորձեն հետևողական լինել` արգելելու աշխատանքների իրականացումը»,- տեղեկացրեց Վանիկ Մելքոնյանը։

Իր առաջադրման հիմնական նպատակը Վանիկ Մելքոնյանը համարում է  քաղաքում այս տարիներին առկա ու չլուծված խնդիրների լուծումը։

Ի դեպ, Արտաշատում կա ավագանու 15 տեղ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին