19 C
Yerevan
22 Հոկտեմբերի, 2020
107670.4 By Google Analytics 21.10.2020
Գլխավոր » «Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունն ունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն»․ Վահե Հովհաննիսյան
Այլ Լուրեր

«Ըստ շրջանառվող լուրերի, իշխանությունն ունի ԵՊՀ ռեկտորի իր թեկնածուն»․ Վահե Հովհաննիսյան

Newarmenia-ի զրուցակիցն է ԵՊՀ ռեկտորի թեկնածու, պրոֆեսոր Վահե Հովհաննիսյանը

-Մի քանի օր առաջ հրապարակվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմը, որը պետք է հրապարակվեր շատ ավելի շուտ։ Ինչու՞ հետաձգվեց։

-Սկզբնական շրջանում, երբ նախատեսված էր ԵՊՀ ռեկտորի ընտրությունն անցկացնել մարտի 23-ին, արտակարգ դրության հետ կապված այն հետաձգվեց։ Բայց հոգաբարձուների խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվում էր ապրիլի 1-ին, հետևաբար անհրաժեշտ էր մեկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ ձևավորել։ Ինչ-ինչ պատճառներով այդ խորհրդի ձևավորումը ձգձգվեց, չնայած եթե նայենք կառավարության որոշմանն ու պարետատան կողմից սահմանած սահմանափակումների ցանկին, ապա գոնե լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամ առաջադրելը սահմանափակումների մեջ ընդգրկված չէր։ Ընդմանեը երկու ամիս առաջ համալսարանը ներկայացրեց հոգաբարձուների խորհրդի իր անդամներին, իսկ կառավարությունը որոշ ժամանակ անց առաջադրեց սեփական անդամներին, մի քանի օր առաջ վարչապետը հաստատեց այդ կազմը։

-Այս խորհրդի վրա իշխանությունը կարո՞ղ է ճնշում գործադրել։

-Ներկայումս մենք ունենք իրավիճակ կամ այդպիսի ռիսկ, երբ փոխվել են դերակատարները, փոխվել է իրավիճակը, բայց իրողությունները փոխվելու տենդենց ցույց չեն տալիս։ Ավելի ստույգ գնահատականներ կարող ենք տալ ընտրություններից հետո։

-Այսինքն, այս խորհրդի վրա կարող են իշխանությունները ազդել անցկացնելու համար ռեկտորի իրենց թեկնածուին։

-Եթե մենք հաշվի ենք առնում այն հանգամանքը, որ կառավարության և լիազոր մարմնի կողմից ներկայացված հոգաբարձուների խորհրդի անդամները որոշեն առաջնորդվել քաղաքական գշով, ապա այո։ Բայց ամբողջ խնդիրն այն է, որ բուհական համակարգում մենք պետք է ընդհանրապես զերծ մնանք քաղաքականությունից։ Այդ հեղափոխության հանրահռչակված արժեքները վերջապես պետք է իրացվեն բուհական միկրոմիջավայրում։ Եթե հեղափոխությամբ հռչակվել է բուհերի ապաքաղաքականացման, քաղաքական իշխանությունից անկախ լինելու, վերահսկողությունից դուրս գտնվելու, բուհական ինքնավարության և ակադեմիական ազատության արժեքները, ապա նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդին բավականին պատասխանատու փուլ է սպասվում։ Որովհետև բուհական միկրոմիջավայրում նրանք պետք է այդ պայմաններն ապահովեն։

-Իշխանությունն ունի՞ ռեկտորի իր թեկնածուն։

Ըստ շրջանառվող լուրերի, այո, իշխանությունն ունի իր թեկնածուն, բայց թե այդ լուրերը որքանով են հավաստի, կերևա ընտրություններից հետո։ Ուղղակի ես կցանկանայի կենտրոնանալ մեկ հանգամանքի վրա՝ եթե դուք խոսում եք լավ բուհ կամ լավագույն բուհ ունենալու ցանկության մասին, ցանկություն կարող է լինել միշտ։ Բայց անհրաժեշտ են հստակ գործողություններ և պայմաններ, որոնք թույլ կտան այդ ցանկությունը կյանքի կոչել։ Ներկայումս շրջանառության մեջ դրված Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը մեզ նման հետևության հանգելու տեղիք չեն տալիս, քանի որ այդ օրենքը ուղղակիորեն բուհերը քաղաքական իշխանության վերահսկողության տակ վերցնելու համար պայմաններ են ապահովում։

-Ինչպիսի՞։

-Ասեմ։ Մենք ներկայումս ունենք 32 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ 8-ական հարաբերակցությամբ։ Նախագծով առաջարկվում է 32 հոգանոց հոգաբարձուների խորհրդի փոխարեն ունենալ 12 հոգանոց խորհուրդ։ Առաջին հայացքից հստակ երևում է, որ խորհրդի քանակը քչացնելը բարձրացնում է վերահսկելիության աստիճանը։ Բացի դրանից 6 հոգուն նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը, այսինքն, նախարարը։ 4 հոգուն առաջադրում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը գիտական խորհրդով, նախատեսված է մեկ տեղ ուսանողների համար և մեկ արտաքին անդամ համալսարանի հետ համագործակցող գործատու կամ տնտեսության մշակույթի, կրթության, գիտության ոլորտում ճանաչված և հեղինակավոր անձ։ Ստացվում է ի՞նչ։ Ամբողջ կառավարության և իրավազոր մարմնի քվոտաները կենտրոնացվում են նախարարության ձեռքում, բացի դրանից ստացվում է մի իրավիճակ, երբ նախատեսվում է նաև հոգաբարձուների խորհրդի անդամի հետկանչ։ Եթե կա հետկանչ, ապա դա հոգաբարձուների խորհրդի անդամի անկախության երաշխիքի խախտում է։ Ընդ որում հետկանչի պարագայում սահմանված չէ, թե որ դեպքերում կարող է խորհրդի անդամը հետկանչվել։ Բացի այդ, կա նաև այնպիսի կարգավորում, որ եթե երկու և ավել անգամ ռեկտոր չընտրվի, ապա նախարարը կարող է հոգաբարձուների խորհուրդը ցրել։ Դիցուք, կարող է հետևյալ իրավիճակը լինել, երբ նախարարության այդ 6 հոգին կգան ձեռնպահ կքվեարկեն, ռեկտորը չի ընտրվի և հոգաբարձուների խորհուրդը ցրելու միջոցով նախարարությունը կարող է ազդել բուհի կողմից առաջադրած թեկնածուի վրա։ Ստացվում է, որ նախատեսվող իրավակարգավորումներով բուհերը ամբողջությամբ հայտնվելու են վերահսկողության տակ։ Ընդ որում էդ վերահսկողությունը կարող է լինել որոշակիորեն քաղաքական բնույթի։ Այդպիսի ռիսկեր էլ են հնարավոր։ Մենք, ճիշտ է, միշտ պետք է առաջնորդվենք բարեխղճության կանխավարկածով, բայց կարող են լինել ֆորսմաժորային իրավիճակներ։ Պատմությունը այդպիսի դեպքեր էլ ունի։

-Պարոն Հովհաննիսյան, ես այնպես եմ հասկանում, որ դուք իշխանության թեկնածուն չեք։ Դժվար չի լինելու՞։

-Դժվարության մասին չեմ ցանկանում խոսում, բայց ինձ համար մեծ պատիվ է լինել համալսարանի թեկնածու։ Ինձ համար մեծ պատիվ է լինել համալսարանի այն շրջանակի թեկնածուն, որը կազմում է ԵՊՀ բարեփոխման հարթակը, որը ես դիտարկում եմ ԵՊՀ առողջացման թիվ մեկ հարթակը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին