7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116777.6 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Թողնենք պետությունն առանց ղեկավա՞ր լինի, ժողովրդի մասին գոռալով չեն մտածում․ Դ․ Բաբայանն՝ Արցախում ընտրությունները չհետաձգելու մասին
Քաղաքականություն

Թողնենք պետությունն առանց ղեկավա՞ր լինի, ժողովրդի մասին գոռալով չեն մտածում․ Դ․ Բաբայանն՝ Արցախում ընտրությունները չհետաձգելու մասին

NewArmenia.am-ն Արցախում արտակարգ դրություն հայտարարելու, զուգահեռ ընտրությունները չդադարեցնելու մասին զրուցել է «Արցախի պահպանողական կուսակցության» նախագահ, դեռևս Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ։

— Պարո՛ն Բաբայան,Արցախում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն սահմանվեց, սակայն չհետաձգվեցին նախագահի ընտրությունները՝ պատճառաբությամբ, թե կարող է սահմանադրական ճգնաժամ առաջանալ։ Արտակարգ դրությունն ու ընտրություն անցկացնելը չի հակադրվում իրար, ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը, ի՞նչն է, որ կարևոր է հանրային առողջության ապահովումից։

— Սա արտակարգ դրություն չէ, Արցախի օրենքները թույլ են տալիս և՛ արտակարգ դրություն, և՛ արտակարգ իրավիճակ, ինչը տարբեր է։ Արտակարգ դրությունն այն է, երբ պատերազմ է և այլն։ Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս սահմանել արտակարգ իրավիճակ։ Ի դեպ, ասեմ, որ նույն արել է Ռուսաստանն, Ուկրաինան, քանի որ նրանց օրենսդրությունն էլ նման տարբերակում դնում է։ Հետևաբար, այստեղ իրավական տեսանկյունից որևէ սխալ չկա, սրանք երկու տարբեր բաներ են։

— Արցախի օրվա իշխանության՝ այդ թվում Բակո Սահակյանին ուղղված մեղադրանք կա, որ խուսափում  է պատասխանատվությունից, քանի որ  Արցախում նորմալ ընտրությունների, հանրային առողջության ապահովման  ու անվտանգության քաղաքական պատասխանատուն դեռևս գործող նախագահ Բակո Սակյանն ու իր թիմն են, ոչ թե ընտրվող նախագահը։

— Պատասխանատվություն պետությունն է կրում, ու տվյալ դեպքում կապ չունի, թե ով է նախագահը։ Հիմա մեզ մոտ դեռևս չկա համաճարակ, այսինքն՝ տասնյակ ու հարյուրավոր մարդիկ չկան վարակված, ընդամենը 4-5 հոգի են կորոնավիրուսով վարակված։ Բայց նկատեք, թե ինչքան ժամանակ է, որ Արցախում որևէ հիվանդացության դեպք չէր գրանցվել, ինչն էլ աշխատանքի արդյունք է, այնպես չէ, որ ձեռքներս ծալած նստած էինք, բայց հիվանդությունը չէր գալիս։ Հիմա խնդիրն այն է, որ ապահովի բնակչության առողջությունը, իսկ պետական կառավարման համակարգն էլ կաթվածահար չլինի։ Այս պահին արտակարգ իրավիճակ հայտարարելը բնական է, ու որևէ վատ բան չկա, հակառակը՝ սա թույլ է տալիս, որ կորոնավիրուսի դեմ պայքարն ավելի արյդունավետ ընդանա։ Էլի եմ ասում՝ մեզ մոտ չկա այնպիսի համաճարակ, ինչպիսին Իտալիայում է, ԱՄՆ-ում է և այլն։ Իրականցվել է մեծ աշխատանք, գիտեք՝ ազդել է նաև քարոզարշավի վրա, քանի որ միայն բացօթյա հանդիպումներ էին անցկացնում, իսկ հիմա եկել է այն պահը, որ և՛ քաղաքական համակարգը չի կարելի կաթվածահար անել, և մի օր է մնացել, այսինքն՝ վաղվա ընտրությանը վերջանում է, ու իշխանության բուրգը վերջնական ձևավորում է։ Իսկ հետո հիմնական շեշտը պետք է դրվի առողջության վրա, որ չլինի քաղաքական հարցեր և այլն, բայց դեռևս չկա այնպիսի տագնապալի վիճակ, որ մահացու բան է սպասում, պարզապես պետք է պատրաստ լինենք թույլ չտալ վարակի տարածում, դրա համար էլ արտակարգ իրավիճակ է սահմանվել։

— Սահմանդրական ի՞նչ ճգնաժամ պետք է լիներ, եթե ընտրությունները հատաձգվեին։

— Ընտրությունների առաջին փուլում մենք կորոնավիրուսի որևէ դեպք չունեինք, իսկ 2-րդ փուլի հետ կախված ի՞նչ անենք, թողնենք, որ պետությունն առանց ղեկավա՞ր լինի։ Եթե ընտրությունները եղել են, ու ԱԺ ձևավորվել է, մի օրվա համար ի՞նչ շահարկենք։

— Արցախում նախագահական կառավարում  է, այսինքն՝ երկրի խորհրդարանը չի ընտրում նախագահ, ի՞նչ խնդիր էր լինելու, եթե լիներ նոր խորհրդարան, բայց որոշ ժամանակ գործող նախագահը մնար։

— Նոր Սահմանադրությամբ այլ է։ Ի դեպ, մենք՝ Արցախի պահպանողական կուսակցությունը, սխալ ենք համարում, որ խորհրդարան ու նախագահի ինստիտուտն այսքան փոխկապակցված լինեին։ Հիմա այս 2 ինստիտուները զոդել են իրար, եթե մենք անցնեինք խորհրդարան, ապա պայքարելու էինք, որ 2 ինստիտուտները տարանջատվեին, ընտրությունները 1 օր չլիներ։ Ըստ նոր Սահմանդրության, եթե գործող նախագահը հրաժարական է տալիս, ապա խորհրդարանը լուծարվում է։ Այս Սահմանադրությունն էլ խնդրահարույց է, շահարկմա՞ն ենթարկենք։ Ինչի՞ ով գոռում է ժողովրդի մասին, իրականում, մտածո՞ւմ է ժողովրդի մասին, ոչ, քանի որ ժողովրդի մասին մտածելը գոռալով չի արտահայտվում, սա այդ չափանիշը չէ։ Մենք պետք է այնպես անենք, որ պետությունը կաթվածահար չլինի, քանի որ գտնվում ենք ծանր վիճակում՝Ադրբեջանը մի կողմից է, կորոնավիրուսը՝ մյուս կողմից։ Ինչ է Ադրբեջանը նահանջել է, մենք թողնենք, որ պետական համակարգը կաթվածահա՞ր լինի։ Իհարկե, ասում ենք, որ ամենակարևորը մարդկանց առողջությունն է, բայց այդ մարդկանց առողջությունն ու անվտանգությունն ապահովում է պետությունը, եթե պետության մեջ սահմանադրական ճգնաժամ լինի, ի՞նչ ենք անելու։ Նախագահը պետք է գնա, քանի որ չի կարող լիազորությունները երկարաձգել, չի լինում նման բան։

— Միգուցե 4-5 հոգի են, բայց Սահմանադրության համաձայն՝ պետությունը պետք է ապահովի բոլոր մարդկանց ընտրական իրավունքի իրացումը, իսկ մեկուսացված մարդիկ չեն կարող իրացնել իրենց սահմանադրական իրավունքը։

— Մարդիկ ընտրության կարող են չգալ տարբեր պատճառներով, բայց սա չի նշանակում, որ 4 հոգի զրկված են, հետևաբար, մյուսները պետք է ղեկավար չընտրեն։ Ի՞նչ է, թողնենք Արցախն առանց պետական համակարգի, ինչի՞ համար, ո՞ւմ է դա շահեկան, ինչ-որ մարդկանց, որոնք իրենց քաղաքական խնդիրները լուծել, չի լինելու նման բան, դա սխալ է։ Սա պետության կենսագործունեության հետ է կապված, սա հանրաքվե չէ՝ կապված որևէ ինստիտուտի հետ, այլ պետք է ընտրվեն պահանջվող իշխանական մարմինները։ 3 շերտից առաջինը՝ ՏԻՄ-ը, ընտրվեց անցյալ տարի, խորհրդարանը ընտրվեց, մնում է միայն նախագահի հարցը լուծվի։ Պետք է իշխանությունը ձևավորվի, որ որևէ այլ խնդիր չլինի, որ կարողանանք զբաղվել այն հարցերով, որով պետք է պետությունը զբաղվի։

— Պատկերացնենք՝ 2-րդ փուլում էլ նախագահ չի ընտրվում, Բակո Սահակյանը հեռանալո՞ւ է, չէ ՞որ նա նախագահ է այնքան ժամանակ, մինչև նոր ղեկավար չի ընտրվում։

— Նախ ասեմ, ոչ մենք «եթե»-ով չենք շարժվում, ինչպես նաև Բակո Սահակյանի լիազորությունը 3 տարի երկարաձգվել է։ Մենք տեսնում ենք, որ այդ երկարաձգումը, որն օրենքի պահանջ էր, էլի խնդիրներ էր  առաջացնում, հիմա նորից երկարացնենք։ Մի շարք մարդիկ դեմագոգիայով են զբաղվում, կրկնում եմ՝ չեն մտածում մարդկանց առողջության մասին՝ թքած ունեն, վաղը կանգնելու են ասեն, որ միտումնավոր են արել, որ իշխանությունը պահեն։ Ինչ է խաղ են խաղում, մենք այստեղ չկանք , ես՝ որպես անհատ, որպես կուսակցության նախագահ, կյանքում նման կեղտոտ մուտիլովկաներով չեմ զբաղվելու։ Կա օրենք, կա հրամայական, իսկ մենք մեր պետության անվտանգությունը պետք է ապահովենք՝ անկախ ամեն ինչից։ Սա ժողովրդի դեմ չէ, ամենակարևորը ժողովրդի անվտանգությունն է, իսկ անվտանգության ապահովան համար պետք է պետական համապատասխան համակարգ լինի, չի կարողվակում լինել, քանի որ դա կբերի նրան, որ պետությունն ինքը չի կարողանալու իր պարտականությունը կատարել։

— Եթե ընտրությունների անցկացման արդյունքում վարակը տարածվի, ո՞վ է պատասխանատու լինելու։

— Եթե ընտրություններ չլինի, տարածում չի՞ լինելու, այսինքն՝ ընտրության հե՞տ է կապված տարածումը։ Մնացած պետություններում էլ ընտրություն չի եղել, որ տարածվել է, եթե կարողայով մտածենք, ապա վաղը կարող է երկնաքար հարվածի մեր երկրագնդին, ու ամեն ինչ վերջանա։ Ի՞նչ ենք իմանում, թե կորոնավիրուսն ինչքան է տևելու, ի՞նչ է անընդհատ ներսում քաղաքական խնդիրներ ստեղծենք, այս ժողովուրդն արժանի՞  է նրան, որ անընդհատ լինի նման խնդիրների մեջ։ Չեմ կարծում, որ արժանի է:

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Հակասություն չկա. Դավիթ Բաբայանը՝ Շուշիից Ստեփանակերտը գրոհելու՝ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին

Անի Գրիգորյան

Մենք պաշտպանելու ենք մեր հայրենիքը մինչև վերջ, մինչև հաղթանակ. Դավիթ Բաբայան

Անի Գրիգորյան

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հրադադարը չհարգելը մեծ հարված կլինի Թրամփին ընտրությունների նախաշեմին. Դավիթ Բաբայան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին