33 C
Yerevan
3 Հուլիսի, 2020
82009.6 By Google Analytics 02.07.2020
Գլխավոր » «Թող ապացուցեն, որ կեղծ ա, ես պատասխան կտամ». «Իզմիրլյանի» տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի հիվանդության տեղեկանքների մասին
Այլ Լուրեր

«Թող ապացուցեն, որ կեղծ ա, ես պատասխան կտամ». «Իզմիրլյանի» տնօրենը՝ Ռոբերտ Քոչարյանի հիվանդության տեղեկանքների մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հունիսի 18-ին, երբ Վերաքննիչ դատարանը փոխեց Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը, մինչ այդ, ըստ փաստաբանների ու Վարչական դատարանի, հիվանդանոցային բուժման կարիք ունեցող 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց իր բնակարան և սկսեց ակտիվ կյանքով ապրել՝ հեծանիվ վարել, հյուրեր ընդունել և լուսանկարներ հրապարակել ֆեյսբուքում: Ֆեյսբուքյան տիրույթում քննարկվեց հարցը, թե «հրաշք է տեղի ունեցել» ու հիվանդանոցային հիվանդ մեղադրյալ Քոչարյանը «միանգամից բուժվել է», կասկածներ շրջանառվեցին, որ իրականում բժիշկները կեղծ տեղեկանքներ էին տվել՝ նրան բանտից հանելու համար: 

NewArmenia.am-ը այսօր տեղեկացավ, որ ՀՀ Վարչական դատարանը դատավոր Ռաֆիկ Խանանդյանի նախագահությամբ հունիսի 22-ին կարճել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումով հարուցված քրգործը, որով ԱՆ քրեակատարողական ծառայությունը ի պատասխան Վարչական դատարանի որոշման, որ մինչ կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը Ռոբերտ Քոչարյանը պետք է մնա «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, միջնրդություն էր ներկայացրել, որպեսզի «Մարտի 1»-ի գործով հիմնական ամբաստանյալ Քոչարյանը տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ՝ հիմնավորելով, որ նա ՔԿ հիվանդանոցում էլ կարող է բուժումը շարունակել, ինչպես ՀՀ մյուս կալանավորները: 

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը NewArmenia.am-ի հարցին, թե ինչպե՞ս եղավ, «Իզմիրլյան» կենտրոնը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված բժշկական եզրակացություններ, էպիկրիզներ էր տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցային հիվանդ է, պետք է բուժվի հիվանդանոցային պայմաններում, սակայն կալանքի որոշումից հետո Քոչարյանն արագ դուրս եկավ հիվանդանոցից և իրեն շատ լավ է զգում, պատասխանեց. «Իսկ դուք էդ էպիկրիզները տեսե՞լ եք, ձեր ունեցած ինֆորմացիան սխալ ա: Երբ որ կունենաք էդ տեղեկությունը, հետո կզանգեք ինձ»: 

Մեր հաջորդ հարցին, թե, իր կարծիքով, Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցային հիվա՞նդ է  հիմա, կամ հիվանդանոցային հիվանդ էր, որ իրենց մոտ բուժվում էր, Չարչյանն ասաց. «Ռոբերտ Քոչարյանը ի սկզբանե հիվանդանոցային հիվանդ էր, 3-րդ անգամ ապրիլի 28-ին, երբ որ ընդունվել էր, ինքը վիրահատության էր ենթարկվել մեզ մոտ: Մայիսի 11-ին կամ 12-ին էր վիրահատությունը, ու շարունակում էր իր բուժումը: Երեք ուղղությամբ խնդիրներ ուներ՝ ուրոլոգիա, կարդիոլոգիա և վեգետաանոթային դիստոնիա: Մենք իրեն բուժեցինք և շարունակում էինք բուժումը մեզ մոտ, երբ որ եղավ Վարչական դատարանի որոշումը, որ ինքը մինչև կորոնավիրուսի ավարտը պետք է մնա մեզ մոտ: Դա մեր եզրակացությունով չի եղել, իր փաստաբաններն էին դիմել Վարչական դատարան, որ կորոնավիրուսի հետ կապված 65 տարեկանը ռիսկային խմբում է: Ես ընդհանրապես դրա հետ կապ չունեմ»: 

Հստակեցմանը, թե իսկ ինչպե՞ս ստացվեց, որ կալանքի որոշումից հետո Քոչարյանը շատ արագ դուրս եկավ հիվանդանոցային հիվանդի կարգավիճակից, անգամ՝ առավոտյան հեծանիվ է վարում, Չարչյանը պատասխանեց. «Ինքը մինչև հիմա շարունակում է իր վերականգնողական բուժումը մեր կենտրոնում ցերեկային- ստացիոնար ստատուսով: Վերականգնողական բուժման շարունակականության անհրաժեշտություն ունի: Կարող է գնալ տուն, քնել, բայց ինքը մեր հսկողության տակ է և համարյա ամեն օր ինքը գալիս է հիվանդանոց՝ իրան հսկում ենք»: 

Կալանքի վերացման որոշումից հետո պարզվում է՝ Ռոբերտ Քոչարյանն այլևս հիվանդանոցում մնալու կարիք չունի: «Ինքը հիմա, էս պահին հիվանդանոցում քնելու կարիք չունի, բայց հիվանդանոցային հսկողության կարիք ունի»,-ասաց Չարչյանը: 

«Մարտի 1-ի» գործով տուժողներից մեկի պաշտպան, փաստաբան Սեդա Սաֆարյանը,  NewArmenia.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վարչական դատարանի կայացրած որոշմանը, համաձայն որի «Մարտի 1»-ի գործով գլխավոր մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանը պետք է մինչև պանդեմիայի ավարտը մնար «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, տարակուսանք էր հայտնել. «Քոչարյանի անվան հետ են էդ հիվանդանոցը կապում, որտեղ փաստորեն իր բժիշկներն են աշխատում: Կարծում եմ՝ համալիր հանձնաժողովային փորձաքննություն պետք է նշանակվի և պարզվի, թե ինչ պատմություն է: Եթե կա բժիշկների մեղքը արհեստածին ախտորոշումներ տալու հարցով, բժիշկները պիտի պատասխան տան: Մինչև հիմա չենք էլ իմացել, որ Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիր ունի, հիմա, երբ սկսվում է մեղադրանքի հրապարակման գործընթացը, պարզվում է, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող մնալ ՔԿՀ-ում, նրան պիտի տեղափոխեն հիվանդանոց»:

Արմեն Չարչյանին հունից հանեց մեր հարցը, թե ինքը պատրա՞ստ է պատասխան տալ, եթե պարզվի որ Քոչարյանի հիվանդության առթիվ մի շարք տեղեկանքներ կեղծ են: «Իսկ եթե պարզվի ամեն ինչ ճիշտ է, դուք կամ Սեդա Սաֆարյանը պատրա՞ստ եք պատասխան տալ: Նույն ձևով էլ ես եմ պատրաստ»,-հայտարարեց նա ՝շարունակելով. «Թող գան ապացուցեն, որ կեղծ ա, ես պատասխան կտամ: Մի հատ իմացեք՝ ում հետ եք խոսում»: 

Մեր հարցին, թե, այնուամենայնիվ, իր համար կասկածելի չէ՞, որ իրենց հիվանդանոցային հիվանդն առավոտյան հեծանիվ է վարում, շատ ակտիվ կյանքով է ապրում, ասաց . «Էտ էն վարժություններն են, ինչ որ ինքը պետք ա անի: Մենք իրան կարողացել ենք վերադարձնել էդ որակները: Դա մեր շնորհիվ ա եղել»: Այսինքն՝ համոզվա՞ծ եք, որ հասարակությանը չեք խաբել՝ հարցին ի պատասխան հայտարարեց. «Ես համոզված եմ: Ես բժիշկ եմ, իմ համար միևնույն ա՝ ով ա իմ դիմաց կանգնած…»: Ու անցավ վիրավորանքներին:   

Տուժողների պաշտպան Սեդա Սաֆարյանը նաև կասկած էր հայտնել. «Մի բան գիտեմ, որ ամբողջ քննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի՝ հիվանդանոցներում շրջագայելու հանգամանքը մեզ համար կասկածահարույց էր, և վերջնահանգույցը այդ որոշումը եղավ: Ես ինքս և՛ արդարադատության նախարարին եմ գրություն ուղարկել, և՛ առողջապահության նախարարին, որ պարզեն՝ ինչ է կատարվում: Նաև վարչապետին եմ տեղեկացրել, որ թափանցիկ դարձվեն նրա՝ պարբերաբար հիվանդանոցներում գտնվելու հանգամանքներն ու հիմքերը»:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ին դիտարկումներ ներկայացնելու ժամկետից ուշացել են. «Ժամանակ»

Սերինե

Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է ՔԿԾ-ի դեմ հայցից. «ՀԺ»

Սերինե

Դատախազությունը բողոքարկել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու որոշումը

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին