15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Թող փողոցների սովետական անունները փոխեն. մտավորականները` «Զվարթնոցը» Ազնավուրի անունով կոչելու մասին. «ՀԺ»
թերթերի տեսություն

Թող փողոցների սովետական անունները փոխեն. մտավորականները` «Զվարթնոցը» Ազնավուրի անունով կոչելու մասին. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Մի քանի օր է՝ սոցիալական ցանցերում ակտիվ քննարկվում է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանը աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի անունով կոչելու առաջարկը: Այս գաղափարը հակասական կարծիքներ է առաջ բերել, եւ դատելով արձագանքներից՝ կարելի է ասել, որ այնքան էլ չի ողջունվել:

Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկինիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը Շառլ Ազնավուրի անունը հավերժացնելու համար առաջարկում է Ամիրյան փողոցն անվանակոչել շանսոնյեի անունով: Ամիրյան փողոցին տալ ազնավուրյան շունչ (փողոցը կրում է հայ հեղափոխական, լրագրող, հրապարակախոս, Բաքվի 26 կոմիսարներից մեկի՝ Արսեն Ամիրյանի անունը)։

Նկատեց, որ երբ 2018 թվականին շրջանառվում էր օդանավակայանին Ազնավուրի անունը տալու առաջարկը, այդ ժամանակ էլ է արտահայտել իր կարծիքը. բացարձակ կողմնակից չէ «Զվարթնոց»-ի անունը փոխելուն: Բաբայանի կարծիքով՝ անիմաստ է նորից այս թեման առաջ քաշել ու սեւեռել այն էլ համավարակի այս օրերին, երբ բազմաթիվ հրատապ հարցեր կան: «Հայերեն մի լավ բառ կա՝ պարապ մնալ: Այս պարտադիր կանգառը բերեց նրան, որ մարդիկ պարապ են մնացել, իսկ պարապ մնալու ժամանակ միշտ ինչ-որ նախաձեռնություններով են լցվում: Աշխատող պետությունում նման նախաձեռնություններ շատ քիչ են լինում, դրանք հիմնականում գալիս են, երբ դու թախտին պառկած ես, անելու գործ չունես ու ասում ես՝ լավ կլիներ, որ այս ինչ բանն էսպես լիներ»,- նկատեց նա:

Թարգմանիչ, կինոգետ Զավեն Բոյաջյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց՝ փոփոխության մեջ իմաստ չի տեսնում, որովհետեւ օդանավակայանն անուն ունի: Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում անվանափոխելու շատ բան կա, բայց՝ ոչ օդանավակայանը: Ըստ Բոյաջյանի՝ պետք է փողոցների անուններ փոխվեն: Հատկանշական է, որ մեր երկու զրուցակիցներն էլ օրինակ բերեցին նույն անունը՝ Միխայիլ Կալինին: «Օրինակ՝ ամառները գնում եմ Դիլիջան, այնտեղ բոլոր փողոցները սովետական թվի անուններով են: Այնտեղ տուն ունենք, որ «Կալինին» փողոցի վրա է, այդ անունը պետք է փոխվի»,- ասաց նա:

Երգիչ, երգահան, Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը եւս չի ողջունում «Զվարթնոց»-ի անունը փոխելու գաղափարը:

Իսկ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մի այսպիսի գրառոմ է կատարել. «Օդանավակայանը եթե կոչվի, ապա պիտի կոչվի նախ՝ Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Սարյանի, Քոչարի անունով, նոր՝ որեւէ այլ մարդու։ Օրինակ՝ Արամ Խաչատրյան հայ սիմֆոնիկ երաժշտության ռահվիրայի անունով չպիտի կոչվի, քանի որ նա Հայաստանը չընտրեց իր ապրելավայր։ Վիլյամ Սարոյան մեծության անունով չպիտի կոչվի»,- գրել է Մարտիրոսյանը։ Նաեւ կարծիք է հայտնել, որ մենք պետք է տարբերություն դնենք այն մեծերի միջեւ, որոնք իրենց օրինակով արժեւորել են Հայաստանը ավելի, քան որեւէ այլ պետություն։
«Իսկ եթե մեծությունը ճանաչում ենք պոպուլիստորեն, թե որքան շատ մարդ է ճանաչում կամ ընդունում, կամ այդ անվանակոչությունից որքան մեծ դիվիդենտ կստանանք, ապա պիտի կոչենք Քիմ Քարդաշյանի անունով։

Հ.Գ. Զվարթնոցից այնկողմ արհեստական (մարդու ստեղծած) գագաթ չկա»,- հավելել է նա։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

«Զվարթնոց» օդանավակայանում տեղադրվել են Հայաստանի մշակույթը հանրահռչակող պաստառներ

Diana Amirkhanyan

«Զվարթնոց» օդանավակայանն իր աշխատանքներն իրականացնում է բնականոն հունով

Սերինե

Հայկ Մարությանը ծանոթացել է «Զվարթնոց» օդանավակայանի աշխատանքներին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին