21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107337.6 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Թուրքական ապրանքների նկատմամբ միանգամից «էմբարգո» հայտարարելը մի շարք խնդիրներ կառաջացնի․ Գևորգ Պապոյան
Այլ Լուրեր

Թուրքական ապրանքների նկատմամբ միանգամից «էմբարգո» հայտարարելը մի շարք խնդիրներ կառաջացնի․ Գևորգ Պապոյան

New Armenia.am— ի զրուցակիցն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։

-Պարո՛ն Պապոյան, պատերազմի այս օրերին Հայաստանում մարդիկ սկսել են թուրքական արտադրանքների բոյկոտ և մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ թուրքական ապրանք ներկրող խանութները փակման եզրին են։ Այս բոյկոտը տնտեսական ի՞նչ հետևանքներ կունենա և արդյոք Հայաստանն ունի՞ այլընտրանք թուրքական արտադրանքին։

-Եթե այդ բոյկոտն անում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ապա այդ հարցում ոչ ոք ոչինչ անել չի կարող, որովհետև դա նրա ընտրությունն է։ Եթե քաղաքացին չի գնում թուրքականը, վստահ եմ, գնում է դրան համարժեք այլ երկրի արտադրանք։ Եթե մենք արտաքին միջամտություն չանենք և թողնենք շուկայի ինքնակարգավորմանը, այսինքն՝ եթե սպառողները բոյկոտեն թուրքական արտադրանքը, ապա բիզնեսը դրան արագ կարձագանքի։ Նրանք ստիպված կլինեն իրենց ուղղությունը փոխել, իհարկե, որոշ բիզնեսներ մեծ, ակնհայտ խոշոր կորուստներ կկրեն, որովհետև հսկայական ներդրումներ են արել։

 -Իսկ պետական մակարդակով առաջիկայում հնարավո՞ր է արգելվի թուրքական ապրանքների ներկրումը։

 -Այս պահին այդ հարցի քննարկմանն այդքան խորը չենք անդրադարձել, որովհետև հիմա գիտեք, թե մեր հիմնական շեշտադրումն ու ուշադրությունը որտեղ է՝ ամեն ինչ ճակատի համար տրամաբանությամբ ենք առաջնորդվում։ Կարծում եմ, շատ կոշտ միջամտությունն այս հարցում խնդիրներ կհարուցի։ Այդ գործընթացին պետք է գնանք շատ դանդաղ և աստիճանական։ Այնտեղ, որտեղ հնարավոր է շատ արագ այդ փոփոխություններն անել, պետք է արվեն արագ, օրինակ՝ կենցաղային քիմիայի ապրանքներ։ Կարծում եմ, այստեղ որոշակի աջակցության մեխանիզմներ կարող ենք գտնել, իհարկե, պատերազմի ավարտից հետո հանգիստ ուղեղով պետք է նստենք ու լուծումներ գտնենք այս հարցի վերաբերյալ։ Այո՛, թուրքական ապրանքներին պետք է փոխարինողներ գտնենք, կարծում եմ, որ կարելի է հենց հայկական ապրանքներով էլ փոխարինել՝ զարգացնել տեղական արտադրությունը։ Բայց որոշ ուղղություններով այս գործընթացը ավելի երկար կտևի և մի փոքր ավելի բարդ է։ Թուրքական արտադրանքը մերժելու գործընթացը պետք է լինի սահուն, այսինքն՝ միանգամից «էմբարգո» կոչվածը խնդիրներ կստեղծի՝ և՛ տնտեսական, և՛ սոցիալական, բայց իհարկե, ես կողմ եմ, որպեսզի մենք ժամանակի ընթացքում մերժենք թուրքականը, բայց դա պետք է անենք սահուն, որ տնտեսական և սոցիալական խնդիրներ զուգահեռ չստեղծենք։

 -Արձանագրե՞նք, որ պատերազմի ավարտից հետո թուրքական ապրանքը մերժելու  հարցը կքննարկվի։

-Իհարկե, չեմ բացառում այդ հարցի քննարկումը։ Հիմա էլ որոշակի քննարկումներ կան, բայց պետք է հասկանանք, որ կան բազմաթիվ խնդիրներ։ Այսինքն՝ ուղղակի դնել և «էմբարգո» սահմանել հնարավոր է, բայց դա մի շարք խնդիրներ կառաջացնի․ 1․մի շարք բիզնեսներ խնդրի առաջ կկանգնեն, հարկերի հավաքման մասով խնդիր կունենանք, պետբյուջե հարկեր չեն գա։ 2․Բազմաթիվ աշխատողներ կմնան գործազուրկ, ինչը կառաջացնի սոցիալական խնդիր։ 3․Մի շարք բիզնեսմեններ ներդրումներ են արել, որոշակի ժամանակաշրջանում ակնկալելով շահույթ, այդ շահույթը չի լինի, դա նույնպես խնդիր կառաջացնի։ Մի շատ կարևոր հանգամանք էլ կա, իսկ ով է ասել, որ թուրքական ապրանքների «էմբարգո» անելուց հետո, դրանք չեն հայտնվի հայաստանյան շուկաներում։ Օրինակ՝ կարող են թուրքական ապրանքները գնալ երրորդ երկիր, այնտեղ դառնալ այդ երկրի ապրանք, հետո գալ Հայաստան։ Արդյունքում թուրքական ապրանքը նորից կհայտնվի շուկայում, պարզապես մի փոքր ավելի թանկ, իսկ այդ թանկ գինն էլ կրկին վճարի ՀՀ քաղաքացին ու այստեղ ոչ միայն օգուտ չենք ունենա, մի բան էլ՝ բացասական հետևանքների առաջ կկանգնենք։ Իրականում բազմաթիվ խորքային հարցեր կան և այդ հարցերի լուծման բանալին Ձեր տված առաջին հարցի մեջ է։ Այսինքն՝ բնակչությունն ինքը պետք է վարքագիծ դրսևորի այդ ապրանքների հանդեպ, այդ ժամանակ խնդիրը կլուծվի, արհեստական միջամտություններով մենք ավելի վատ արդյունք կունենանք։

 -Այսինքն՝ մինչ այս էլ, պետական մակարդակով չի արգելվել թուրքական ապրանքների ներկրումը Հայաստան՝ նկատի ունենալո՞վ Ձեր նշած այս խնդիրները։

 -Իհարկե, իմ նշած հանգամանքներով է պայմանավորված եղել։ Բացի դա էլ, պետք է փաստենք, որ գին-որակ հարաբերակցության մեջ իրենք մրցունակ ապրանքներ են։ Բիզնեսմենների համար հեշտ է եղել գործընթացի կազմակերպումը, քանի որ մոտ է եղել։ Երկար տարիներ շատ մեծ սոցիալական խնդիրներ է լուծել, վերջին տարիներին, իհարկե, դրա դերակատարումը փոխվել է, բայց հատկապես 90-ականներին, 2000-ականների առաջին կեսին տասնյակ հազարավոր մարդիկ Թուրքիայի հետ առևտրի միջոցով էին ապրում, ըստ էության։ Այս հարցում պետք է էմոցիոնալ որոշումներից զերծ մնանք, պետք է դանդաղ, մտածված առաջ գնանք, որպեսզի, ինչպես ասում են, ունքը սարքելու փոխարեն աչքն էլ չհանենք։

-Պարո՛ն Պապոյան, կխնդրեմ ասեք, թե պատերազմը տնտեսական ի՞նչ հետևանքների է հանգեցրել, բնականաբար ընթացիկ փուլում, քանի որ պատերազմը դեռ շարունակվում է։ Այս պահի դրությամբ կա՞ն որոշակի հաշվարկներ։

-Բնականաբար, տնտեսության վրա բացասական է ազդելու։ Կորոնավիրուսով պայմանավորված՝ ունեինք խնդիրներ, որոնց ավելացան նաև պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրները և, եթե 5,5% — 5,7% տնտեսական անկում էր կանխատեսվում կորոնավիրուսի պայմաններում, ապա այս պարագայում մինչև 7,2% — 7,4% տնտեսական անկում կարող է լինել։ Բայց այսօրվա մեր խնդիրն ամենևին սա չէ, մեր խնդիրն ու դրա լուծումը ռազմաճակատում հաջողություն ունենալն է, որովհետև, եթե ռազմաճակատում հաջողություն ունեցանք՝ շատ արագ մեր տնտեսությունը մյուս տարի զարգացման բարձր տեմպ է հավաքելու, այսինքն՝ մենք հիմա պետք է մտածենք՝ ամեն ինչ ճակատի համար տրամաբանությամբ, որովհետև զանկացած ոլորտում հաջողության հիմքը ռազմաճակատում մեր տղաների արձանագրած հաջողություններն են։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Որոշ մարդիկ, որոնք շահարկում են պետական պարտքի ծավալը, նույնիսկ պետական ու արտաքին պարտքն իրարից չեն տարբերում․ Գևորգ Պապոյան

Նատա Հարությունյան

Բյուջեն գետնի տակից սարք չէ, որ փողը ոնց ուզես, տպի, տա․ պատգամավորը՝ աջակցություն ակնկալող, բայց հարկ չվճարող գործարարների մասին

Սերինե

Քաղաքականությունը չի կարող հաղթել բիզնեսին, խնդրին կտրվի ինստիտուցիոնալ լուծում․ պատգամավորը՝ ԵԱՏՄ շուկայում հայկական մթերքն իրացնելու մասին

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին