23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Թուրքիային ՀՀ տարածքում տեսչական այցերից զրկելը դիվանագիտական ապտակ ու քաղաքական դեմարշ է․ վերլուծաբան
Կարևոր

Թուրքիային ՀՀ տարածքում տեսչական այցերից զրկելը դիվանագիտական ապտակ ու քաղաքական դեմարշ է․ վերլուծաբան

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունն օրերս հայտարարություն տարածեց, որ Հայաստանը կասեցնում է Թուրքիայի կողմից ՀՀ տարածք տեսչական այցերը։ NewArmenia.am-ը հարցի հետ կապված զրուցել է քաղաքական  վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանի հետ։

— Պարո՛ն Հովսեփյան, Թուրքիային տեսչական ստուգման գործիքից զրկելը լո՞ւրջ հարված է նրանց, ինչպե՞ս կարձագանքի Թուրքիան։

Այստեղ այս գործիքի զրկելու հարց չէ միայն, քանի որ պետք է այլ բանի էլ ուշադրություն դարձնենք։ Եթե ուշադիր նայենք, ապա այս պարագայում մենք հարաբերվում ենք ոչ միայն մեկ պետության, այլև կազմակերպության հետ, քանի որ Թուրքիան ԵԱՀԿ-ի կարևորագույն դերակատարներից մեկն է, ավելին ասեմ՝ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր անդամներից մեկն է, չէ՞ որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան պարզապես  համանախագահություն են իրականացնում, բայց Թուրքիան ԵԱՀԿ  Մինսկի խմբի անդամ է, հետևաբար, նրա դերակատարությունը ԵԱՀԿ-ում բավականին բարձր է։ Պետք է հաշվի առնել Կովկասյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը, Թուրքիայի քաղաքական ու ռազմական հետաքրքրություններն ու ամբիցիաները Մերձավոր Արևելքում։ Հետևաբար, Թուրքիային այս լծակից զրկելն ինքնին լուրջ քաղաքական դեմարշ է, քանի որ այս առումով գոնե ՀՀ-ն Թուրքիայի հետ համագործակցել է։ ՀՀ-ի  այս քայլը դիվանագիտական լուրջ ապտակ էր նրանց ռազմական ագրեսիվ հայտարարությունների ֆոնին, բայց այլ հարց է, թե այս քայլը որքանով է ստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ երկրների աջակցությունը։ Կարծում եմ՝ առաջիկայում այս հարցով ՀՀ ԱԳՆ-ն ավելի մանրամասն պետք է ներկայացնի բացատրություն, թե ինչ տեսակի աշխատանք է արվել ԵԱՀԿ անդամ մյուս երկրների հետ, քանի որ փաստացի Թուրքիային զրկում ենք Կովկասում կարևորագույն ու անկյունաքարային դերակատարություն ստանձնելու քայլից։

— ՀՀ ԱԳՆ-ն պարզաբանեց, որ նման քայլի է գնում Տավուշի ուղղությամբ ադրբեջանական հարձակման շրջանում Թուրքիայի՝ Հայաստանի դեմ ուղղված աննախադեպ սպառնալիքներից և Ադրբեջանի հետ համատեղ Հայաստանի սահմանների մոտակայքում լայնածավալ զորավարժությունների անցկացման որոշումից  հետո։ Սակայն ինչո՞ւ է հիմա ՀՀ ԱԳՆ-ն նման քայլի գնում, չէ՞ որ Թուրքիան առաջին անգամ չէ, որ սպառնալիքներով լի հռետորաբանությամբ է խոսում։

Կարծում եմ՝ Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների հարցում մենք վաղուց վերաիմաստավորելու շատ բան ունենք՝ հաշվի առնելով վերջին 15-20 տարիների ընթացում այդ հարաբերությունների զարգացման տրամաբանությունը։ Անկախությունից ի վեր այդ հարաբերություններում մենք ունենք վայրիվերումներ, այսինքն՝ սկզբնական շրջանում այդ հարաբերույթունները գնում էին դեպի դիվանագիտական ուղղությամբ, իսկ երկու երկրների, ժողովուրդների միջև նորմալ հարաբերություններ ստեղծելու ակնկալիք կար։ Հետագայում թե՛ թուրքական իշխանությունների սուբյեկտիվ, կարծրացած դիրքորոշումը, թե՛ Հայաստանում «հայդատական» գաղափարախոսության պետական գաղափարախոսության վերածելը աստիճանաբար հեռացրեց ՀՀ-ին ու Թուրքիային իրարից։ Վերջին փորձը Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունն է, որը ևս բերեց անփառունակ ձախողման, որից հետո էլ՝  2018 թ․-ի գարնանը, ՀՀ-ի կողմից հայտնի պրոտոկոլների չեղարկումը եղավ։ Հետևաբար, հարաբերություններն այնքան են բարդացել, տարիների ընթացքում այնքան կնճիռներ են առաջացել, անընդհատ էլ խնդիրներին լուծումներ չեն գտնվել՝ ո՛չ փոխադարձաբար, ո՛չ պետություններն իրենց ներսում, որ աստիճանաբար հասել է նրան, որ արցախյան հակամարտության ցանկացած էսկալացիայի ժամանակ թուրքական իշխանությունը հանդես է գալիս բացարձակ ռադիկալ և հակահայկական հայտարարություններով ու գործողություններով, օրինակ՝ Նախիջևանի զորավարժությունները։ Հայաստանի կողմից նման քայլի գնալը՝ հատկապես տեսչական ստուգումների արգելքը, ինքնին ցույց է տալիս, որ ՀՀ-ն գնում է դիրքորոշումների կոշտացման։ Եթե նայենք, ապա ՀՀ-ն միշտ հանդես է եկել կառուցողական դիրքորոշմամբ՝ ընդհուպ մինչև նախորդ նախագահների ժամանակ մենք հայտարարում էինք, որ նախապայմաններով չենք առաջնորդվում ու պատրաստ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների խորացման։ Սակայն այս հայտարարությունները Թուրքիայի կողմից ոչ միայն անարձագանք են մնացել, այլև ավելի կարծր դիրքորոշման են հանդիպել։ Հիմա ՀՀ-ն էլ փորձում է կարծրացնել իր դիրքորոշումը:

— Ճիշտ է գնալ դիրքորշման կոշտացմա՞ն, թե՞ դիվանագիտական լուծումներ գտնելու ճանապարհով։

— Այստեղ մի քանի խնդիր կա, քանի որ նախ պետք է հասկանանք, թե Թուրքիայի հետ մենք ինչ հարաբերություններ ենք ուզում։ Թուրքիան, ըստ էության, ՀՀ անվտանգության հիմնական սպառնալիքն է, սրա մասին հայտարարել է նաև ՀՀ ԱԳ նախարարը, և դժվար չէ սրա հետ չհամաձայնել: Միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք՝ գործողությունները, որոնք մենք իրականացնում ենք՝ կլինի արտաքին քաղաքական դեմարշ, կլինի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություն, թե այլ բան, դրանք ինչպե՞ս են նպաստում այդ սպառնալիքի չեզոքացմանը։  Պետք է հստակ որոշենք՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ավելի սրե՞նք իրավիճակը, այսինքն՝ գնանք ավելի ռադիկալ քայլերի, ինչպես իրենք են վարվում, թե՞ պետք է դիպլոմատիկ որոշումների գնանք, միջազգային հանրության շրջանակում երկխոսության միջավայրի ձևավորման ճանապարհն ընտրենք, որոշակի նոր ֆորմատներ առաջ բերենք թե՛ տարածաշրջանային խաղաղության, թե՛ երկու երկրների միջև տնտեսական փոխգործակցության, թե՛ քաղաքացիական հասարակական խմբերի միջև փոխգործակցության և այլ ճանապարհներ գտնենք։ Պետք է հստակ հասկանանք՝ գնալ այս ուղղությամբ, թե Թուրքիային պատասխանել իր լեզվով։ Այստեղ երկորդ հարցն է առաջանում՝ եթե Թուրքիային պատասխանում ենք իր լեզվով, ի՞նչ ենք ակնկալում կամ ի՞նչ եք ստանալու դրանից, արդյոք ՀՀ-ն ունի պոտենցիալը, որ Թուրքիային նույն ձևով պատասխանելու դեպքում կարողանա հասնել իր առաջ դրված դիվանագիատական, քաղաքական տնտեսական խնդիրներին լուծմանը։

— ՀՀ-ն ունի՞ այդ պոտենցիալը, որ Թուրքիային, որը ԵԱՀԿ անդամ առանցքային պետություն է, պատասխանի իր իսկ լեզվով։

— Կարծում եմ՝ առնվազն ռազմական տեսանկյունից մենք նման պոտենցիալ չունենք, առնվազն սրա մասին խոսում է, որ ՀՀ -Թուրքիա սահմանին կանգնած է ռուս սահմանապահը, որը զսպում է Թուրքիայի ռազմական ախորժակը։ Ադրբեջանի դեպքում մենք հստակ զսպում ենք նրանց, մեր ԶՈւ-ն  էականորեն բարձր են նրանից թե՛ որակով, թե՛ պատրաստվածությամբ, բայց Թուրքիայի պարագայում զուտ քանակի տեսանկյունից էլ խնդիր ունենք։ Պետք է նաև չմոռանանք, որ Թուրքիան տնտեսապես ՀՀ-ից շատ ավելի բարձր կարգավիճակում է գտնվում։ Հետևաբար, եթե նայենք զուտ ռեսուրսային տեսանկյունից, ապա Թուրքիայի հետ իր իսկ բառապաշարով խոսելը կարող է բավականին անհաջող քայլ  լինել։ Փոխարենը մենք կարող ենք ավելի դիվանագիտական գործողությունների գնալ։ Այս պարագայում խոսքս ոչ թե Էրդողանի հետ համագործակցության մասին է, քանի որ տեսնում ենք՝ նա չի ցանկանում երկխոսել, այլ մենք փորձենք աշխարհում մթնոլորտ ձևավորել, փոխել աշխարհի կարծիքն ի օգուտ մեզ։

— Այսինքն՝ ԱԳՆ-ի այս քայլր երկար մտածված չէ՞ր։

— Չեմ կարող այդպես պնդել, ավելին՝ կարծում եմ, որ  որոշակի հաշվարկներ կան այդ քայլի տակ։ Իմ բարձրացրած հարցը վերաբերում է ոչ այնքան ԱԳՆ վերջին քայլին, որքան ելակետին, թե մենք ինչ տեսակի քաղաքականություն ենք պատկերացնում Թուրքիայի հետ։ Այսինքն՝ շատ տրամաբանորեն ու կոնկրետ հաշվարկներով կարող ենք գնալ այդ որոշման, գուցե ԱԳՆ-ում էլ եկել են դիրքորոշման, որ նման որոշում կայացնելով ու դիվանագիտական նոտա հղելով միջազգային հանրությանն ու ԵԱՀԿ-ն, կարելի է նույնիսկ ԵԱՀԿ-ի շրջանակում հասնել նրան, որ Թուրքիայի գործողությունները տվյալկազմակերպության հիմնարար անդամների կողմից դատապարտվեն։ Հստակ է, որ հաշվարկ կա, բայց հարց է,թե այդ հաշվարկն ուր է տանելու։ 

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ցամաքային սահմանով օտարերկրացիների մուտքի արգելքը շարունակում է գործել, բացառությամբ. ԱԳՆ

Նատա Հարությունյան

Հուլիսյան բախումների արտաքին քաղաքական արձագանքները

Սերինե

Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ցուցաբերել զգոնություն և չտրվել որևէ սադրանքի. ԱԳՆ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին