Գլխավոր » Թուրքիայի հեռահար նպատակները
Աշխարհ

Թուրքիայի հեռահար նպատակները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Սիրիայում տեղի ունեցող վերջին իրադարձություններին անդրադարձել է BBC լրատվականի ռուսական ծառայությունը:

Թուրքիան հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևելքում օպերացիա սկսելու մտադրության մասին, որպեսզի իր սահմանների երկայնքով ստեղծի «անվտանգության գոտի», իսկ Վաշինգտոնն էլ հայտարարել է, որ չի խոչընդոտի թուրք զինվորականներին և սկսել է այդ տարածքից դուրս բերել իր զորքերը: Ստեղծված իրավիճակում առկա է Թուրքիայի և Սիրիայի հյուսիս-արևելքը վերահսկող սիրիական քրդերի միջև կոնֆլիկտի սանձազերծման սպառնալիքը:

Ինչո՞ւ է Թուրքիային անհրաժեշտ օպերացիան: Օպերացիայի գլխավոր նպատակը, ինչպես Թուրքիան է ներկայացնում, իր սահմաններից դուրս մղելն է ժողովրդական ինքնապաշտպանության քրդական ջոկատներին (YPG), որոնց Անկարան համարում է ահաբեկիչներ:

Թուրքական իշխանությունները հույս ունեն Սիրիայի հյուսիս-արևելքում իրենց սահմանների երկայնքով ստեղծել 32 կիլոմետրանոց  անվտանգության գոտի` ազատագրված քուրդ աշխարհազորայիններից: Այդ անվտանգության գոտում Անկարան մտադրություն ունի մինչև 2 միլիոն սիրիական փախստականների վերաբնակեցնել, որոնք այժմ բնակվում են Թուրքիայում (ընդհանուր առմամբ երկրում կա 3,6 միլիոն փախստական, որոնք լքել են Սիրիան քաղաքացիական պատերազմի պատճառով` սկսած 2011 թվականից):

Քրդերի կողմից ղեկավարվող «Սիրիական ժողովրդավարական ուժերը» (SDF), որի մեջ մտնում են նաև YPG-ի աշխարհազորայինները, երկուշաբթի հայտարարել են, որ պաշտպանելու են իրենց տարածքները, և որ ԱՄՆ-ը լքում է շրջանը, որպեսզի այն վերածի ռազմական գործողությունների գոտու` ստեղծելով «Իսլամական պետություն» խմբավորման վերածննդի սպառնալիք:

Ինչո՞ւ է Թուրքիան ցանկանում հեռացնել քրդերին իր սահմաններից: Տարածքը, որտեղ Թուրքիան ցանկանում է ստեղծել «անվտանգության գոտի», գտնվում է քուրդ աշխարհազորայինների ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների հսկողության ներքո (YPG), որը մտնում է քուրդ-սիրիական դաշինքի` SDF կազմի մեջ և ամենախոշոր միավորումն է:

ԱՄՆ-ը աջակցում է SDF-ին, այդ թվում` YPG-ին, և նրա աջակցությամբ քուրդ-սիրիական ուժերը ջախջախել են ԻՊ-ին Սիրիայի հյուսիս-արևելքում և այժմ վերահսկում են երկրի այդ մասը: Իսկ Անկարան YPG-ն համարում է Թուրքիայում արգելված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ) ճյուղավորում: ՔԲԿ-ն 1984 թվականից պայքարում է  Թուրքիայի հարավ-արևելքում քրդական ինքնավարություն ստեղծելու համար: Թուրքիան, ԱՄՆ-ը և Եվրամիության մի քանի երկրներ ՔԲԿ-ն ճանաչել են ահաբեկչական կազմակերպություն, բայց YPG-ն  հերքում է կապը նրա հետ:

Թուրքական իշխանությունները մտավախություն ունեն, որ սիրիական քրդերը ցանկանում են Սիրիայի ներսում` իրենց ինքնակառավարվող տարածքում ստեղծել ինքնավար կազմավորում (Իրաքյան Քուրդիստանի նմանությամբ, որն Իրաքում ունի լայն ինքնավարության կարգավիճակ), ինչը կոգևորի թուրքական քրդերին Թուրքիայում նույնպես նման տարածքի ստեղծման համար:

Չնայած այն բանին, որ Թուրքիան մտնում էր ԻՊ-ի դեմ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի կազմի մեջ, նա բազմիցս քննադատել է Վաշինգտոնին SDF-ին աջակցելու համար և փորձել է խանգարել դաշինքին իր հսկողության տակ վերցնել Սիրիայի հյուսիսային սահմանը: Բացի այդ, 2018 թվականի սկզբին Թուրքիան սկսել է «Ձիթենու ճյուղ» օպերացիան մեծ մասամբ քրդերով բնակեցված Աֆրինի շրջանում` Սիրիայի արևմուտքում, որի նպատակը այդտեղից քուրդ զինված կազմավորումներին դուրս մղելն էր:  Երկու ամիս շարունակվող ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 300 խաղաղ բնակիչ, 1500 քուրդ աշխարհազորային, թուրքամետ  կազմավորումների 400 մարտիկ և 45 թուրք զինվորական: Ամենաքիչը 137 հազար խաղաղ բնակիչ ստիպված է եղել լքել իր տունը:

ԱՄՆ-ի դիրքորոշումը. 2018 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց ԻՊ-ի ջախջախման մասին Սիրիայում և հավելեց, որ հրաման է արձակել անհապաղ սկսել երկու հազար ամերիկյան զինծառայողների դուրսբերումը, որոնք Սիրիայում օգնում էին SDF-ին:

ԱՄՆ-ի արտասահմանյան դաշնակիցները և Հանրապետական կուսակցության մի քանի բարձրաստիճան անդամներ ԻՊ-ի ջախջախման վերաբերյալ պնդումն անվանեցին ժամանակավրեպ և անհանգստություն հայտնեցին այն մասին, թե ինչ կարող է տեղի ունենալ քուրդ ուժերի հետ առանց ԱՄՆ-ի պաշտպանության: Մի քանի օրից Թրամփն իր թվիթերյան էջում խոստացավ  քայքայել թուրքական տնտեսությունը այն դեպքում, եթե թուրքական ուժերը հարված կհասցնեն քրդերին: «Ստեղծեք 20 մղոն (32 կիլոմետր) անվտանգության գոտի»,- խորհուրդ էր տվել Անկարային:

Եվ, չնայած ամերիկացի զինվորականների դուրսբերումը հետաձգվեց, Թուրքիայի նախագահը կառչեց Թրամփի` անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ առաջարկությունից: Այս տարվա օգոստոսին ամերիկյան զինվորականները հայտարարեցին, որ համաձայնեցրել են թուրքական կողմի հետ թուրքական անվտանգության խնդրի լուծման հիմնական սկզբունքները, այդ թվում` սիրիա-թուրքական սահմանի երկայնքով անվտանգության ապահովման մեխանիզմը (նրանք անվտանգության գոտի եզրույթը չէին օգտագործել):

Բայց հոկտեմբերի 6-ին Սպիտակ տունը հայտարարություն տարածեց այն մասին, որ ԱՄՆ-ը սկսում է Սիրիայի հյուսիսից իր զորքերի դուրսբերումը մինչև Թուրքիայի օպերացիայի սկսվելը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին