12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Թուրքիան քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին և հավաստիացրեց, որ Ռուսաստանն այս անգամ ակտիվ չի միջամտի․ Ռուբեն Սաֆրաստյան
Հարցազրույցներ

Թուրքիան քարտ-բլանշ տվեց Ադրբեջանին և հավաստիացրեց, որ Ռուսաստանն այս անգամ ակտիվ չի միջամտի․ Ռուբեն Սաֆրաստյան

New Armenia.am – ի զրուցակիցն է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

-Պարո՛ն Սաֆրաստյան, Թուրքիայի ներդրումը որքանո՞վ կա Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում։ 

-Փաստերը, որոնք վկայում են այն մասին, որ Թուրքիան ոչ միայն օժանդակում է Ադրբեջանին, այլ նաև ուղղակիորեն ինքը և՛ տեղյակ է եղել, և՛ նախապատրաստվել է Ադրբեջանի հետ այս ագրեսիային՝ ակնհայտ են։ Մասնավորապես՝ այն փաստը, որն արդեն կարելի է համարել հաստատված, Թուրքիան, Սիրիայի հյուսիսից  բազմաթիվ զինյալներ, վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, դա արդեն փաստ է, որովհետև հրապարակվել են նույնիսկ այն խմբավորումների անվանումները, որոնց անդամները՝ որպես վարձկաններ, ուղարկվել են Ադրբեջան։ Շատ ցցուն փաստ է, որ թուրքական պետական հեռուստատեսության թղթակիցները՝ մինչև ռազմական գործողությունների սկսվելը, արդեն գտնվում էին այնտեղ, այսինքն՝ նրանք գիտեին, որ դա լինելու է։ Հիմա էլ տարբեր աղբյուրներից գալիս է ինֆորմացիա, թե Թուրքերը տեսնելով, որ Ադրբեջանը չի կարողանում իրենց ծրագրերն իրականացնել, հնարավոր է, որ Ադրբեջան ուղարկեն իրենց հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Փաստերը շատ են, և պատահական չէ, որ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմախաղերը, մանևրումները նախօրեին ավարտվեցին։ Թուրքիան Ադրբեջանում պահեց իր 16 ինքնաթիռները, կան տվյալներ, որ այնտեղ են նաև թուրքական Զինուժի ներկայացուցիչները։ Փաստերը շատ են, որոնք վկայում են, որ սա Թուրքիային է ձեռնտու։

-Ինչու՞ է Թուրքիային ձեռնտու, ինչու՞ հենց այս ժամանակահատվածում նա գնաց այս քայլին։

-Այստեղ մի քանի հանգամանք կա, բայց, կարծում եմ, ամենակարևորն այն է, որ Էրդողանի կառավարությունը վերջին շրջանում սկսել է շատ ակտիվ ագրեսիվ տարածաշրջանային քաղաքականություն իրականցնել, որի նպատակն է Թուրքիայի գերակա դիրքը տարածաշրջանում  հաստատել և ցույց տալ ուրիշներին։ Եվ հիմա Մերձավոր Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից, Միջերկրական ծովի արևելյան հատվածից անցել է Հարավային Կովկասում՝ իր քաղաքականության իրականացմանը։ Նպատակն է Հարավային Կովկասում՝ մասնավորապես Ռուսաստանին ցույց տալ, որ Թուրքիան այստեղ հիմնական խաղացող է դառնում և Ռուսաստանը պետք է իր հետ հաշվի նստի։ Իր այս  աշխարհաքաղաքական նպատակների համար Թուրքիան օգտագործում է Ադրբեջանին։

Թուրքիայի կողմից ընտրված է աշխարհաքաղաքական այնպիսի ժամանակ, որ մի կողմից աշխարհի ուշադրությունը սևեռված է համավարակի վրա, մյուս կողմից էլ՝ Արևելյան Միջերկրական ծովի շրջանում լարվածություն կա, այստեղ են Եվրոպայի և Ֆրանսիայի հիմնական իրադարձությունները տեղի ունենում և տարբեր երկրների ուշադրությունը այնտեղ է կենտրոնացած և թուրքերը հույս ունեին, որ Հարավային Կովկասի հարցերով առանձնապես չեն հետաքրքրվի։ Ռուսաստանի վրա հիմա շատ մեծ ճնշում է գործադրվում Արևմուտքի կողմից՝ Նավալնիի գործի և Բելառուսի գործի հետ կապված։ Թուրքիան հույս ուներ, որ այդ ճնշումների ներքո Ռուսաստանը ակտիվ չի պաշտպանելու Հայաստանին։

-Եթե Ադրբեջանը չհաջողի իր ծրագրերում և պարտություն կրի պատերազմում՝ ի՞նչ հետևանքներ կունենա դա Ադրբեջանի համար։ Արդյոք Թուրքիան այս տարբերակը հաշվարկե՞լ է։

-Ադրբեջանը Թուրքիայի համար կարևոր է այնքանով, որքանով մտնում է իր հաշվարկների մեջ և ծառայում է իր շահերին։ Չեմ կարծում, որ Թուրքիան հետաքրքրված է Ալիևի հետագա բախտով։ Նրա համար կարևոր չէ, թե այնտեղ ով կլինի, որովհետև Ալիևի կլանը կարող է Փաշաևների կլանի հետ իշխանությունից հեռացվի՝ Ադրբեջանի պարտության պատճառով։ Թուրքիան այստեղ ոչինչ չունի կորցնելու։

-Պարո՛ն Սաֆրաստյան, կարո՞ղ ենք արձանագրել, որ, եթե չլիներ Թուրքիայի ազդեցությունը անմիջական հովանավորությունը, ապա Ադրբեջանը այս պատերազմը չէր սանձազերծի։

-Իհարկե, շատ բարդ հարց է, որովհետև Ադրբեջանն ինքնըստինքյան՝ որպես ագրեսիվ պետություն, անընդհատ ագրեսիվ գործողություններ է ցուցաբերում Արցախի նկատմամբ։ Ալիևի համար այս ագրեսիան կարևոր է իր իշխանությունն ուժեղացնելու տեսակետից։ Բայց մյուս կողմից, ես կարծում եմ, որ այս անգամ այսպիսի լայնածավալ ռազմական գործողությունների գնալը պայմանավորված էր նրանով, որ Ադրբեջանն այս անգամ Թուրքիայի կողմից քարտ-բլանշ ստացավ, այսինքն՝ Թուրքիան նրան հրահրեց և հավաստիացրեց, որ Ադրբեջանի մեջքին կանգնած են և, որ Ռուսաստանն ակտիվ չի միջամտի։ Եթե ընդհանուր դիտարկենք Թուրքիայի քաղաքականությունը, ապա նա տարբեր ուղղություններով ագրեսիվ քաղաքականություն է ցուցաբերում, բայց որոշակի կարմիր գծեր կան, որոնք չի անցնում՝ հասկանում է, եթե իրեն չափից ավելի ագրեսիվ պահի՝ կարող է շատ ուժեղ հակահարված ստանալ։

-Այս համատեքստում՝ ինչպե՞ս կգնահատեք միջազգային արձագանքը, և Թուրքիայի ակնկալիքները՝ Ռուսաստանի մասով, կարծում եք, կիրականանա՞ն, թե՞ Ռուսաստանը իր խոսքը կասի։

-Ցավոք սրտի, դեռ աշխարհը՝ ի դեմս մեծ տերությունների, իրենց շահերից ելնելով, Թուրքիային չեն տալիս համարժեք հակահարված, եթե ստանար այդ հակահարվածն իսկզբանե՝ այսքան ագրեսիվ չէր դառնա։ Կարծում եմ, որ Ռուսաստանը որոշակի կարմիր գծեր է դրել Թուրքիայի առաջ, եթե դրանք Թուրքիան անցնի, ապա կարող է բախվել Ռուսաստանի կոշտ պատասխանի հետ։ Այս փուլում, Թուրքիայի վրա պետք է դիվանագիտական ճնշում գործադրել և պարտադրել, որ նա զերծ մնա Ադրբեջանին օգնելուց։ Ադրբեջանի վրա ևս պետք է դիվանագիտական ճնշում գործադրել։ Շատ կարևոր է նաև մեր բանակի հակահարվածը, որը շատ արժանի և դիպուկ է։

-Նախիջևանի հատվածից հարձակման սպասե՞նք, հնարավոր համարու՞մ եք, որ այդ հատվածից էլ կլինեն հարձակումներ։

-Նախիջևանից հարձակումը կնշանակի հարձակում Հայաստանի Հանրապետության վրա։ Սա նշանակում է ուղղակի ագրեսիա Ռուսաստանի դաշնակից երկրի նկատմամբ, որի հետ Ռուսաստանն ունի համապատասխան պայմանագիր։ Սա կնշանակի ագրեսիա ՀԱՊԿ անդամ երկրի դեմ, որի անդամ է Հայաստանը և սա կլինի նաև հարձակում ռուսական զորքերի դեմ, որոնք այստեղ տեղակայված են։ Սա ամեն ինչ միանգամից կփոխի և աշխարհը կկանգնի պատերազմի եզրին, ոչ թե միայն մեր տարածաշրջանը։ Այնպես որ, չեմ կարծում, որ Թուրքիան կհամարձակվի որևէ գործուղություն իրականացնել Նախիջևանի ուղղությամբ։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին