3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
117001.6 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Թրամփի վերջին հայտարարություններն ամենևին էլ պայմանավորված չեն ԱԳ նախարարի այցով․ քաղաքագետներ
Քաղաքականություն

Թրամփի վերջին հայտարարություններն ամենևին էլ պայմանավորված չեն ԱԳ նախարարի այցով․ քաղաքագետներ

Հոկտեմբերի 23-ին և 24-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով գտնվում էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այցի շրջանակներում նախարարը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ:

Խոսելով ԱՄՆ կատարած այցի մասին՝ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ այդ այցի ժաամանակ ևս մեկ անգամ հաստատվեց, որ ագրեսորը, մարդասիրական զինադադարի չպահպանող կողմը Ադրբեջանն է․ «Առաջին օրերի համեմատությամբ այժմ մենք սկսել ենք աշխարհի կողմից ընկալվել՝ որպես ագրեսոր պետության դեմ մարտնչող առաջամարտիկներից մեկը, դա պայմանավորված է առաջին հերթին մեր բանակի ջանքերով, երկրորդ հերթին՝ Թուրքիայի և Ադրբեջանի լպիրշ, ագրեսիվ պահվածքով, որը միմիայն կարելի է համեմատել Հիտրելի պահվածքի հետ»,- վստահ է քաղաքագետը։ Ըստ նրա, եթե այս երկրները չցուցաբերեին նման բացահայտ ագրեսիվ քաղաքականություն, ապա աշխարհի համար դժվար կլիներ թացը չորից տարբերել։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, Հովհաննիսյանը չի համարում ԱԳ նախարարի վերջին այցի արդյունք․ «Չեմ կարծում, որովհետև մինչև այդ այցը Թրամփը հայտարարել էր, որ հայերը լավ ժողովուրդ են և այլն։  Պարոն Մնացականյանի նկատմամբ նրանց կողմից առավել բարյացակամ վերաբերմունքը, կարծում եմ, ռազմաճակատում մեր զինվորների ցուցաբերած հաղթանակի արդյունքն է»։

Քաղաքագետռ Հայկ Սահակյանը ևս Թրամփի հայտարարությունները չի պայմանավորում մեր դիվանագիտական խմբի աշխատանքներով․ «Չեմ կարծում, թե դա նրա այցի արդյունքն է։ Մի մոռացեք, որ այնտեղ նախագահի ընտրության համար նախընտրական թեժ պայքար է ընթանում և Թրամփի հայտարարությունները հենց այդ տրամաբանության մեջ են գտնվում։ Նա իր իշխանության գալու խնդիրն է լուծում այդ հայտարարություններով»։

Հարցին, թե Թրամփը Արցախի հարցը համեմատեց Կոսովոյի հետ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ԱՄՆ-ն կճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, Հայկ Սահակյանն ասաց, որ հնարավոր է համարում, սակայն Արմեն Հովհաննիսյանն այդպես չի կարծում․ «Հակված չեմ, որ կճանաչի անկախությունը, դա շատ հպանցիկ և հեռավոր հղում էր, համեմատություն չէր։ Պուտինի հղումը Ղրիմին, շատ ավելի ակնհայտ էր և ուղիղ։ Խնդիրը միայն Արցախի ճանաչումը չէ, խնդիրն այն ընկալումն է, որ առանց անջատման, չկա փրկություն։ Այսինքն՝ աշխարհը դա սկսում է ընկալել որպես տարբերակ, իսկ սա, չեմ ուզում թերագնահատել մեր դիվանագիտությանը, բայց արդյունքն է Թուրքիայի և Ադրբեջանի ակնհայտ ագրեսիվ, ֆաշիստական պահվածքի, երբ հայտարարում են, որ հայերին շների նման քշում են և այլն»,- ասում է Հովհաննիսյանը և հավելում, որ նման հայտարությունները, բացահայտ ատելությունը հայերի նկատմամբ աշխարհին ստիպում են ընկալել «Անջատում հանուն փրկության» թեզի գաղափարը։

Պատերազմի արդեն մեկ ամսվա  ընթացքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտության կատարած աշխատանքների գնահատականը ևս քաղաքագետների մոտ տարբերվում է։ Հայկ Սահակյանը կարծում է, որ կատարված աշխատանքը մեծ հաշվով դրական է, բայց բավարար չէ․ «Մեր դիվանագիտությունը կաղում է, եթե համեմատենք ՊՆ-ի և ԱԳՆ-ի գործունեության արդյունավետությունը, ապա մենք քանիցս տեսել ենք, որ ռազմի դաշտում մենք հարցը լուծում ենք ի օգուտ մեր պետականության, մեր շահերի, իսկ մեր դիվանագիտությունը չի կարողանում այդ շահերը սպասարկել այնպես, որ մենք հաջորդ անգամ կրկին ռազմի դաշտում ստիպված չլինենք հարց լուծել։ սա լրջագույն խնդիրտ, որը լուծել է պետք ինստիտուցիոնալկ մակարդակում հարցն այստեղ անձերը չեն»,- նշում է Սահակյանը։

Արմեն Հովհաննիսյանի համոզմամբ էլ՝ այդ արդյունքը համալիր աշխատանքի, ոչ թե միայն ԱԳՆ-ի աշխատանքի արդյունք է․«ՀՀ նախագահի, ԱԳ նախարարի, վարչապետի, դեսպանների ակտիվությունը իր արդյունք տալիս է։ Բայց Հայաստանի կողմից արված հայտարարությունները ոչ միշտ են ինձ թվում տեղին և  լիարժեք, բայց բոլոր դեպքերում այդ աշխատանքը չենք կարող տապաալված համարելշ։ Ինչպես մեր զինվորն է անձնուրաց կերպով պահում սահմանը, այնպես էլ դիվանագետներն են փորձում համապատասխանել այդ բարձր նիշին, որը սահմանում է հայ զինվորը»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն երկրորդ անգամ։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին