23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Ժամանակի ընտրության ունակություն. հատված Սվիտալսկու՝ դեռ չհրապարակված գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին
Գլխավոր Նորություններ

Ժամանակի ընտրության ունակություն. հատված Սվիտալսկու՝ դեռ չհրապարակված գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին

NewArmenia.am-ն արդեն անոնս է ներկայացրել Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հեղինակային գրքից, որը պատմում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։

«Հայկական հեղափոխություն. անավարտ հեռագիր» վերնագրով գրքում դեսպանն անդրադառնում է իր առաքելությանը Հայաստանում, որի գագաթնակետը Հայկական հեղափոխությունն էր ու դրան հաջորդած զարգացումները: Գրքի հեղինակը 2015 թվականից մինչ 2019 թվականը ծառայել է որպես դեսպան` ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար: 

Ներկայացնում ենք ձեզ ևս մեկ հատված.

«Քաղաքականության մեջ ժամանակի ընտրության ունակությունը առանցքային նշանակություն ունի: Խոսքը ճիշտ ժամանակին ճիշտ քայլ անելու մասին է: Պատմությունը լի է այնպիսի դեպքերով, երբ քաղաքական գործիչները ճիշտ մտքեր էին արտահայտում և փորձում ճշտորեն գործել, բայց պահը սխալ էին ընտրում: Այսպիսի քաղաքական գործիչներից ո´չ մեկն անձնական կարիերայի առումով մեծ հաջողության չի հասել:

Հեղափոխությունների տեսաբանները՝ մասնավորապես մարքս-լենինյան դպրոցի ներկայացուցիչները, ժամանակի ընտրության ունակությունը կապում են, այսպես կոչված, հեղափոխական պահի հայեցակարգի հետ: 2018 թվականի գարնանը չէր նշմարվում, որ որևէ մեկն ինչ-որ նախանշան տեսնում է, թե ինչ է սպասվում առաջիկայում:

Ընդդիմադիր որոշ խմբեր փորձեցին հասարակությանը համախմբել ընդդեմ իր կառավարումը երկարաձգելու Սերժ Սարգսյանի որոշման: Հավաքներն ու երթերը, սակայն, մեծ բազմություն չէին ապահովում. 2018 թվականի մարտին ու ապրիլի սկզբին 1000 մարդուց սակավ՝ Ազատության հրապարակում (այստեղ անկախացումից հետո անցկացվել են բազմաթիվ քաղաքական ցույցեր), 200 հոգուց քիչ՝ Մելիք-Ադամյան փողոցում (այստեղ գտնվում էր Հանրապետական կուսակցության շտաբը): Ցանկացած արտասահմանյան դիտորդի ընկալմամբ՝ շարքային քաղաքացիներին առանձնապես չէին հետաքրքրում այս ընդվզումները: 

Հայ հասարակությանը խոր անտարբերություն էր պատել:

Արտասահմանյան դիտորդները բավականին վաղ տեղեկացան, որ 2018 մարտի վերջից ապրիլի սկիզբը Նիկոլ Փաշինյանը ծրագրել է երկար քայլերթ անցկացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի: Նրանք տեղյակ էին, որ «Ելք» ընդդիմադիր դաշինքը միասնական չէ այս հարցում: Դաշինքի մեջ ընդգրկված մյուս երկու կազմավորումները («Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններ) հրաժարվեցին միանալ «Քաղաքացիական պայմանագրին»: Նրանց պարզաբանումը սա էր՝ վախենում էին, որ փողոցային գործողությունները կհանգեցնեին ուժի կիրառմանը՝ անկանխատեսելի հետևանքներով: Անկախ ամեն ինչից, Նիկոլ Փաշինյանը վճռական էր շարունակելու իր ծրագիրը: Նա ստիպված էր դա անել բարոյական պատասխանատվության կանչով, եթե նույնիսկ հորիզոնում հաջողության հասնելու հնարավորության որևէ նշույլ չէր երևում: Նրա ընկալմամբ՝ դա էր պահի հրամայականը: Եթե փորձը ձախողվեր, նա պատրաստ էր ընդհանրապես քաղաքական գործունեությունից հրաժարվել, բայց այդ որոշումը պետք է կայացներ միայն փորձ անելուց հետո: Արտասահմանցի դիվանագետները, թերևս, հասկանում էին, որ նրա համար դա միակ հնարավորությունն էր ցույց տալու Սերժ Սարգսյանին, որ դեմ է նրա կառավարման երկարաձգմանը:

2018 թվականի մարտի 31-ին Գյումրիում քայլերթի մեկնարկի ու ընթացքի մասին սոցիալական ցանցերի հաղորդումները նույնպես հաջողության հասնելու նախանշաններ չէին խոստանում: Մի քանի հոգի և մի շուն ճամփորդում են զով եղանակին: Հասարակ մարդկանց վրա քաղաքական զարթոնքի ազդեցություն գործելու ո´չ մի նշան չկար:

Ապրիլի 13-ին, երբ Նիկոլ Փաշինյանը հասավ Երևան, ցույցին արդեն զգալիորեն շատ մարդ էր մասնակցում, բայց դեռ այնքան բազմամարդ չէր, որ կարողանար ներգործել երկրի հետագա ընթացքի վրա: Ֆրանսիայի հրապարակում մոտ 100 ցուցարար որոշեց գիշերել վրաններում: Իշխանությունները կարծես ուշադրություն չէին դարձնում Նիկոլ Փաշինյանի գործողություններին:

Ապրիլի 14-ին արտասահմանյան դիտորդները լսեցին իր ձեռնարկած գործին աջակցելու Նիկոլ Փաշինյանի կոչը ողջ հայ ժողովրդին: Նրա մուտքը Հանրային ռադիոյի շենք գնահատվեց որպես հուսահատ ճիգ շարքային քաղաքացիներին թմբիրից հանելու համար, նրանց, ովքեր այդ պահին դեռ չէին ընկալում Սերժ Սարգսյանի կառավարման երկարաձգման գործընթացի ակնհայտ վտանգները:

Հանգստյան օրերին ինքնագիտակցության զարթոնքի պահն էր: Հայերն ապրիլի 14-ին տեսան Հանրապետական կուսակցության գռեհկորեն բեմադրած համաժողովը, որտեղ Սարգսյանին առաջադրեցին վարչապետի թեկնածու: Հասարակությունը տեսավ, որ խոստումը չկատարվեց: Մարդիկ խաբված զգացին իրենց. կրկի՛ն խաբեցին: Միաժամանակ վախ նկատվեց իշխողների աչքերում: Կուսակցության հավաքը տեղի ունեցավ Ծաղկաձորում, ինչն էլ հասարակության մի մասն ընկալեց որպես իշխանությունների խոցելիության նշան: Իշխանություններն առերևույթ ցուցադրում էին, թե իբր չեն էլ նկատում Նիկոլ Փաշինյանի գործունեությունը, բայցև փաստ է, որ որոշեցին մեկնել Երևանից դուրս՝ հնարավոր խոչընդոտներից խուսափելու նպատակով:

Ապրիլի 16-ին իրադարձությունները շրջադարձային փուլ մտան: Հազարավոր մարդիկ պատրաստ էին միանալու Նիկոլ Փաշինյանին: Խորհրդարանի  հարևանությամբ գտնվող փողոցները շրջափակվեցին, մի քանի ցուցարարներ վնասվածքներ ստացան, Փաշինյանը՝ նույնպես, և նա պետք է տեղափոխվեր հիվանդանոց՝ վերքերը բուժելու նպատակով: Բաղրամյան փողոցը (այստեղ է տեղակայված Ազգային ժողովի շենքը, և այստեղ էր կայանալու վարչապետի ընտրության քվեարկությունը) դարձավ պայքարի բեմահարթակ:

Չնայած ահագնացող լարվածությանը, ըստ նախատեսվածի՝ ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ (77 պատգամավոր կողմ քվեարկեց, 17 պատգամավոր՝ դեմ): Այդ օրը Փաշինյանը հռչակեց Թավշյա հեղափոխության սկիզբը:

Իշխանությունները շարունակում էին հրաժարվել Նիկոլ Փաշինյանին որպես իրական ուժ ճանաչելուց, բայց դա չխանգարեց, որ նրան ապօրինի գործողությունների կատարման մեղադրանք ներկայացնեն. մեծ թվով ցուցարարներ կալանավորվեցին, սկսվեց քաղաքացիական հասարակության ու ընդդիմության ահաբեկումը»:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին