30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91955.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ժամանակն է խոսել հայ-ադրբեջանական սահմանի իրական մոնիտորինգի մասին` չբացառելով ԵՄ-ի ներգրավումը. Արսեն Խառատյան
Այլ Լուրեր

Ժամանակն է խոսել հայ-ադրբեջանական սահմանի իրական մոնիտորինգի մասին` չբացառելով ԵՄ-ի ներգրավումը. Արսեն Խառատյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Տավուշում տեղի ունեցած հուլիսյան էսկալացիան եւս մեկ անգամ ակտուալ է դարձրել հայ-ադրբեջանական սահմանի իրական մոնիտորինգի խնդիրը: Այս հարցում Ադրբեջանի ոչ կառուցողական մոտեցումը նոր չէ. ակնհայտ է, որ Հայաստանը հետաքրքրված չէ պատերազմով, մինչդեռ Ադրբեջանը, իրենց նախապայմաններով լուծում չունենալու պարագայում շարունակաբար սպառնացել է խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին:

Վիեննայում ունեցած համաձայնությունը ենթադրում էր ԵԱՀԿ շրջանակներում մոնիտորինգի մեխանիզմներն ու այս կերպ կողմերի միջեւ վստահության մթնոլորտ ձեւավորելը: Այս նախնական համաձայնությունը որեւէ տեսանելի առաջընթաց չի արձանագրել, իսկ ԵԱՀԿ շրջանակներում ձեւական մոնիտորինգի ոչ արդյունավետ լինելն ապացուցվել է վերջին 2 տասնամյակի ընթացքում: Խնդրին նախօրեին բավականին մանրամասն անդրադարձել է նախկին դիվանագետ, ԵԱՀԿ` Վրաստանում Սահմանային Դիտորդական Առաքելության և Ուկրաինայում Հատուկ Դիտորդական Առաքելության նախկին աշխատակից Գարիկ Չիլինգարյանը` Newarmenia կայքում տպագրված հոդվածով:

Այսպիսով, եթե չի ստացվում ԵԱՀԿ Մինսկի ձեւաչափում համաձայնեցնելով Կասպերչիկի խմբի ընդլայնումն ու իրական մոնիտորինգը, ապա Հայաստանը հնարավորություն ունի քննարկումներ սկսել ԵՄ-ի հետ, թեկուզ միակողմանի կերպով սահմանային մոնիտորինգի առաքելություն իրակնացնելու շուրջ: Մեր տարածաշրջանում, իսկ մասնավորապես Վրաստանում, 2008-ից գործում է ԵՄ մոնիտորինգի առաքելությունը/European Union Monitoring Mission (EUMM).

Մոնիտորինգի այս առաքելությունը 200 մեքենաներով ու մի քանի հարյուր աշխատակցով շուրջօրյա մոնիտորինգի է ենթարկում վրաց-օսական եւ վրաց-աբխազական շփման գծերը: Գորիում, Զուգդիդիում, Մցխեթայում եւ Թբիլիսիում գրասենյակներ ունեցող EUMM-ը մշտադիտարկման միջոցով անկախ գնահատական է տալիս սահմանային զարգացումների վերաբերյալ:

Գաղափարը շրջանառել ենք դեռեւս 2015-ից եւ ապա 2016-ի ապրիլյան պատերազմից հետո: Գործընկերներից ոմանք պնդում էին, թե նման նախաձեռնությանը դեմ կլինեն ԵԱՀԿ համանախագահողներից որոշները, կամ` բոլորը: Այսուհանդերձ, ակնհայտ է, որ ԵԱՀԿ շրջանակներում մոնիտորինգը ոչ միայն արդյունավետ չէ (տարին 1-2 անգամ, մի քանի օրով ու մի քանի հոգով հակամարտության սահման չես վերահսկի), այլեւ` ըստ էության գոյություն չունի:

Այսպիսով, կախված նրանից, թե մոնիտորինգի ինչ իրական մեխանիզմ կառաջարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, ընդ որում հստակ ժամանակացույցով եւ մեխանիզմներով, Հայաստանը կարող է միակողմանի կերպով հենց օրինակ Բերդի տարածաշրջան հրավիրել EUMM-ի առաքելություն: Ընդ որում, առաքելության աշխատակազմի չափը, ներգրավման կերպը, գործառույթներն ու ժամանակացույցը Հայաստան-ԵՄ հարաբերությունների տիրույթում կարելի է սկսել քննարկել առանց որեւէ այլ կողմի, առավել եւս Ադրբեջանի հետ համաձայնեցման:

Նման առաքելության առկայությունը առաջին հերթին միջազգային հանրության համար առավել քան պարզ կդարձնի, թե ո՞վ է իրականում խախտում հրադադարի ռեժիմը, երկրորդ` կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների տեսանկյունից: Եվ վերջապես, սա կարող է ԵՄ-ն իրապես կառուցողական եւ ռեալ մանդատով ներգրավել հակամարտության կարգավորման գործընթացում, իհարկե` նախեւառաջ, դրա չափերը մեր ներսում համաձայնեցնելուց հետո»:

Նմանատիպ Հոդվածներ

«Ալ Ջազիրայի» որոշումն է եղել հենց Արսեն Խառատյանին հրավիրել բանավեճին. «Հրապարակ»

Սերինե

Անցյալի իրավաքաղաքական գնահատականը պետք է հեղափոխության ծննդյան վկայականը լինի. Ա. Խառատյան

Սերինե

«Ակնհայտ է, որ մեր հանրությունը ներելու մասին տեքստին դեռ պատրաստ չէ»․ Արսեն Խառատյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին