21 C
Yerevan
21 Հոկտեմբերի, 2020
107328 By Google Analytics 20.10.2020
Գլխավոր » Ի՞նչն է խոչընդոտում հրադադարի հաստատմանը
Գլխավոր Նորություններ

Ի՞նչն է խոչընդոտում հրադադարի հաստատմանը

Հոկտեմբերին 10-ին Մոսկվայում ստորագրված ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հայտարարության երկրորդ կետը ամենաանհասկանալին և խնդրահարույցն էր թվում: Ահավասիք, հենց այդ երկրորդ կետի` «Կրակի դադարեցման հստակ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ» չհամաձայնացնելու պատճառով է, որ զինադադար այդպես էլ չհաստատվեց: Ամենայն հավանականությամբ Մոսկվայում կողմերը չկարողացան պայմանավորվել, թե ինչպիսին կլինի զորքերի դիրքավորումը, մասնավորապես, Ջեբրայիլին և Հադրութին մերձ շրջաններում, այդ պատճառով էլ հոկտեմբերի  10-11-ին ողջ օրվա ընթացքում տեղի ունեցան թեև տեղային, միևնույն ժամանակ թեժ մարտեր, որոնք վերաճեցին այսօր արդեն շփման գծի ողջ երկայնքով ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների:

Մոսկովյան հանդիպման հենց հաջորդ օրվանից ՌԴ ԱԳ նախարարը պարբերաբար զրույցներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ, տեղի են ունենում այլ մակարդակի ակտիվ շփումներ, սակայն իրավիճակը արմատապես չի փոխվում:

Մոսկվայում ստորագրված փաստաթղթի երկրորդ կետից բացի, խնդրահարույց է նաև հաջորդը, որի շուրջ կա տարընթերցում. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման հիմնարար սկզբունքների հիման վրա ձեռնամուխ են լինելու առարկայական բանակցությունների` խաղաղ կարգավորմանը շուտափույթ հասնելու նպատակով»: Թեև «կարգավորման հիմնարար սկզբունքներ» ձևակերպումը այլ բանի, քան 2007թ. ներկայացված Մադրիդյան փաստաթղթից (կամ դրանից ածանցյալ՝ Կազանյան կամ, այսպես կոչված, «Լավրովի պլան» փաստաթղթերից)  այլ փաստաթղթի չի կարող վերաբերել, ոմանք փորձում եմ այն այնպես ներկայացնել, իբր խոսքը գնում է ԵԱՀԽ 1975թ. ընդունված Եզրափակիչ ակտի սկզբունքների մասին: Այնինչ դրանք ԵԱՀԽ (այսօր՝ ԵԱՀԿ) մասնակից պետությունների միջեւ հարաբերությունները ղեկավարող 10 սկզբունքներն են (ոչ թե կարգավորման սկզբունքներ), որոնցից երեքը՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքները  նշված են բոլոր փաստաթղթերում, որոնք վերաբերում են հակամարտության կարգավորմանը (դրանք կան նաև Մադրիդյանի նախաբանում): 

Վարչապետ Փաշինյանի երեկվա ուղերձը, կարծես, պարզություն մտցրեց, թե ինչի մասին է խոսքը: Մասնավորապես նա ասաց. «Մենք, հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը, ցանկանում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար»: Նաև շարունակեց. «Հայ ժողովուրդը այս իրավիճակում մեկ անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին եւ հասնել անշրջելի հաղթանակի, այն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման»:

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը նախատեսված է, մասնավորապես հենց Մադրիդյան փաստաթղթով: Դրա հենց առաջին հոդվածում ասվում է. «ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշվի պլեբիսցիտի միջոցով, որը ԼՂ բնակչությանը ընձեռում է կամքի ազատ և իրական արտահայտում:….. Պլեբիսցիտի ընթացքում հարցի կամ հարցերի ձևակերպման սահմանափակում չի լինելու և կարող է թույլ տալ յուրաքանչյուր կարգավիճակի հնարավորություն»:  

Համաձայնելով նման ձևակերպման` Ադրբեջանը անմիջապես ճանաչում է ԼՂ ժողովրդի ինքորոշվելու իրավունքը, քանի որ ընդունում է, որ ԼՂ կարգավիճակը պետք է ճշտվի ժողովրդի կողմից՝ կազմակերպվող քվեարկության՝ պլեբիսցիտի միջոցով: Թերևս ամբողջ խնդիրն այն է, որ Մադրիդյանից հետո կողմերին ներկայացված փաստաթղթերում արդեն պլեբիսցիտի ձևակերպումը հստակ չէր: Հենց այդ մասին էլ ազդարարեց վարչապետ Փաշինյանը իր ուղերձում: «Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում Ադրբեջանը քայլ առ քայլ հասել էր մի կետի, որտեղ, ըստ էության, հայ ժողովրդի առաջ, Ղարաբաղի հայության առաջ դնում էր սեփական իրավունքներից հրաժարվելու պահանջ:

Այդ պահանջի էությունը հետևյալն էր. անհապաղ Ադրբեջանին հանձնել 7 տարածքներից 5-ը, ներկայացնել մնացյալ 2 տարածքները հանձնելու կոնկրետ ժամանակացույց և արձանագրել, որ Լեռնային Ղարաբաղի որեւէ կարգավիճակ՝ պետք է լինի Ադրբեջանի կազմում: Ընդ որում, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը որևէ պատճառահետևանքային կապի մեջ չպիտի լիներ տարածքների հանձնման պրոցեսի հետ: Այսինքն, տարածքներ պիտի հանձնվեին ոչ թե կարգավիճակի, այլ խաղաղության դիմաց՝ հակառակ դեպքում Ադրբեջանը սպառնում էր պատերազմով լուծել հարցը:

Մեր կառավարությունը, որ բանակցային այս բազան ստացել էր որպես ժառանգություն, կամ ավելի ճիշտ՝ բանակցային եզրափակիչ հանգրվան, ըստ էության, հրաժարվեց նման ձեւով հարցի քննարկումից, որովհետև դա անընդունելի էր»:

Համադրելով նաև Ի.Ալիևի՝ վերջին օրերի մի քանի հարցազրույցները, ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի՝ երեկվա հանդիպումը ռուսաստանյան երեք լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, կարելի է եզրակացնել, որ այս փուլում, այսօր տեղի են ունենում քննարկումներ հենց այս հարցերի վերաբերյալ: Հայ զինվորը, մեր ժողովուրդը մարտի դաշտում պաշտպանում է մեր իրավունքը պնդելու արդար ու արժանապատիվ խաղաղության փաստաթուղթ: Այն չի կարող լինել այդպիսին, եթե մեզ պարտադրվի, և հաջողությունն էլ երաշխավորված կլինի, եթե ամուր ոտքի վրա դիմագրավելով թուրք-ադրբեջանական ագրեսիային, մենք կարողանանք պարտադրել մեր կամքը: Չկա և ոչ մի կասկած, որ հենց այդպես էլ լինելու է: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին