3 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116992 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » Ի՞նչ ասաց Դոնալդ Թրամփը
Այլ Լուրեր

Ի՞նչ ասաց Դոնալդ Թրամփը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում նախընտրական հանրահավաքի ժամանակ խոսել է Արցախի հարցի մասին։ Նա հակամարտությունը համարել է «թեթև դեպք»։ Այնուհետև ասել է, որ ինքը կարողացել է հաշտեցնել Կոսովոյին ու Սերբիային։

Նա ասել է, որ Օվալաձև կաբինետում նրանց հետ խոսել է այն մասին, թե ինչքան կարևոր է հաշտությունը։ Սերբիան ու Կոսովոն երկու տասնյակ տարի է, ինչ իրար վրա չեն կրակում։ Սերբիան ուղղակի չի հաշտվում այն մտքի հետ, որ Կոսովոն անկախ է։

Նրանք, որոնք տեղյակ են բալկանյան հակամարտությունից, գիտեն, որ Կոսովոն դեռ 90-ականներին անջատվել է Սերբիայից, ու նրա անկախությունը ճանաչել են տասնյակ երկրներ։ Չճանաչողներից մեկը Սերբիան է։ Նաև Ռուսաստանը։

Ուրեմն ինչի՞ մասին է խոսել Թրամփը։

Թրամփը խոսում է ոչ թե այն մասին, թե ով ինչ ստացավ, այլ` ում ինչ տվեց Ամերիկան: Թրամփը կարգավիճակի մասին չի խոսում, այլ՝ իր ջանքերի: Նա յուրաքանչյուրին ներկայացնում է հրադադարի դեպքում իր շահը: Եթե համոզում է, կրակը դադարեցնում են, հակամարտությունները սառում են: Թրամփը քաղաքական լուծումներից չի խոսում, այլ այն բանի մասին, որ բոլորին էլ փող է պետք: Փող է պետք և Կոսովոյին, և Սերբիային, փող է պետք Պաղեստինին: Սիրիան ի՞նչ է շահել Ամերիկայի միջամտությունից, դեռ պարզ չէ, փաստ է, որ «Իսլամական պետությունը» գոյություն չունի, որովհետև սիրիական նավթը դառնում էր անվերահսկելի:

Թրամփը հայերին բացատրելու ոչինչ չունի, ահա ինչու է այդքան մտերմիկ խոսում հայերի հետ: Հայերն ի՞նչ ունեն կորցնելու: Նրանք չեն փորձում գրավել Լեռնային Ղարաբաղը, այն արդեն իրենցն է, գրավելու կարիք ունեն Թուրքիան և Ադրբեջանը: Նրանց Թրամփը պետք է բացատրի իրենց շահը հրադադարի դեպքում: ԱՄՆ նախագահը քաղաքական լուծումները քամու բերանը տալով չի ներկայացնում, Օվալաձև կաբինետ ոչ մեկին չի հրավիրում, մեր Օվալաձև կաբինետը Մինսկի խումբն է: Դոնալդ Թրամփը մարդասիրական լուծումներից է խոսում, նա չի ասում` մենք ամեն ինչ կանենք ճանաչելու համար Արցախի անկախությունը: Գուցե Կոսովոյին, Պաղեստինին ու Սուդանին վկայակոչելով՝ նա անում է նման ակնարկներ, բայց ակնարկի համար նա պիտի խոսեր քաղաքական խոչընդոտներից: Պաղեստինն այսօր էլ լեզու չի գտնում Իսրայելի հետ։ Վկայակոչելով Կոսովոն, Եմենը, Սուդանը, Թրամփը խոսում է զուտ այն երկրների մասին, որտեղ իրար չեն հասկանում: Ինքը հանդես է գալիս որպես հասկացնող: Որովհետև մեկը պիտի հասկացնի: Ինքը հոր դերից է խոսում, որը երեխաներին պիտի բացատրի, թե ինչ կարելի է անել կռվելու փոխարեն: Առանձնացնելով հայերին այդ կռվում՝ ինքը, գուցե, ակնարկում է հայերի խիզախությունը, բայց ամենևին ոչ իրավացիությունը: Որովհետև դրա համար կա Մինսկի խումբ: Մարդը պիտի ականջներ շոյի և շոյում է:

Այո, ոչ մեկը հիացած չէ Թուրքիայի դերով, բայց քաղաքական լուծումների համար ուրիշ լսարան գոյություն ունի, որն ամենևին նման չէ Նյու Հեմփշիրի նախընտրական լսարանին: Կոսովոյի ու Սերբիայի առիթով նա ասում է. «Նրանք տարիներով իրար դեմ կռվել ու իրար սպանել են։ Իմ մարդկանց ասացի՝ նրանց ասե՛ք, որ պետք է համաձայնության գան, հակառակ դեպքում ոչ մեկի հետ էլ գործարք չենք կնքի։ Մեզ համար ծախս չէ։ Եվ գիտե՞ք ինչ, նրանք գրկախառնվեցին ու համբուրվեցին Օվալաձև աշխատասենյակում, և այնքան ուրախ էին»: Ինքը գիտի՞, որ հայերն ու թուրքերն ատում են իրար, գիտի՞, որ լուծումը անջատումն է հանուն փրկության: Եթե նույնիսկ գիտի, նա խոսում է փողի մասին, որը կտրում է այդ ատելությունը, նա խոսում է փողի մասին, որը հեշտացնում է երկխոսությունը: Նա գուցե խոսում է հակամարտության լուծման մասին, որտեղ առաջին տեղում այնպիսի ծրագրերն են, որոնք իրականացնելը կապ չունի քաղաքական լուծումների հետ: Նա ասում է` Ամերիկան փող չի դնի այնտեղ, որտեղ փամփուշտներ են աշխատում: Ու մենք սա պիտի հասկանանք, մեզնից առավել` Ադրբեջանը: Այնպես որ, Թրամփը հայերին ասաց այն, ինչ պիտի ասեր մեկին, որի լեզուն մյուսը չի հասկանում։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ նա նույն լեզվով չի խոսի։ Պետք է սպասել ու տեսնել, թե նրանց ինչ կասի։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Թրամփը հիասթափված է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտումից

Նատա Հարությունյան

ԱՄՆ նախագահը հայտարարել է ԼՂ հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի մասին

Նատա Հարությունյան

Թրամփը հայտնել է, որ մասնակցում է Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին