Գլխավոր » «Իմ երազանքի մայրաքաղաքը». հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակցեն քաղաքի զարգացմանը
Այլ Լուրեր

«Իմ երազանքի մայրաքաղաքը». հաշմանդամություն ունեցող անձինք պետք է մասնակցեն քաղաքի զարգացմանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ սկսում է իրազեկման միամսյակ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

««Ունիսոն» ՀԿ հետ համագործակցությամբ թողարկվել է «Իմ երազանքի մայրաքաղաքը» ծալաթերթիկը: Այստեղ ներկայացված են տարբեր տարիքի հաշմանդամություն ունեցող քաղաքացիների երազանքներն ու ցանկությունները: 

Տեղեկատվական թերթիկում գործնական խորհուրդներ են, օրինակ՝ ինչպե՞ս օգնել խաչմերուկը հատող տեսողական կամ լսողական խնդիրներ ունեցող անձանց: Կամ էլ՝ չկայանե՛լ մեքենաները թեքահարթակների դիմաց կամ հաշմանդամություն ունեցող անձանց մեքենաների համար նախատեսված հատվածներում: Կան նաև որոշ օգտակար խորհուրդներ շփման համար:

Քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, խոսելով ոլորտային խնդիրների և դրանց լուծման հնարավորությունների մասին, նշել է. «Միայն դեկտեմբերի 3-ին չէ, որ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները պետք է հայտնվեն ուշադրության կենտրոնում, այս օրը պետք է ամփոփել, թե ինչ է արվել տարվա ընթացքում: Այսօր քաղաքային իշխանությունը գտնում է, որ պետք է այդ խնդիրներին ցուցաբերել համակարգային մոտեցում, և այստեղ շատ կարևոր է նաև շահառուների մասնակցությունը»:

«Տարվա ընթացքում մենք դիմել էինք շուրջ 5 տասնյակ կազմակերպությունների՝ ներկայացնելու իրենց առաջարկներն ու դիտարկումները քաղաքային ծրագրերի վերաբերյալ: Ցավոք, քչերն արձագանքեցին: 2020թ. բյուջեում ներառված են թեքահարթակների կառուցման ծախսերը, նաև տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար մայթերին կտեղադրվեն ուղղորդող գոգավոր սալիկներ: Նախատեսում ենք նաև մարզադպրոցները համալրել անհրաժեշտ գույքով»,-իր հերթին նկատել է Երևանի ավագանու անդամ Սիփան Ասատրյանը:

Ընդգծելով վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքապետարանի նախաձեռնությամբ կյանքի կոչված ծրագրերի կարևորությունը՝ «Ունիսոն» ՀԿ նախագահ Արմեն Ալավերդյանն առանձնացրել է քաղաքի մատչելիությանն առնչվող մի քանի հիմնախնդիր: «Քաղաքում տեղաշարժվելն այսօր որոշակի առումով հարմարեցված է, սակայն դեռևս խնդիր է, օրինակ, մշակութային օջախներ այցելելը, առավել ևս, եթե պետք է ելույթ ունենալ այդտեղ: Դեռ շատ անելիքներ կան, և մենք, պատրաստ ենք մեր հերթին ներդրում ունենալ խնդիրների լուծման գործում»,- ասել է նա:

Հանդիպման մասնակից, հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների աջակցության «ՍՈՐՍ» հիմնադրամի ղեկավար Մարինա Պարազյանն իր հերթին նշել է անհատական օգնականների համակարգի ներդրման կարևորությունն ու անհրաժեշտությունը, նաև սոցիալական նշանակության փոխադրամիջոցների հնարավորությունը: Անդրադառնալով հասարակական տրանսպորտի մատչելիությանը՝ քաղաքապետի առաջին տեղակալը նշել է, որ բարեփոխումների ծրագրում հաշվի է առնվելու հաշմանդամության տարբեր խնդիրներով անձանց համար դրանց հարմարեցումը:

Հանդիպման մասնակիցները փաստեցին, որ խնդիրների վերհանումն ու լուծումը մեծապես կախված է շահառու կազմակերպությունների և անհատների՝ քաղաքային իշխանության հետ համագործակցությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին