15 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
106944 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Ինչո՞վ է վտանգավոր դադարը բանակցային գործընթացում
Գլխավոր Նորություններ

Ինչո՞վ է վտանգավոր դադարը բանակցային գործընթացում

Հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք ուղիղ առնչություն ունեն ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին:

Դրանցից կառանձնացնեինք Թուրքիայի և Ռուսաստանի ներգրավվածության, ակտիվության նշանակալի աճն այն աստիճան, որ կարծես մշակված ինչ-որ սցենարի մաս է կազմել: Խոսքը ամենևին վերացական կամ դավադրական պայմանավորվածությունների մասին չէ, այլ մի գործընթացի, որում նշվածս երկրները ներգրավվում են կոնկրետ, առարկայական քայլերով, նաև հասցեական հայտարարություններով:

Այսպես, ակտիվացան թուրք-ադբեջանական կապերը, որոնք արտահայտություն ստացան նաև Նախիջևանում կազմակերպված զորավարժություններով: Թուրքիայի ՊՆ նախարարը հայտարարեց, որ Թուրքիան իրեն այլևս հակամարտության կողմ է համարում: Տեղի ունեցան Հայաստանի դեմ ուղղված մի շարք հայտարարություններ:

Դրան զուգահեռ ակտիվացավ Մոսկվան, որն իր ռազմական գերատեսչության ակնհայտ հավասարակշռող քայլերով Թուրքիային զսպող գործողությունների շարք նախաձեռնեց տարածաշրջանում և, մասնավորապես, Հայաստանում: Հայտարարություններն, համատեղ զորավարժությունները, ակտիվ շփումներն ու զինամթերքի մատակարարումները Հայաստանի որոշ շրջանակներ ընկալեցին որպես աջակցության դրսևորում: Արտաքուստ դա այդպես էլ կա՝ Հայաստանին ցուցաբերած առարկայական աջակցությունը այլ կերպ չի էլ կարելի գնահատել: Այստեղ կա մի նրբություն, որը չարժի անտեսել. ՌԴ ԱԳ նախարարի կողմից հրապարակային հայտնած դժգոհությունը առ այն, որ Հայաստանում տեղի է ունենում քննություն Հարավ-Կովկասյան երկաթգծում, արագ հանգուցալուծվեց ՌԴ տրանսպորտի նախարարությունում օրերս ստորագրված երկկողմ հուշագրով, որն ազդարարեց խնդիրների կարգավորման մասին: Այս քայլն էլ հասկանալի է, և լրացուցիչ բացատրություների կարիք չունի: Ինչպես մեր երկաթգծում, այնպես էլ ռուսական կապիտալով այլ ձեռնարկություններում այսօր նման ստուգումները կրում են հերթապահ բնույթ՝ առանց հեռու գնացող հեռանկարի: Այդ հեռանկարի բացակայությունը խախտումների պակասը չի:

Այստեղ է, որ անհրաժեշտ է վերլուծել տարածաշրջանում ուժերի բալանսի ընթացող վերադասավորումների դինամիկան: Օգտվելով Թուրքիայի ուժի ցուցադրման գործողություններից, Ռուսաստանը կտրուկ ավելացնում է իր ներգրավվածությունը տարածաշրջանում: Մոսկվան տարածաշրջանի և ոչ միայն, բոլոր խաղացողներին հասկացնել է տալիս, թե ով է ամենաազդեցիկ դերակատարը և ում հետ է հարկավոր պայմանավորվել այս կամ այն հարցում որևէ առաջընթաց ունենալու համար: Իրականում դա համապատասխանում է այսօրվա իրողություններին՝ հենց Ռուսաստանն է հայ-ադրբեջանական հակամարտության գոտում ամենագործուն դերակատարը, որի ազդեցությունը վերջին երկու ամսում նույնիսկ ավելացավ: Ափսոս, որ դա չզուգակցվեց Հայաստանի և ՌԴ միջև քաղաքական մակարդակի ակտիվ շփումներով. կարելի է միայն վկայակոչել վարչապետ Փաշինյանի հանդիպումը արտաքին հարցերում մեծ դեր չունեցող ՌԴ վարչապետ Միշուստինի հետ և Հայաստանի ՊՆ Դավիթ Տոնոյանի հանդիպումները Մոսկվայում: Արտաքին քաղաքական գերատեսչությունը այս ընթացքում որևէ նախաձեռնությամբ, կարծես, աչքի չընկավ, չնայած նրան, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այց կատարեց Մոսկվա:

Ուժերի բալանսի հնարավոր փոփոխությունը, ամեն դեպքում, մարտահրավեր է: Ռուսաստանն ունի իր մոտեցումներն ու առաջնայնությունները: Մենք հակված չենք տեսնելու այդ առաջնայնությունների մեջ Հայաստանի անվտանգության մոտեցումների անտեսում, սակայն մարտավարական (ինչը Ռուսաստանի համար մարտավարական նշանակության հարց է, մեզանում կարող է շատ ավելի լուրջ՝ ռազմավարական հետևանքներ ունենալ) տեղաշարժերը չեն բացառվում:

Հաշվի առնելով ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերությունը, ինչի մասին ասաց Ս. Լավրովը՝ իր ադրբեջանական գործընկերոջ հետ օգոստոսի վերջին կայացած հանդիպմանը, կա որոշակի վտանգ, որ Բաքուն առանձին կամ Անկարայի հետ միասին, ինչ-ինչ առաջարկություն անի Մոսկվային: Տեսնելով ռազմի դաշտում իրավիճակի փոփոխություն գրանցելու անհնարինությունը (ինչը պայմանավորված է հայկական ԶՈՒ մարտունակության և պատրաստվածության կտրուկ բարձրացմամբ և ռազմական ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացմամբ), Բաքուն կարող է առաջ քաշել ռուս գործընկերներին սիրաշահելու նոր նախաձեռնություններ: Դա կարող է արտահայտվել թե ինտեգրացիոն նոր քայլերով/պատրաստակամությամբ, ևթե ածխաջրածինների փոխադրաման ուղիներից մեկի ռուսական ճանապարհների ընտրությամբ: Պետք է հաշվի առնել, որ ռուս-ադրբեջանական համագործակցության օրակարգը բավականին հագեցած է, ինչը լայն հնարավորություն է ընձեռում Ադրբեջանին Ռուսաստանի հետ համագործակցության խորացման ուղիների ընտրության հարցում: Նման առաջարկություն անելու հավանականությունը աճում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանի էլիտայի նկատմամբ ազդեցության աճին զուգահեռ: Ռուսաստանը նույնպես իր լրջագույն հաղթանակը կհամարեր Ադրբեջանի ներքաշումը իր կողմից հովանավարվող ինտեգրացիոն գործընթացներում: Նույնիսկ չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է սկսել ՌԴ-ի հետ քննարկումներ հակամարտության գոտում Ռուսաստանի ներկայության ավելացման ուղղությամբ:

Այս առումով ավելի քան կարևոր է վերականգնել բանակցային գործընթացը: Պետք է անել հնարավորը, որպեսզի այն ընթանա մեզ հարմար ուղղությամբ, Հայաստանը պետք է կարողանա ստանձնել նախաձեռնողի դերակատարություն բանակցային գործընթացում և ցուցադրել միջնորդներին առաջ շարժվելու ուղղությամբ իր տրամադրությունների լրջությունը: Հայաստանի նման կեցվածքով կբարձրացվի նաև տարածաշրջանային տարբեր նախաձեռնությունների նկատմամբ մեր վերահսկելիությունը:

Նմանատիպ Հոդվածներ

Կատարում վերսկսվել են բանակցությունները «Թալիբան»-ի եւ ամերիկացիների միջեւ

Աշխեն

ԱՄՆ-ը եւ ՉԺՀ-ն արդեն բանակցություններ են սկսել առեւտրական համաձայնագրի երկրորդ փուլի շուրջը

Աշխեն

Թրամփը հայտարարել է, որ իրեն չի հուզում՝ կգնա՞ արդյոք Իրանը բանակցությունների

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին