Գլխավոր » Ինչու Փաշինյանի կառավարությունը չի կարողանում «Նաիրիտի» համար ներդրող գտնել
Քաղաքականություն

Ինչու Փաշինյանի կառավարությունը չի կարողանում «Նաիրիտի» համար ներդրող գտնել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունը շարունակում է «Նաիրիտ» գործարանի համար ներդրողներ փնտրել։ NewArmenia.am-ի հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի հայկական կողմի անդամ Վարագ Սիսեռյանը հայտարարեց, որ ռուսական ընկերություններից մեկը հետաքրքրված է «Նաիրիտով», սակայն հրաժարվեց անուն նշել։ Ըստ նրա՝ հիմնական խնդիրը գործարանի կուտակած պարտավորություններն են։

«Այժմ որոշ աշխատանքներ կատարում ենք այն առումով, որ փորձում ենք հասկանալ՝ մոտավորապես ինչ պայմաններով կարող ենք հավանական ներդրողներին առաջարկ անել»,- ասաց Սիսեռյանը։

Արդեն տևական ժամանակ է, ինչ կառավարությունը ներդրողների համար պայմաններ է մշակում ու չի կարողանում ավարտին հասցնել, թե ի՞նչ է առաջարկելու նրանց։ Խնդիրն այն է, թե ում ուսերին են մնալու անցած տարիների ընթացքում գործարանի կուտակած պարտքերը։ Միանշանակ է, որ կառավարությունը չի ցանկանում ստանձնել այդ բեռի պատասխանատվությունը։ Իսկ գումարը քիչ չէ՝ շուրջ 100 մլն դոլար։ Դրանից մոտ 10 մլն դոլարը «Նաիրիտը» պարտք է ADB բանկին, 4 մլնը՝ ՀԷՑ-ին, 3.5 մլնը՝ «Գազպրոմ Արմենիային», իսկ մոտ 80 մլնը պետության պարտքն է՝ հարկեր, նվիրատվություններ, Երևանի ՋԷԿ-ի և «Նաիրիտ 2»-ի միջոցով վճարված աշխատավարձեր և այլն։

Եվ որ ամենակարևորն է, տարիներ շարունակ պետությունը մասնավորի փոխարեն է վճարել պարտքերը։ Թե ինչո՞ւ էին նախկին կառավարությունները՝ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի ու Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, պետական բյուջեից վճարում մասնավոր գործարանի աշխատակիցների աշխատավարձերը, այդպես էլ որևէ հիմնավորում չի հնչել։

2016թ-ին, հիշեցնենք, կառավարությունը 41 մլն դրամից ավելի վարկ էր տրամադրել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ին՝ «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձերի պարտքերը և վերջնահաշվարկները վճարելու համար։ Այդ վարկը 4 տարով էր և 2020-ին այն պետք է մարվի։ Նաիրիտցիների աշխատավարձի ընդհանուր պարտքը մարելու համար հատկացվել էր 6 մլրդ դրամ: Սակայն «Նաիրիտ 2»-ը որևէ գործունեություն չի ծավալում, Սերժ Սարգսյանի կառավարությունը դրա գույքը, նախքան իշխանափոխությունը՝ 2018 թ․ մարտին, հասցրեց վաճառել ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի եղբորորդուն, և այժմ «Նաիրիտ 2»-ում ընդամենը 3-4 մարդ է աշխատում։ «Նաիրիտ-2»-ը «Նաիրիտ» գործարանի սնանկության գործով գրանցված է որպես պարտատեր, սակայն սնանկության գործընթացն, ըստ էության, սառեցված է, և թե ինչպե՞ս է մարվելու այդ գումարը, հայտնի չէ։

Հայտնի է, որ չաշխատող «Նաիրիտում» աստղաբաշխական աշխատավարձեր էին վճարվում, օրինակ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրեն, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայր Աշոտ Սարգսյանն ամսական ստանում էր 3.5 մլն դրամ։

Ընդ որում՝ երբ «Նաիրիտ 2»-ը վերջնահաշվարկ էր վճարում գործարանի արդեն նախկին աշխատակիցներին, մեր տեղեկություններով, 30 հոգի համաձայնել է իր գումարների մի մասից հրաժարվել, այսինքն՝ չստանալ օրենքով հասանելի վարձատրությունը։ Նրանցից յուրաքանչյուրի գումարը, ըստ պաշտոնի կարգի, 13 ամսվա համար կազմել է 18-54 մլն դրամ՝ առանց հարկերի, և համամասնորեն՝ 3-20 մլն դրամի չափով չեն ստացել։ Այդ անձանցից մեկն այն ժամանակ ընկերության արտադրական տնօրեն, այժմ գործարանի ղեկավար Գրիգոր Մարգարյանն է, որի հասանելիքը 31 մլն էր, սակայն ստացել է 21 մլնը, իսկ 10 մլնը չի ստացել։ Թե ի՞նչ են եղել այդ գումարները, ո՞վ է տնօրինել դրանք, հայտնի չէ։

Սակայն այս ինքնակամ կամ պարտադրված «բարեգործությունը» վկայում է, որ մարդիկ իրենք էլ են ընդունել, որ աշխատավարձերն ուռճացված ու գերբարձր են եղել։ Հակառակ դեպքում «Նաիրիտի» կուտակած պարտքն այսօր ոչ թե 100 մլն կլիներ, այլ՝ 20-30 մլն։

Թե ինչ խարդավանք են բանեցրել նախորդ կառավարությունները, հարցի մի մասն է։ Այժմ առավել կարևոր է, թե ինչո՞ւ այսօրվա կառավարությունը չի շտապում բացահայտել դրանք ու պատասխանատվության ենթարկել մեղավորներին, փոխարենը՝ ուղիներ է փնտրում այդ պարտքը ներդրողներին փոխանցելու համար։  Թեև «Նաիրիտի» հետ կապված որոշ դրվագներով քրեական գործ հարուցված է, բայց որևէ առաջընթաց չկա։

Նաիրիտցիների համակարգող խմբի անդամները մեզ հայտնեցին, որ Վարագ Սիսեռյանն արդեն նույնիսկ չի էլ ընդունում իրենց և ուղարկում է աշխատակազմի անդամներից մեկի մոտ։ Էկոնոմիկայի նախարարությունից նաիրիտցիներին ասել են, թե «Նաիրիտն» իրենց խնդիրը չէ, իսկ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից ասում են, որ պարտքերը պետք է փակվեն։ Դրա հնարավոր ուղիներից մեկն էլ գործարանը վերջնականապես լուծարելն ու վաճառելն է, թեև որոշ գնահատականներով ընդամենը 30 մլն դոլար կստացվի այդ դեպքում, սակայն կառավարությունն առայժմ այդ քայլին էլ չի դիմում։

Կառավարությունից պատասխան ստանալու և կրկին «Նաիրիտի» վերագործակումը պահանջելու նպատակով նաիրիտցիները վաղն առավոտյան բողոքի ակցիա են իրականացնելու կառավարության շենքի առջև։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին